Հասարակություն

Հոգեւորական ծեծելն ընդամենը մոտալուտ «վերջի» մասին է խոսում

Հոգեւորական ծեծելն ընդամենը մոտալուտ «վերջի» մասին է խոսում

Նախօրեին հայտնի դարձան մանրամասներ, թե ինչպես են ուժայինները ծեծի ենթարկել հոգեւորականներին՝ այն սարկավագներին, որոնք Բագրատ սրբազանի հետ եղել են ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած ցույցին։ Մի կողմ ենք թողնում հարցի բարոյական եւ պատմական համեմատականներ անցկացնելու ասպեկտները։ Բոլորին էլ թերեւս հասկանալի է, որ հայ հոգեւորականներին ծեծի են ենթարկել մե՛կ բոլշեւիկները՝ անցյալ դարի 30-ականների ռեպրեսիաների ժամանակ, երբ խորհրդային հատուկ ծառայությունների կողմից խեղդամահ արվեց նաեւ Խորեն Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը, մե՛կ էլ թերեւս Թուրքիայում՝ Օսմանյան կայսրության ժամանակներում։

Անդրադառնանք այլ հարցի։ Հոգեւորականներին ծեծելով ինչի են ուզում հասնել փաշինյանական իշխանության ներկայացուցիչները։ Դժվար է ասել, թե իշխանության ներսում ինչպես են մտածում, սակայն ասել, որ նրանք գաղափար ունեն կրոնից ու հատկապես քրիստոնեությունից, նշանակում է ստել, որովհետեւ փաշինյանական թիմում առհասարակ ո՛չ կրոնից, ո՛չ քրիստոնեությունից գաղափար ունեցող չկա։ Քրիստոնեությունը նաեւ ընդհուպ մահվան գնով սեփական համոզմունքներին հաստատակամ մնալու կամ նահատակության պատրաստ մարդկանց կրոնն է։ Այն, որ ներկայիս աշխարհում ընկալումները փոխվել են, եւ ըստ այդ փոփոխված ընկալումների է փորձ արվում ներկայացնել քրիստոնեությունը, դեռ չի նշանակում, թե դա է իրականությունը։ Քրիստոնեությունը միայն կնունք, պսակ ու թաղում չէ կամ էլ տերտերին տրված աջահամբույր, ոչ էլ «Բենթլին», մոմավաճառությունն ու հարկման սպառնալիքը։ Քրիստոնեության հիմքն այդ կրոնի հիմնադիրն է՝ Հիսուս Քրիստոսը, իր ողջ կերպարով։ Իսկ այդ կերպարն առաջին հերթին հանուն իր դավանած սկզբունքների, հանուն իր քարոզած արժեքների, հանուն իր մղած պայքարի մեռնելու պատրաստակամությունն է։

Որեւէ հոգեւորականի համար սա իդեալ է, որին պարտավոր է հասնել։ Կհասնի կամ ոչ՝ դա այլ հարց է։ Սակայն այդ իդեալը միշտ կա եւ մնալու է այնքան, որքան որ լինելու է եւ կա քրիստոնեությունը։ Հետեւաբար, հույս ունենալ, որ ծեծելով, բռնություն կիրառելով, ձերբակալելու կամ բանտարկելու սպառնալիքով կարելի է հայ հոգեւորականի վախեցնել, որ հետ կանգնի իր պայքարից, իր համոզմունքներից, իր արժեքներից, առնվազն ծիծաղելի է։ Թող ներվի այս պատմական օրինակը բերելու համար, բայց ժամանակին Հռոմեական կայսրությունում որքան խստացվում էին հալածանքները քրիստոնյաների եւ հոգեւորականների հանդեպ, այնքան քրիստոնեությունն ավելի տարածվում էր, նորանոր հանրային շերտերում արմատակալում, եւ արդյունքը եղավ այն, որ նահատակության չորս դարերից հետո այն դարձավ համընդհանուր կրոն ողջ կայսրության համար։ Այս ամենը նկատի ունենալով՝ գործող իշխանությունների համար թերեւս օգտակար կլինի մի փոքր կարդալ եւ հասկանալ քրիստոնեության էության մասին, հակառակ դեպքում, ինչպես ժամանակին դասականն է ասել, նույնպես եւ այստեղ, այլաբանական իմաստով տեղին է մեջբերել հետեւյալ խոսքը․ «Նահատակների արյունը եղան սերմերը եկեղեցու տարածման, որոնք, ի վերջո, պտղաբերեցին մեկի դեմ 30, մեկի դեմ 60 կամ 100»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image