Երեւանի քաղաքային տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիներից կպահանջվի բարձրագույն կրթություն: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից: Բարձրագույն կրթություն չունեցաք՝ ավելի լավ է քաղաքային ավտոբուսներին ու տրոլեյբուսներին չմոտենաք: 2025թ. հունվարի 1-ից ձեզ կթալանեն հինգ րոպեում, ու չեք էլ հասցնի մարսել նախընթաց գիշերվա կերած-խմածը: Իսկ մինչ այդ, սիրելի երեւանցիներ, կարող եք սրտներիդ ուզածի չափ օգտվել Երեւանի քաղաքապետարանի շքեղ ավտոբուսներից, եթե ձեր գրպանում ունեք 100 դրամանոցներ: 50+50-ը չի անցնում, 200-ը, 500-ը, 1000-ը՝ նույնպես: Վարորդներին արգելվում է նոյեմբերի 1-ից ձեռք տալ ձեր փողերին, մանրել դրանք կամ սխալմամբ խառնել սեփական փողերին: 100 դրամանոցը պետք է գցեք ծակը, հասկացա՞ք, միայն ծակը: Հակառակ պարագայում կառաջանա կոռուպցիոն ռիսկ, ստվերային շրջանառություն, եւ դուք կհամարվեք կոռուպցիայի մասնակից: Ձեզ նույնիսկ կդատեն: Իսկ որպեսզի հետներդ կիլոգրամներով 100 դրամանոցներ չպտտեք, քաղաքապետարանն առաջարկում է հերթ կանգնել Telcell-ի սարքերի առաջ, ստանալ ձեր երազած QR «կոդ-կտրոնը» եւ դուխով նստել ավտոբուս: Նկատենք նաեւ, որ նոյեմբերի 1-ից վերանում է հարեւանի կամ ծանոթի համար տոմս առնելու հնամենի սովորությունը, եւ գործում է каждый сам за себя սկզբունքը:
Դե իսկ 2025թ. հունվարի 1-ից, ինչպես արդեն ասացի, Երեւանի քաղաքային տրանսպորտից օգտվել կարող են միայն բարձրագույն կրթություն ունեցողները, որոնք «Մաթեմատիկա» առարկայից ստացել են «բավարար» գնահատական: Հակառակ դեպքում, կրկնում եմ, Երեւանի քաղաքային իշխանությունները ձեզ կթալանեն 5 րոպեում: Չե՞ք հավատում… Հլա մի հատ ասեք՝ Ավինյան… Ասեք՝ Նիկոլ… Ասեք՝ ՔՊ… Հը՞, դեռ չե՞ք հավատում, որ ձեզ թալանելու են: Պողոս, հլա սա կարդա. «Միասնական տոմսային համակարգին անցնելու դեպքում փոխվելու է վճարման չափը, հունվարից գործելու են տարբեր փաթեթներ՝ 1 ամսվա, 90 օրվա, 365 օրվա համար։ 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ»:
Հիմա ինձ ասա, Պողոս ջան, ո՞ր փաթեթն ես նախընտրում: 30 օրվա՞նը: Շատ բարի: Իսկ հիմա քեզ պատկերացրու «Երեւան սիթիից» կամ քաղաքապետարանի կրպակներից տրանսպորտի համար միանվագ 8 հազար 800 դրամի տոմս առնելիս: Թոշակդ ինչքա՞ն է, Պողոս: 8 հազար 800 դրամ միանվագ պիտի վճարես, որ 30 օր կարողանաս օգտվել տրանսպորտից, օրը, եթե Ավանից իջնես Շրջանային եւ բարձրանաս Ավան, ամենահամեստ հաշվարկներով, 293 դրամ: Արդեն 93 դրամ տարան քեզնից, Պողոս, որովհետեւ դու մինչ այս վճարում էիր 200 դրամ: Մյուս փաթեթներն էլ առանձնապես մխիթարական չեն, հարգելի Պողոս: 90 օրվա համար միանվագ 23 հազար 600 դրամ պետք է վճարես (օրը՝ 262 դրամ), 365 օրվա համար՝ միանվագ 88 հազար դրամ (օրը՝ 241 դրամ): 30 օրում, Պողոս ախպեր, քեզնից տանում են 2 հազար 790 դրամ, 90 օրում՝ 5 հազար 580 դրամ, 365 օրում՝ 14 հազար 965 դրամ:
