Ինչպես հայտնի է, կարգալույծ արված նախկին քահանան առաջիկա կիրակի կրկին պատարագ է մատուցելու բռնազավթված Հովհաննավանքում: Անօրինական պատարագ: Արդարացնելով կարգալույծ արված քահանայի կողմից ապօրինություն գործելը՝ գործող իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջինս եկեղեցու սպասավոր է, որովհետև, նրանց ասելով, քահանային կարգալույծ արած կաթողիկոսն ինքն է կարգալույծ արված: Իսկ թե ով է կաթողիկոսին կարգալույծ արել՝ դա մնաց անպատասխան: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ընդամենն ասվեց, որ դա տեղի է ունեցել «կուսակրոնության ուխտը դրժելու փաստի բերումով»: Ինչն, իհարկե, անհիմն մեկնաբանություն է: Տվյալ դեպքում կարևորն այն է, որ այդպես է որոշել երբեմնի «դուխով» Նիկոլը: Նա, ով ժողովրդի աչքում վաղուց վերածվել է «խեղճ հարիֆի», չնայած իշխանական միջանցքներում նրան շարունակում են մեծարել որպես «մեծարգո վարչապետի»:
Որպես ՀՀ օրինապահ քաղաքացի՝ առաջարկում եմ շարժվել պաշտոնական տրամաբանությամբ եւ նույն երևույթը տարածել վարչապետի կարգավիճակի վրա: Որովհետև եթե պաշտոնապես կարգալույծ արված քահանան, ըստ այդ տրամաբանության, շարունակում է մնալ եկեղեցու համապատասխան սպասավոր, ապա ինչո՞ւ չի կարող նախկին վարչապետներից որևէ մեկը մնալ պետության համապատասխան պաշտոնյան: Այսինքն, եթե կարգալույծ արված քահանան, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, պահպանում է իր հոգևոր կարգավիճակը, ապա Հայաստանի նախագահներից որևէ մեկի կողմից ժամանակին պաշտոնանկ արված վարչապետն էլ պետք է իրավունք ունենա պահպանելու իր կարգավիճակը: Փաշինյան Նիկոլն է, չէ՞, պնդում, որ նախկին նախագահները լեգիտիմություն չեն ունեցել՝ ընտրախախտումներով պայմանավորված: Իսկ նման նախագահների կողմից որևէ մեկին վարչապետ նշանակելը, կաթողիկոսի որոշման նկատմամբ վերաբերմունքի նմանությամբ, ընդունելի է, սակայն նրանց կողմից պաշտոնից արձակումը՝ ոչ:
Ենթադրում եմ, որ եթե կյանքի կոչվի իմ այդ առաջարկը, ապա հայաստանցիներս իրավունք կունենանք հայտարարելու, որ վերաիմաստավորել ենք «Մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ» թևավոր խոսքը: Մավրի մասին հիշելով, չգիտես ինչու, որոշեցի դիմել Գուգլի օգնությանը՝ չնայած վստահ էի, որ արտահայտությունը հնչել է շեքսպիրյան Օթելլոյի շուրթերից: Բայց պարզվում է, որ դա այդպես չէ: Այն պատկանում է գերմանացի բանաստեղծ, պատմաբան, դրամատուրգ, փիլիսոփա Ֆրիրիխ Շիլլերի (1795-1805) գրչին: Եվ առաջին անգամ հնչել է նրա գրած՝ «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» պիեսում:
Ինչևէ, ներկայացնեմ թևավոր խոսքը վերաիմաստավորելու հիմնավորումը: 2018-ի գարնանը փողոցի բռնի ուժով Ազգային Ժողովում վարչապետ կարգվելով՝ շուրջ 5 ամիս անց «դուխով» Նիկոլը նախաձեռնեց գիշերային հարձակում նույն այդ պետական կառույցի վրա: Ու հետագա քայլերով ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությանը ստիպեց, որպեսզի վեցերորդ գումարման ԱԺ-ն արձակվի: Եվ եթե մենք այդ գումարման՝ մինչև 2018-ի մայիսի 8-ը իշխանություն կազմող խմբակցությանը դիտարկենք որպես մեկ միավոր, ապա կարող ենք ասել, որ այն մավրի նման արեց իր սև գործը և արդեն կարող էր հեռանալ: Հասկանալի է, որ, նույն տրամաբանությամբ շարժվելով, անհնար է Նիկոլին մեր կողմից որպես մավր դիտարկելը: Որովհետև դա կարող են անել միայն այն ուժերը, ովքեր բերել են երբեմնի «դուխով» տղային: Բայց եթե մենք վերացարկվենք դրանց գոյությունից ու Փաշինյանին, այնուամենայնիվ, դիտարկենք որպես մավրի, ապա հոգեբանորեն շատ ավելի հեշտ կլինի նրան երկարատև «հանգստի» ուղարկելը:
ՀԳ. Ի դեպ, նախկինում պաշտոնավարած վարչապետներից այն մեկը, ով կհամաձայնվի իրեն հայտարարել որպես գործող վարչապետ, չպետք է բնակվի Հայաստանում, այլապես հին/նոր կարգավիճակը «ձեռք բերելուց» հետո, բնականաբար, անմիջապես կհայտնվի «ԿաԳեԲե-ի պադվալում»: Իսկ ես չէի ուզենա նման ճակատագրի արժանացնել այդ անձին՝ ինչպես խորհրդարանական ընդդիմությունն արժանացրեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Ով, որպես տղամարդ, նախ, վերադարձավ Հայաստան՝ չնայած գիտեր, որ կալանավորվելու է, և ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելով՝ հայտարարեց համայնքի ավագանու անդամի կարգավիճակից հաժարվեու մասին: Որպեսզի պահպանվի Մասիս քաղաքի ընդդիմադիր իշխանությունը: