Հարցազրույց

Նոր երթուղին գոնե պետք է ունենա միջանցքի տրամաբանություն և բոլոր կոմունիկացիաները պետք է անցնեն այդ միջանցքով

Նոր երթուղին գոնե պետք է ունենա միջանցքի տրամաբանություն և բոլոր կոմունիկացիաները պետք է անցնեն այդ միջանցքով

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտեցին հրադադարի ռեժիմը՝ Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվեցին 19 զինծառայող, զոհվեցին 2-ը: Բանակցությունների արդյունքում սահմանային ոտնձգությունները դադարեցվեցին, սակայն ադրբեջանական կողմը նոր, ավելի լկտի պահանջներ առաջ քաշեց՝ մինչև օգոստոսի 25-ը Բերձորի և Աղավնոյի բնակիչները պետք է լքեն իրենց տները եւ Լաչինին այլընտրանք հանդիսացող ճանապարհը պետք է գործի։ Եւ քանի որ ճանապարհի մեր հատվածը դեռեւս կառուցված չէ, Արցախը ստիպված է լինելու շահագործել Աղավնո գյուղի վերեւի մասով ձգվող գրունտային ճանապարհը, որը 3 կիլոմետր է կազմում եւ որով կապահովվի կապը մայր Հայաստանի հետ։ Այս զարգացումների շուրջ զրուցել ենք Արցախի Ազգայի Ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

-Ի՞նչ է կատարվում այսօր Բերձորում, Աղավնոյում: Երեկ Դուք հանդիպել եք բերձորցիներին և Աղավնոյի բնակիչներին:

- Այո, մենք երեկ ենք եղել Աղավնոյում և Բերձորում: Մարդիկ հուսալքված են, նրանց մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները չեն ստանձնել իրենց անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու խնդիրը: Փոխարենը ամեն կերպ ու ամեն գնով փորձում են տեղահան անել խաղաղ բնակիչներին, ովքեր իրենց մանկությունից սկսած ապրել, արարել ու շենացրել են իրենց հայրենիքը: Եվ այն վիճակը, որն այսօր Աղավնոյում և Բերձորում է տիրում, իհարկե, մտահոգիչ է բոլորի համար: Շատերն են խոսում, որ իրենց երեխաներին, կանանց, ծերերին հանելու են, բայց տղամարդիկ կան, որոնք ամուր կանգնած են և փորձում են ամեն կերպ պաշտպան կանգնել իրենց հայրենիքին: Ցավալին այն է, որ մեր իշխանությունները փոխանակ ինչ-որ ձև ջանքեր գործադրեն, և փորձեն մարդկանց կողքին կանգնել, ընդհակառակն են անում՝ դուրս են եկել հայրենիքի պաշտպանների իրենց պարտականություններից: Այստեղ՝ Բերձորում և Աղավնոյում մարդիկ համոզված են, որ հնարավորություն կար և կա այս ամենը կանխելու, և չհանձնելու թշնամուն: Մի կողմից էլ իշխանությունների տված մեկնաբանություններից հետո հուսալքված են: Ես համոզված եմ, որ այս հրահանգը, որ Արցախի իշխանությունները հլու հնազանդ իրականացնում են՝ իջեցված է Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի վերջիններս ամեն կերպ հաճոյանան իրենց գործընկեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այն գործընկերոջը, ով պարբերաբար խոսում է բռնության, ագրեսիայի լեզվով: Դե, իսկ մեր իշխանություններն անտեսելով այս ամենը, հլու հնազանդ ենթարկվում են նրանց կողմից հնչեցրած բոլոր պահանջներին: Ես համոզված եմ նաև, որ ռուս խաղաղապահները, որոնք Արցախում են գտնվում մեր անվտանգությունը պաշտպանելու համար, նրանք իրենց պարտականությունները լիարժեք կիրականացնեն, եթե Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը վարեն ճիշտ քաղաքականություն: Այս երկու ղեկավարները կարող էին բանակցային գործընթացում այնպես անեին, որ գոնե Աղավնոն դուրս չմնար: Եվ երբ որ Արայիկ Հարությունյանը Ազգային Ժողովում հայտարարում էր, որ պայքարելու ենք Աղավնոյի համար, մենք տեսնում ենք, որ այդ պայքարը ոչ թե Աղավնոյի համար էր, Աղավնոյի բնակիչների՝ Աղավնոյում մնալու, այլ՝ օր առաջ նրանց դուրս բերելու իրենց բնակավայրերից: Փաստորեն, պայքարը հակառակ ուղղությամբ է տարվում: Դրա մասին է փաստում նաև նախարար Հայկ Խանումյանի օրեր առաջ Աղավնո այցը և համոզելը, որ բնակիչներ լքեն համայնքը: Մարդ, ով 2016 թվականին, երբ պատգամավոր էր՝ հորդորում էր իշխանություններին, որ հող հանձնելով հայրենիք չեն պահում, այսօր, փաստորեն, այլ առաքելություն է իրականացնում: Եվ այսպիսի անսկզբունք կառավարության անդամները օր առաջ մոտեցնում են հայրենքի հանձնումը թշնամուն: Պարտության սիմվոլ հանդիսացող այսօրվա իշխանությունները այսօր շարունակում են իրենց որդեգրած քաղաքականությունը:

- Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Արայիկ Հարությունյանը լուռ կատարում հայաստանյան իշխանությունների հանձնարարությունները, Ադրբեջանի պահանջները՝ այս տարածքների հանձնումն անգամ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում չկա:

-Այսօրվա արցախյան իշխանությունները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, իրենց համար վահան են գտել սահմանադրությունը, թե իբր սահմանադրությունն այս պահին թույլ չի տալիս նախագահ փոխել: Եվ այդ վահանի տակ միևնույն ժամանակ խոսում են նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, որին դեմ են: Փաշինյանը ով այս իրավիճակով պայմանավորված հայտարարեց, որ իրենք ոչ մի համաձայնություն ձեռք չեն բերել Ադրբեջանի հետ նոր ճանապարհի մասով, այսօր փորձում են խնդիրը մեկը մյուսի վրա բարդել՝ Արցախը Նիկոլ Փաշինյանի, իսկ Հայաստանում շատերը՝ նույն Արայիկ Հարությունյանի վրա: Այսինքն, մեկը մյուսի վրա բարդելով, այնուամենայնիվ, փորձում են Ալիևի պահանջները կատարել, միևնույն ժամանակ մեղավորությունն ու պատասխանատվությունն իրենց վրայից գցելով: Իրենք երկուսն էլ հավասարաչափ մեղավոր են, և ժամանակը գալու է, որ պատասխանատվությունից չեն կարողանալու խուսափել:

-Ռուսական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, չէ որ եռակողմ համաձայնագրի երրորդ կողմը Մոսկվան է, և Ռուսաստանը՝ իր խաղաղապահների առաքելությամբ ստանձնել է Արցախի բնակչության անվտանգությունն ու խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը: 

-Ռուսական կողմի հետ կապի մեջ են օրվա իշխանությունները: Մենք ռուսական կողմից որևէ ինֆորմացիա չունենք, որպեսզի իմանանք իրենց դիրքորոշումը: Շատ հնարավոր է՝ ռուսական կողմը կարող է պատճառաբանել, որ երկու կողմերը համաձայնության են եկել, և իրենք պարտավոր են այդ համաձայնությունները կյանքի կոչել:

-Բերձորում է նաեւ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը: Նա որպես պատգամավո՞ր է մեկնել, թե՞ որպես բնակիչ:

-Ինչպես գիտեք Արցախի Ազգային Ժողովն այս պահին արձակուրդի մեջ է: Եվ Կարեն Հովհաննիսյանը Բերձորում է գտնվում որպես Բերձորի քաղաքացի, ով 1998 թվականից բնակվում է Բերձորում: Օգտագործելով իր հնարավորություններն ու կապերը որպես պատգամավոր, այնտեղ փորձում է ինչ-որ կերպ օգնի, աջակցի մարդկանց այս կամ այն խնդրի լուծմանը: Կարեն Հովհաննիսյանը Բերձորում չի իրականացնում ոչ կուսակցական, ոչ էլ խմբակցության որևէ խնդիր:

-Մինչև օգոստոսի 25-ը Աղավնոյի և Բերձորի բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը: Ի՞նչ սպասելիքներ ունենանք առաջիկայում՝ մի՞թե Ադրբեջանը մի օր էլ չի պահանջի Արցախի մյուս բնակավայրերի հայաթափում:

- Այո, մեզ համար անընդունելի այդ համաձայնագիրը, որի մեջ նշված չէ այս կամ այն համայնքի հանձնումը, կամ՝ այս կամ այն ճանապարհը, որ մեզ փորձում են հրամցնել և որը որ միջանցքի տրամաբանություն այս պահին չունի: Եթե այսօր մենք պետք է մեր երթուղին փոխարինենք, ապա գոնե այն մինիմալը, որ այս իշխանությունները պարտավոր են անել, դա նոր երթուղուն պետք է տրվի միջանցքի տրամաբանություն, և պետք է պահանջել, որ բոլոր կոմունիկացիաները անցնեն այդ միջանցքով: Իսկ եթե սա չարեցին և կատարեցին ագրեսոր Ադրբեջանի պահանջները, ապա այս իշխանությունների հետ ոչ մի արցախցի իր ապագան չի կապելու: Եթե նման քաղաքականությունը շարունակվի, ապա Արայիկ Հարությունյանը Արցախում լինելու է ոչ թե 4-րդ նախագահը, այլ՝ վերջին, և պատմության մեջ հիշատակվելու որպես Արցախը հանձնող նախագահ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image