Քաղաքականություն

Ռուսները սկսում են հասկանալ, թե ինչ է պանթուրքիզմը

Ռուսները սկսում են հասկանալ, թե ինչ է պանթուրքիզմը

Ռուսները սկսում են հասկանալ, թե իրենից ինչ վտանգ է ներկայացնում պանթուրքիզմը, եւ որ այդ սպառնալիքն առաջին հերթին ուղղված է հենց Ռուսաստանի գոյության դեմ: «Պանթուրքիզմը Ռուսաստանի առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերներից է»․ իրենց հոդվածներն այսպես են վերնագրում ռուս հեղինակները` անդրադառնալով դեկտեմբերի 23-ին Կազանում տեղի ունեցած «Պանթուրքիզմի առասպելաբանությունները եւ Ռուսաստանի ու Եվրասիայի անվտանգությունը՝ 21-րդ դարում» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսին: Գիրքը պատրաստվել է «Ռուսաստանի քաղաքակրթական ապագան» փիլիսոփայական ակումբի, «Աքսոն» տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի, Կազանի նորարարական համալսարանի եւ այլ համալսարանների մասնագետների կողմից: 

Ուսումնասիրությունը բաղկացած է Ռուսաստանի տարբեր ակադեմիական կենտրոնների հեղինակների պատրաստած ակնարկների շարքից, որտեղ ուսումնասիրության առարկան 19-րդ դարի համագաղափարախոսություններից մեկի՝ պանթուրքիզմի ժամանակակից տարբերակի մեթոդներն ու գործելակերպն է, որը 21-րդ դարի սկզբին ակտիվորեն խթանում էին Թուրքիայի Հանրապետության քաղաքական վերնախավերը: Պանթուրքիզմի որոշ հասկացություններ (ռեւանշիզմ, ռուսաֆոբիա) ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի թուրքական ժողովուրդների «կուլիսային» դիվանագիտության եւ քաղաքակրթական «վերակոդավորման» պրակտիկայում: Շնորհանդեսի անցկացման վայրը պատահական չէ ընտրված` Թաթարստանը Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես Մեծ Թուրանի եւ թուրքական աշխարհի անբաժան մաս, թուրքական հավակնությունների օբյեկտ: Ռուսներն էլ փորձում են ցույց տալ, որ Թաթարստանը կարող է լինել պանթուրքիզմի դեմ պայքարի առաջնագիծ:

Մեր ձեռքի տակ է գրեթե 200 էջանոց այդ աշխատությունը, եւ նկատի ունենալով, որ պանթուրքիզմը նույնքան եւ գուցե ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի համար, ուզում ենք ընթերցողներին ներկայացնել մի քանի հատված մենագրությունից` մեր մեկնաբանություններով: Այսպես․ մենագրության համահեղինակներից մեկը գրում է. «Պետք է ընդունել, որ Թուրքիայի ժամանակակից աշխարհաքաղաքական դոկտրինում պանթուրքիզմի պարադիգման կառուցված է Զ. Բժեզինսկու տրամաբանության վրա՝ «Ռուսաստանի հաշվին, նրա տեղում եւ Ռուսաստանի փոխարեն»։ Վ. Նադեին-Ռաեւսկին հակված է պանթուրքիզմը դիտարկել որպես «թուրքական ազգայնականության կայսրական շրջանակների ագրեսիվ, ռասիստական, շովինիստական ուսմունք, որը հռչակում է բոլոր թրքալեզու ժողովուրդների միավորումը մեկ միասնական՝ Թուրանական պետության (Մեծ Թուրան) մեջ՝ Թուրքիայի հովանու ներքո»։

Ներկայացնելով պանթուրքիզմի զարգացումը տարբեր ժամանակներում՝ հեղինակը գրում է․ հետագա ժամանակահատվածում (1950-ից մինչ օրս) կարելի է նաեւ մի շարք մոդելներ եւ կոնֆիգուրացիաներ նույնականացնել պանթուրքիստական գաղափարների առաջխաղացման մեջ՝ Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ արտաքին քաղաքականության նպատակներն իրականացնելու համար։ Մասնավորապես, պանթուրքիզմը գործիք է․

Ա) Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի՝ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի զարգացման դինամիկան զսպելու համար։