Հուսահատվել պետք չէ, հարգելի Պողոս: Ահավասիկ՝ Ավինյանը քո մասին էլ է մտածել: Գրել է, որ քաղաքացի Պողոսը վերը նշված միանվագ վճարումները կատարելուց հետո կարող է քաղաքային բոլոր տիպի տրանսպորտից օգտվել անսահմանափակ՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրո, երթուղային… Անսահմանափակ… Բա սա հրաշք չէ՞, Պողոս: Հացի ես գնում՝ տրանսպորտ նստիր, կանաչին մոռացա՞ր՝ տրոլեյբուսով գնա, Սաքոյի հետ նարդի՞ ես ուզում խաղալ, խնդրեմ՝ «Ման» ավտոբուսը, նստիր ու գնա… Պառավդ փաթե՞թ ունի, Պողոս, «խփիր» թեւիդ տակ ու տար քաղաքը ցույց տալու: Մաշտոցի վրա մի լավ սրճարան կա: Օպերայից նստեք «Ժոնգտոնգն» ու երկու կանգառից իջեք: Հետո կնստեք «Յուտոնքն» ու կգաք Շրջանային, որ այնտեղից 41 համարի «Ման» շքեղ ավտոբուսով հասնեք Ավան: Այսպես ահագին էժան կնստի քեզ վրա, Պողոս ջան: Էլ չեմ ասում, որ եթե տեղաշորդ գցես ավտոբուսում ու այնտեղ քնես, ավելի էժան կստացվի: Ավինյանն է ասել՝ անսահմանափակ: Հակառակ պարագայում, հարգելի Պողոս Վովաեւիչ, դու ռիսկի կդիմես եւ ավելի թանկ կվճարես: Ենթադրենք՝ 30 օրում դու տրանսպորտից օգտվում ես ոչ թե 30, այլ՝ 10 անգամ: Ասել է թե՝ միանվագ վճարած 8 հազար 800 դրամը բաժանում ես 10-ի՝ 880 դրամ: Մեկ անգամ ավտոբուս նստելդ 440 դրամ է ստացվում, Պողոս: Դե հիմա նույն եղանակով հաշվիր, թե որքան է թանկանում քո «երթեւեկությունն» 90 օրում կամ, առավել եւս, 365 օրում, եթե դու հանկարծ չկարողանաս «անսահմանափակ» օգտվել Ավինյանի մատուցած այդ ծառայությունից:
Եվ վերջում, իմ հպարտ Պողոս, որպեսզի ուղեղդ շատ չծանրաբեռնես այս թվերով, քեզ ավելի պարզ բացատրեմ, թե ինչ է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո: Պատկերացրու մի այսպիսի իրավիճակ՝ դու քեզ համար տանը նստած, մեկ էլ Ավինյանը քեզ թալանում է: Իսկ չթալանվելու մի ձեւ կա միայն՝ փաթեթ չգնել: Հացի ու կանաչու համար ոտքով գնա խանութ, նարդի՞ ես ուզում խաղալ՝ հեռավար խաղա, պառավդ ուզում է Երեւա՞նը տեսնել՝ հիշողություններով խաբիր… Հա, Շրջանային անհետաձգելի գո՞րծ ունես՝ ոտով իջիր, լավ «սպուսկ» ա: Հետ գալը մի քիչ դժվար կլինի, բայց դրա լուծումն էլ կա: 2025թ. հունվարի 1-ից ավտոբուսի վարորդի տանձին էլ չի լինելու՝ Պողոսը փողը տվել է, թե չի տվել… Հասնում ես քո կանգառն ու… Թռնում: Սրանք մինչեւ տուռնիկետ դնեն, ավտոբուս վերասարքավորեն, մի քանի հատ 365 օր կտեւի: