Հասարակություն

«Հրապարակ». Դատախազությունը 10 ամիս է՝ քննում է Պետրոս Մակեյանի հաղորդումը

«Հրապարակ». Դատախազությունը 10 ամիս է՝ քննում է Պետրոս Մակեյանի հաղորդումը

Դեռեւս 2021 թվականի մայիսին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ պատրաստվում է վաճառել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում իր ունեցած մասնաբաժինը, որը կազմում է 10 տոկոս։

Հիշեցնենք, որ այս մասնաբաժինը գալիս է հին «Հայկական ժամանակ» ՍՊԸ-ի հիմնադրման ժամանակներից, երբ թերթի խմբագիրը Երվանդ Բոզոյանն էր, իսկ թերթը հիմնադրվել էր Էդվարդ Եգորյանի, Պետրոս Մակեյանի եւ այլ անձանց կողմից։ Երբ 2000 թվականին իշխանությունները դադարեցրին «Օրագիր» օրաթերթի գործունեությունը, Նիկոլ Փաշինյանը դիմեց չհրատարակվող «Հայկական ժամանակի» խմբագրին ու սեփականատերերին՝ առաջարկելով իրեն տալ թերթը։ Նրանք համաձայնեցին։ Գրեթե բոլոր փայատերերը դադարեցրին իրենց մասնակցությունը ՍՊԸ-ին, իսկ Պետրոս Մակեյանը՝ որպես նրանց ներկայացուցիչ, շարունակեց իր մասնակցությունը՝ առայսօր։

Իսկ 2021-ին Մակեյանը գործընթաց սկսեց թերթի դեմ՝ իր փայաբաժինը ստանալու, վաճառելու հետ կապված։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ այլեւս չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի գործ ունենալ։ Պետրոս Մակեյանը պատմեց․

«1996-97 թվականներին, երբ մենք, լինելով իշխանության մեջ, լուսահոգի Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ դուրս եկանք իշխանությունից՝ «Հանրապետություն» միավորումից, ձեւավորեցինք «Հայրենիք» պատգամավորական խումբը, 1997 թվականին մենք ձեւավորեցինք եւ ստեղծեցինք նաեւ «Հայկական ժամանակ» թերթը։ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» թերթը երբ դատական գործընթացների մեջ էր ընկել, Փաշինյանը դիմել էր մեր կուսակցությանը, որ տայինք մեր թերթը, որպեսզի ինքը կարողանա հրապարակումներ անել եւ պաշտպանվել այդ պայքարում, եւ մենք թերթը ժամանակավոր հանձնեցինք Նիկոլ Փաշինյանին։ Երբ Եգորյանը մահացավ 1999 թվականին, մենք որոշ մասնաբաժիններ թողեցինք Նիկոլ Փաշինյանին, իսկ որոշն էլ` մեր խմբի տարբեր մարդկանց։ Տարիների ընթացքում այդ սեփականության իրավունքը տրվեց Նիկոլ Փաշինյանին, ինձ մնաց միայն 10 տոկոսը»։

Սակայն Փաշինյանը, ով իր «Երկրի հակառակ կողմը» վեպում հիացական տողեր է ձոնել Պետրոս Մակեյանին, նրան պատկանող 10 տոկոս բաժնեմասի բերած եկամուտը չի տրամադրել վերջինիս, ինչից հետո Մակեյանը դատական գործընթացներ է սկսել՝ ընդհուպ մինչեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։ «Շատ ծավալուն պրոցես է գնում։ 2022 թվականի նոյեմբերին դատական հայց ներկայացվեց մեր կողմից՝ կապված անցած 5 տարիների շահաբաժինը ստանալու հետ։ Դատարանը, բնականաբար, «դակեմ Մացոյի» խմբապետության դատավորներից էր, հայցը չընդունեց, կոնկրետ թիվ պահանջեցին, բայց կոնկրետ թիվը տալու համար պետք է փաստաթղթեր ունենայիր, հիմքերը չէին տալիս։ Մենք դատարանից խնդրել ենք, որ կոնկրետ թիվը հրապարակվի, եւ «Հայկական ժամանակը» տրամադրի այդ տվյալները։ Հետո վերաքննիչ բողոքարկվեց որոշումը, հետո նորից նոր հայցադիմում ներկայացրինք։ Հետո հասկացանք, որ այդ ցիկլից դուրս չենք գա։ Օգտվելով նախկին դատախազ Արթուր Դավթյանի հեռանալու պահից, հաղորդում ներկայացրինք հանցագործության մասին, որը վարույթ ընդունվեց։ Արդեն լրանում է 10 ամիսը, մի անգամ ինձ հարցաքննել են 2022 թվականի օգոստոսի 31-ին, ու 10 ամսվա ընթացքում ոչ մի տեղաշարժ։ Վերջերս փաստաբանս ասաց, որ մարտին գործը փոխանցել են ծանր հանցագործությունների բաժին, բայց արդեն 3-րդ ամիսն է՝ նորից ոչ մի տեղեկություն չունենք։ Այսինքն՝ կառավարվում է նույն կենտրոնից, Քաջ Նազարի երգով է կառավարվում։ Այս վիճակն է։ Դատական գործն այս ընթացքում կասեցվեց, որովհետեւ նույն գործով երկու վարույթ չի լինում»,- մեզ հետ զրույցում ասաց Մակեյանը։

Նշենք, որ 1999 թվականից հրատարակվող «Հայկական ժամանակ» օրաթերթը մի երկար շրջան մեր երկրի թիվ մեկ թերթն էր՝ ամենամեծ տպաքանակով, եւ կրպակներում վաճառվում էր առանց հետվերադարձի, իսկ 2021 թվականից թերթի տպագրությունը դադարեցվեց, եւ այժմ գործում է միայն էլեկտրոնային տարբերակը։ Թերթի աշխատակազմի զգալի մասն իշխանափոխությունից հետո տեղափոխվեց Հանրային հեռուստաընկերություն։ Եվ Հանրայինի գաղափարական մասն այժմ ձեւավորվում է ՀԺ-ի նախկին խմբագիրների կողմից։ Իսկ armtimes.com կայքը, որը ՀԺ-ի էլեկտրոնային տարբերակն է, Նիկոլ Փաշինյանի կողմից երբեմն- երբեմն օգտագործվում է «անանուն աղբյուրից» հոդվածները հրապարակելու եւ իշխանական մեսիջները հանրությանը փոխանցելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image