Բ) ռուսատյացության քաղաքական եւ պատմական գիտելիքների/գիտակցության պարադիգմայի կառուցման համար, որը ծառայում է որպես ռազմավարություն մարդկության պատմության մեջ ռուսական պետություն-քաղաքակրթության հայեցակարգի վերացման համար։ Գ) Ռուսաստանում ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղությունը խաթարելու համար։ Եթե Ռուսաստանի կամ Իրանի նման հզոր պետությունների համար պանթուրքիզմը ընդամենը կարող է նրանց զարգացման դինամիկան զսպողի դեր կատարել, ապա Հայաստանի համար այն գոյութենաբանական վտանգ է ներկայացնում: 

Հեղինակի կարծիքով, Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունն է ստեղծել մեծ քաղաքական-տնտեսական-ռազմական-սոցիալ-մշակութային մակրոտարածաշրջան: Իր ռազմավարության մեջ Թուրքիայի նախագահը հենվում է «հիբրիդային ուժի» (ըստ Վ. Ավատկովի) հայեցակարգի վրա, որը կազմված է ուժերի՝ «դաժան», «խելացի» եւ «մեղմ» գումարից: Եթե նայենք Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, այստեղ եւս այս 3 տարրերը հստակ տեսանելի են: 

Հետաքրքիր է նաեւ ռուս քաղաքագետների կողմից ռուսական եւ թուրքական քաղաքակրթական նախագծերի համեմատությունը, որին մենք եւս մի քանի անգամ անդրադարձել ենք. «Ռուսական պետություն-քաղաքակրթության եւ թյուրքական/թուրքական պետություն-քաղաքակրթության քաղաքակրթական նախագծերի համապարփակ վերլուծություն անցկացնելով, հանգել ենք այն եզրակացությանը, որ, չնայած երկու նախագծերում քաղաքակրթական մոտեցման նմանությանը, կան նաեւ տարբերություններ ռուսական եւ թուրքական աշխարհների հայեցակարգերում։ Թուրքական աշխարհը ձեւավորվում է ասիմիլյացիայի հիման վրա (մեկ ժողովուրդ՝ երկու պետություն, Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրքեր են եւ այլն)։ Ռուսական աշխարհը հիմնված է բազմազգության եւ բազմադավանության, ժողովրդայնության, ժողովուրդների, լեզուների, կրոնների, մշակույթների, ազգային ինքնության պահպանման եւ պաշտպանության եւ այլնի վրա»: Սրա դրսեւորումն իրենց վրա շատ լավ զգացել ենք մենք՝ հայերս, գրեթե 200 տարի այս կամ այն կերպ լինելով ռուսական տիրապետության տակ, հայերը ոչ միայն չկորցրին իրենց ազգային ինքնությունը, այլ, հակառակը՝ հնարավորություն ունեցան զարգացնելու ազգային դպրոցը, մշակույթը, գրականությունը, ստացան լայն ինքնավարություն, որի շնորհիվ կազմավորվեցին որպես պետականաստեղծ ազգ եւ, ի վերջո, հնարավորություն ունեցան ստեղծել անկախ պետություն: Մինչդեռ Թուրքիայի տարածքում մնացած հայերը ցեղասպանությունից հետո կորցրին իրենց լեզուն, մշակույթը, ազգային ինքնությունը եւ, ի վերջո` թուրքացան:

Մեր կարծիքով, պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի աշխարհաքաղաքական սպառնալիքը ոչ միայն դավադրության տեսաբանների երեւակայության արդյունք է, այլեւ միջազգային հարաբերությունների գործոն: Այսօր մեր աչքի առաջ այդ սպառնալիքն ավելի է ահագնանում, իսկ ՀՀ իշխանությունների կողմից վարվող թույլ ու տկարամիտ քաղաքականության արդյունքում Թուրքիան ցամաքային սահման է ստանում՝ Ադրբեջանի եւ Կասպից ծովով կապվելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ստանալով գործուն լծակ՝ իրականացնելու պանթուրքական նախագիծը: Եվ դա ներկայացվում է որպես մեծագույն հաղթանակ ու հաջողություն: Իհարկե, դա ինչ-որ մեկի հաղթանակն ու հաջողությունն է, բայց ոչ Հայաստանի եւ նրա հասարակության:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image