Տեղեկացանք, որ երեկ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Շահնազարյանը ազատման դիմում է ներկայացրել։ Նրան աշխատանքից ազատման դիմում են պարտադրել լուսաղբյուրցիները։ Թեև Շահնազարյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ չպատասխանեց հեռախոսազանգերին, գյուղացիներից պատմեցին, որ մոտ 3 ամիս է` դպրոցի մթնոլորտը թեժացած է։ Նրանց խոսքով` դպրոցի տնտեսվարի դուստրը, որը սովորում է նույն դպրոցում, հորը բողոքել է դասարանի տղաների պահվածքից, թե իր հետ անհամ կատակ են արել։ Տնտեսվարն էլ տղաներին իր ձևով դաս է տվել։
«Մի կաթիլ մեղրի պատմությունը, դա երեխեքին էր կպել, նրանց տերերն էլ թուր-թվանք առան, ստիպեցին տնօրենին՝ տնտեսվարին գործից հանեց, նա էլ դրան հանեց, տեղը կնոջը բերեց, մի խոսքով՝ թշնամությունն ընկավ տնօրենի ու ծնողների մեջ, երեխեքը կարգին դասի չէին նստում»,- մեզ պատմեց գյուղացիներից մեկը։
Ուշագրավ է, որ Շիրակի մարզպետարանը կատարվածի վերաբերյալ բացատրություն չունի, միայն փոխանցեցին, որ Անահիտ Շահնազարյանը սեփական դիմումի համաձայն երեկվանից աշխատանքից ազատված է, տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրեն Գայանե Թումանյանը։
Նշենք, որ Անահիտ Շահնազարյանը Գյումրիից է և աշխատանքի ամեն օր մարզկենտրոնից էր գնում։