Միջազգային իրավական հարցերով արդեն նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը երախտագիտություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին ու հեռացավ պաշտոնից։ Կիրակոսյանի հեռանալու մտադրության մասին մեզ հայտնի էր դեռեւս ամիսներ առաջ։ Նա վերջին անգամ դեկտեմբերի 9-ին էր ասուլիս տվել, սակայն հրաժարվել էր մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ կմեկնաբանեմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ»,-ասել էր նա:
Սկզբում Բաքուն պահանջեց միջազգային ատյաններից հայցերը հետ կանչել, Փաշինյանն էլ ինչպես միշտ որոշեց գործարքի գնալ Ալիեւի հետ։ Մենք գրել էինք, որ Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու մոտեցմանը եւ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ «Հրապարակը» բազմիցս Կիրակոսյանից փորձել է ճշտել, բայց վերջինս չէր ցանկանում մեկնաբանել։ Պաշտոնական մակարդակով դեռեւս որեւէ տեղեկություն չկա, թե ի՞նչ բանակցություններ են գնում՝ հայցերը հետ կանչելու վերաբերյալ, արդյո՞ք Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչել եւ դա վերաբերելու է միայն պետության կողմից ներկայացված հայցերին, թե նաեւ` անհատների։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը, որպես պետություն, Ադրբեջանի դեմ 4 գանգատ ունի։ Մնացած գանգատների տերը մասնավոր անձինք են, եւ Փաշինյանն ու Ալիեւը չեն կարող բանակցել՝ դրանք հետ կանչելու վերաբերյալ։ «Չորս գանգատ կա Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանն էլ գանգատներ ունի Հայաստանի դեմ։ Հայաստանը գանգատ ուներ նաեւ Թուրքիայի դեմ, այդ գանգատը հետ է վերցրել։ Միայն դրանք կարող են դառնալ երկու պետությունների միջեւ բանակցությունների առարկա։ Անհատական գանգատները, որոնք ՄԻԵԴ-ում ներկայացնում ենք ես, Սիրանույշ Սահակյանը, եւ այլ իրավապաշտպաններ, չեն կարող երկու պետությունների ղեկավարների համար քննարկման թեմա դառնալ։ Այդ գանգատների տերը մեր վստահորդներն են, եւ միայն նրանք կարող են որոշել՝ հետ կանչել, թե ոչ։ Մեր վստահորդները նման մտադրություն չունեն»,-շեշտեց Զեյնալյանը։
Այդ գանգատները վերաբերում են անհետ կորածներին, գլխատվածներին, սպանվածներին, գերության մեջ գտնողներին, բռնի անհետացածներին, սեփականության իրավունքի խախտման դեպքերին, անձնական կյանքի իրավունքի խախտման զոհերին, խոշտանգվածներին։ Զեյնալյանի խոսքով՝ տասնյակ գործեր կան, եւ որեւէ պետություն չի կարող բանակցել իր քաղաքացիների գանգատները հետ կանչելու համար։
Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստվում է հետ կանչել իր գանգատները, առհասարակ որեւէ բան պատրաստվո՞մ է զիջել, Արտակ Զեյնալյանն ասում է՝ որեւէ մեկն այդ մասին չգիտի, անգամ չգիտեն, թե այդ հարցերը բանակցությունների ի՞նչ փուլում են գտնվում։ «Մենք չգիտենք, թե Հայաստանն ու Ադրբեջանը սրա վերաբերյալ ինչ են բանակցում։ Հայցերը հետ քաշելու որոշումը ինչի՞ն է վերաբերում՝ Եվրոպակա՞ն դատարանին, արդարադատության միջազգայի՞ն դատարանին, արբիտրաժայի՞ն դատարաններին, մենք դա էլ չգիտենք»,-նշեց նա։
Անդրադառնալով՝ հայցերը հետ կանչելու Փաշինյանի որոշմանը՝ իրավապաշտպանն ասաց, որ միջպետական հարաբերություններում կարող են նաեւ բանակցության թեմա դառնալ միմյանց դեմ ներկայացված հայցերը, եւ դատարաններն այդպիսի հնարավորություն տալիս են։
«Եթե Հայաստանը հրաժարվում է այդ հայցերից, ապա ի՞նչ պետք է դրա դիմաց ստանա, ի՞նչ երաշխիքներ, եւ ինչի՞ց է հրաժարվում Ադրբեջանը։ Այս հարցերի պատասխանները մենք չգիտենք։ Իրավական ճակատում մենք շատ ուժեղ ենք, դա կարող եք տեսնել Եվրոպական դատարանի վճիռներում, շատ գործերում ես ընդգրկված եմ որպես ներկայացուցիչ։ Ես տեսնում եմ նաեւ այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտնում Եվրոպական դատարանի վճիռներում, բայց ես հարաբերվում եմ դրանց հետ, դրանք իմ ձեռքի տակով անցնում են»,-ասաց նա։
Խոսելով Եղիշե Կիրակոսյանի պաշտոնանկության մասին՝ ասաց, որ ինքն էլ պատճառը չգիտի, պաշտոնական որեւէ բացատրություն չի լսել։ «Եղիշե Կիրակոսյանի իրավունքն է, բայց պետք է ասել, որ նա միջազգային ասպարեզներում Հայաստանի տարած հաղթանակները Կիրակոսյանի շնորհիվ է, եւ մենք պետք է շնորհակալ լինենք նրանք»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Կիրակոսյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ 2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։
Դեռեւս հայտնի չէ, թե ով է փոխարինելու Եղիշե Կիրակոսյանին, եւ արդյո՞ք Հայաստանը մտադիր է շարունակել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում պայքարը։