Քաղաքականություն

«Հրապարակ»․ ԶԼՄ-ների դեմ պատերազմը շարունակվում է՝ այս անգամ նոր գործիքակազմով

«Հրապարակ»․ ԶԼՄ-ների դեմ պատերազմը շարունակվում է՝ այս անգամ նոր գործիքակազմով

Օրվա իշխանությունների՝  գործող անկախ լրատվամիջոցներին հայտարարած անզիջում պատերազմը շարունակվում է, թիրախում կրկին ԶԼՄ-ներն ու լրագրողներն են։ Իշխանությունների համար անցանկալի, բայց փորձառու ու բանիմաց դատավորների, փաստաբանների եւ այլ համայնքների հետ մեկտեղ, իշխանությունները փորձում են ազատվել նաեւ իրենց քննադատող լրատվամիջոցներից ու դաշտը թողնել միայն «civic»-ներին ու «media.am»-ներին, որպեսզի կարողանան կանխել իրենց նկատմամբ քննադատությունը եւ անզուսպ պրոիշխանական քարոզչություն իրականացնել։
Մեր ձեռքի տակ է հայտնվել արդարադատության նախարարության կողմից մշակված մի հայեցակարգ՝ կապված «ԶԼՄ ինքնակարգավորման» հետ։

«ԶԼՄ ինքնակարգավորում» տերմինն ինքնին հուշում է, որ խոսքը լրատվամիջոցների կողմից իրենց աշխատանքը կանոնակարգելու, իրենց համար էթիկական եւ աշխատանքային կանոններ սահմանելու մասին է, իսկ այն ամենը, ինչը դուրս է դրանից, վաղուց կարգավորված է օրենքով, սակայն «հայեցակարգի» հեղինակներն այդ հայեցակարգով խելագարությանը մոտ մի մոտեցում են առաջ քաշել՝ առաջարկելով ԶԼՄ ինքնակարգավորումն օրենսդրական կարգավորումների ենթարկել, այսինքն՝ ԶԼՄ-ներին անցկացնել իրենց թրի տակով, դարձնել իշխանություններից ու նրանց հետ սերտ համագործակցող սորոսական ՀԿ-ներից կախյալ։ Եվ այսպես․ ի՞նչ են առաջարկում հայեցակարգի հեղինակները․ նախ՝ առաջարկում են փոփոխության ենթարկել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որը սահմանում է «Զանգվածային լրատվության միջոց» հասկացությունը, այսինքն՝ օրենքը պարզաբանում է, թե ինչ նկատի ունի լրատվամիջոց ասելով։ Հայեցակարգի հեղինակներն առաջարկում են օրենքում ավելացնել նաեւ «ԶԼՄ ինքնակարգավորման մարմնին պարտադիր անդամակցելու» վերաբերյալ դրույթ, ասել կուզե՝ այն լրատվամիջոցը, որը չի անդամակցի որեւէ ինքնակարգավորման մարմնի, ուրեմն օրենքի իմաստով չի համարվի լրատվամիջոց, ուստի չի օգտվի այն օրենսդրական արտոնություններից, որոնք սահմանված են ներպետական եւ միջազգային իրավական ակտերով։

Նշենք, որ Հայաստանում գործող ԶԼՄ ինքնակարգավորման մարմին է համարվում Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը, որի կազմում ներառված են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Աշոտ Մելիքյանը, Բորիս Նավասարդյանը, Նունե Սարգսյանը, Գեղամ Վարդանյանը եւ այլք։ Մարդիկ, որոնք ոչ այնքան ազատ խոսքի եւ մամուլի շահերն են պաշտպանում, որքան աջակցում են իշխանություններին՝ սահմանափակելու ԶԼՄ-ների ազատությունը։ Նունե Սարգսյանն ու Գեղամ Վարդանյանը, ի դեպ, այն անձինք են, որոնք արգելափակում էին Հայաստանում գործող հեղինակավոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը՝ այդպիսով ֆինանսական  ու բարոյական մեծ վնաս հասցնելով այդ ԶԼՄ-ներին ու դրանց ընթերցողներին։

