Այսօր հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության օրը, Գյումրիում մեծանուն Հայի՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված հիշատակի համերգի ժամանակ պետք է ելույթ ունենային նաեւ ՀԱԵ Տավուշի թեմի երգչախմբի երեխաները։ Սակայն Հայաստանի գործող իշխանությունները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ ոմն Դանիել Դանիելյանի ձեռքով, փոխում են համերգի ժամն ու դրա արդյունքում տավուշցի երեխաները համերգին ելույթի հնարավորությունից զրկվում են։ Ավելին, մինչ տավուշցի երեխաները կհասնեին Գյումրի, համերգը արդեն վերջացած է լինում իսկ բեմն էլ քանդված-տարված։ Ինչեւէ՝ հերթական տհաճ դեպքը՝ իշխանությունների կատարմամբ։
Մայիսի 28-ին Սարդարապատի համալիր Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի եւ նրան ուղեկցող շքախմբի մուտքը խոչընդոտելուց եւ դրա առնչությամբ հասարակական դատապարտումից հետո, գոնե առողջ բանականությունը հուշում է, որ իշխանությունները պետք է անդրադարձ ունենային եւ իրենց գործելաոճը փոխեին՝ գոնե հանուն իրենց իսկ վարկանիշի մնացորդների պահպանման։ Սակայն պարզվում է, ոչ միայն չեն փոխել, այլ նաեւ՝ ավելի են խորացրել։ Ասել է, թե՝ ավելորդ հույսեր էին։ Մինչդեռ, մի քանի դիտարկում, որոնք հատկապես իշխանական թիմի եւ նրանց սպասարկուների համար պետք է, որ օգտակար լինեն
• Տեղի ունեցած միջադեպերից հետո, սկսած Սարդարապատի համալիր Կաթողիկոսի մուտքի խոչընդոտումից, մինչեւ տավուշցի երեխաների հանդեպ հունիսմեկյան դատապարտելի վերաբերմունքը, ցույց է տալիս, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ թե քաղաքական, այլ մարդկային ինքնության ճգնաժամի մեջ են, հանգամանք, որ շատ ավելի ծանր ախտորոշում է, քան քաղաքական կամ գաղափարական կամ որեւէ այլ ճգնաժամ։
• Սա նշանակում է, որ կամաց-կամաց Հայաստանի գործող իշխանությունները, անկած մեդիաքարոզչական ծխածածկույթից, կորցնում են իրենց մարդկային դեմքն ու նկարագիրը եւ աստիճանաբար նմանվում չմարդու։ Երեխաները ոչ մի մեղք չունեն եւ Շառլ Ազնավուրի հիշատակն էլ այն առիթը չէր, որի վրա իշխանությունները որոշեին իրենց փոքրոգության ներկայացումները խաղարկել
• Զուտ մարդկային հոգեբանական առումով տեղի ունեցած միջադեպերը որոնց մասին արդեն նշել ենք, աշխատում են հենց իշխանությունների դեմ։ Շատ մարդիկ, որոնք մինչ վերջին տասը օրերը եթե նույնիսկ ունեին որոշակի վերապահումներ Սրբազան Պայքարի շարժման առնչությամբ, հիմա արդեն իշխանությունների փոքրոգությունը տեսնելով, կամա թե ակամա արդեն իրենց մոտեցումներում սրբագրում են մտցնում եւ սկսում համակրել Սրբազան Պայքարին։
• Փաշինյանն ու նրա թիմակիցները հերթական անգամ մեծ ու կոպիտ սխալ թույլ տվեցին։ Առաջին անգամ մարդկանց կրոնական ապրումները ոնտահարող, վիրավորող գործողություն իրենց թույլ տվեցին, երկրորդ անգամ երեխաների հանդեպ անբարոյական վերաբերմունք ցույց տվեցին։ Երեխաները մեզ՝ հայերիս, հայ տեսակի համար սրբություն են ու երեխաների հանդեպ անբարոյական վերաբերմունք ցուցաբերելը պակաս սրբապղծություն չի ընկալվում, քան կրոնական ապրումների վիրավորումը։
• Ակամա մարդ հիշում է լատիներեն հայտնի խոսքը, թե «Նրան, ում Աստված որոշել է կործանել, նախ զրկում է ողջամտությունից /կամ բանականությունից/»։