Ի դեպ, ձեւի համար նշել են, որ կարելի է նաեւ ինքնակարգավորման այլ մարմին հիմնել, սակայն այդ մարմնին պետք է անդամակցի առնվազն 70 լրատվամիջոց։ Այսինքն՝ ԶԼՄ-ները պետք է ընկնեն, այլ լրատվամիջոցների հետ բանակցեն, համոզեն, որ 70 լրատվամիջոց միանա, եւ ստեղծեն ինքնակարգավորման մարմին, որպեսզի չանցնեն Գեղամ Վարդանյանի կամ Աշոտ Մելիքյանի թրի տակով եւ չդառնան նրանց ենթակայությամբ գործող լրատվամիջոցներ։

Սակայն սա դեռ ամենը չէ, ավելի ճիշտ՝ սա չարյաց փոքրագույնն է այն բանի համեմատ, ինչ առաջարկում են այս հայեցակարգի հեղինակները։ Վերջիններս նաեւ ցանկանում են փլուզել լրագրողական աղբյուրների պաշտպանվածության համակարգը, որը ողջ աշխարհում ճիշտ հակառակ ուղղությամբ է ընթանում։ Միջազգային հանրությունը նոր հորիզոններ է նվաճում անանուն աղբյուրների եւ այլընտրանքային ինֆորմացիա ընթերցողին հասցնելու ուղղությամբ։ Նույնիսկ արդեն մտածում են հատուկ պաշտպանություն տրամադրել լրագրողներին, որպեսզի լրագրողներին հետեւելու, նրանց բնակարաններն ու աշխատավայրերը խուզարկելու լրացուցիչ արգելքներ սահմանեն ժողովրդավարական երկրներում, որ լրագրողներն ավելի համարձակ գործեն։ Իսկ Հայաստանում այդ երկրների տված գրանտներից սնվողներն ու մամուլից իշխանության հասած անձինք առաջարկում են աղբյուրի պաշտպանության իրավունք տրամադրել միայն այն լրատվամիջոցներին, որոնք կանդամակցեն էթիկայի դիտորդ մարմնին։

Այսպիսի բան հայեցակարգի հեղինակների մտքով անցել է այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ 1234 որոշմամբ լրագրողական աղբյուրի բացահայտման շատ նեղ հնարավորություն է սահմանել՝ հաշվի առնելով, որ անանուն աղբյուրները ԶԼՄ-ների համար անչափ կարեւոր են, իսկ ԱՄՆ-ում նույնիսկ պաշտպանվում են սովորական քաղաքացու հայտնած տեղեկության աղբյուրները, եթե այդ քաղաքացին այդ պահին գործել է որպես լրագրող։

Մենք արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ովքեր են այս հայեցակարգի հեղինակները, սակայն մեզ հայտնեցին, որ սա անցած տարվա հայեցակարգ է, այժմ նորի վրա են աշխատում, սակայն, դատելով այս հայեցակարգում տեղ գտած առաջարկներից ու դրանց հեղինակների իրավամտածողությունից, կարելի է ենթադրել, որ հաջորդը կարող է ավելի սարսափելի լինել։
Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել՝ այնուամենայնիվ, մեզ հետաքրքրում է, թե ովքեր են մշակել այս հայեցակարգը, խոսքի ազատությունն այսքան ատող մարդկանց ցանկում ինչ անուններ են, սակայն մեզ փոխանցեցին միայն, որ ոլորտի ՀԿ-ներն ու նախարարությունը համատեղ են մշակել, իսկ «ոլորտի ՀԿ-ներ» են համարվում, օրինակ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որի ղեկավարն Աշոտ Մելիքյանն է։ Այդպիսի ՀԿ է նաեւ Մեդիանախաձեռնությունների կենտրոնը, որի ղեկավարները Նունե Սարգսյանն ու Գեղամ Վարդանյանն են։ Այդպիսի ՀԿ է «Գյումրու Ասպարեզ ակումբը», որի ղեկավարը Լեւոն Բարսեղյանն է, ով ատում է ազատ լրատվամիջոցներին եւ առիթը բաց չի թողնում հայհոյանքներ հղելու նրանց հասցեին։  Արձանագրենք, որ Հայաստանում ձեւավորվել է նախկին քաղհասարակության որոշ ներկայացուցիչներից կազմված թիմ, որն ակտիվորեն աջակցում է իշխանություններին՝ լրատվամիջոցներին ճնշելու, ազատ խոսքը ոչնչացնելու արատավոր գործընթացն ավարտին հասցնելու հարցում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image