ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտնի հանդիպում-բանավեճից հետո եվրաատլանտյան տարածաշրջանում ձեւավորվում են նոր իրողություններ, որոնք կարող են կործանարար լինել Հայաստանի գոյության համար, նկատի ունենալով, թե ում ազդեցության տակ է գտնվում Նիկոլ Փաշինյանը եւ ուր է տանում երկիրը: Աշխարհում ձեւավորվում է մի իրավիճակ, որը շատ նման է 1941 թվականին, երբ Եվրոպան Գերմանիայի գլխավորությամբ (Գերմանիան գրավել էր Եվրոպան եւ օգտագործում էր Եվրոպայի մարդկային, նյութական եւ ռազմական ռեսուրսները) կռվում էր ԽՍՀՄ-ի դեմ, իսկ Միացյալ Նահանգները, ըստ էության, օգնում էր ԽՍՀՄ-ին` լենդ լիզով հատկացնելով միլիարդավոր դոլարների զինտեխնիկա, ռազմամթերք, սարքավորումներ, նաեւ` սննդամթերք, որի դիմաց ԽՍՀՄ-ը վճարեց մինչեւ վերջին ցենտը: Արտաքին տարբերությունը հիմա այն է, որ 1941 թվականին Եվրոպայի դեմ կռվում էր նաեւ Մեծ Բրիտանիան, կար չհայտարարված, բայց գործող ԽՍՀՄ-ԱՄՆ-Բրիտանական կայսրություն դաշինք, մինչդեռ հիմա Մեծ Բրիտանիան Գերմանիայի հետ է, բայց կասկած չկա, որ դա ընդամենը պատերազմը հրահրելու եւ այն հնարավորինս ընդգրկուն դարձնելու համար է: Ինչ-որ պահի Բրիտանիան կարող է դուրս գալ Եվրոպայի հետ դաշինքից, ինչպես որ դուրս եկավ ԱՄՆ-ն, կամ նույնիսկ դուրս չգալ, բայց պատերազմի արդյունքներով Մեծ Բրիտանիան կրկին լինելու է հաղթողների կամ առնվազն չպարտվողների բանակում: Զարմանալիորեն, այդ երկիրը, դուրս գալով Եվրամիությունից, շարունակում է իր հսկայական ազդեցությունն ունենալ համաեվրոպական գործերում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերն արդեն հայտարարել է «Բարի կամքի դաշինք» ձեւավորելու անհրաժեշտության մասին, որի հիմնական նպատակը լինելու է Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական օժանդակության տրամադրումը, որ Ուկրաինան կարողանա շարունակել պատերազմը: Այս դաշինքը փաստացի փոխարինելու է ՆԱՏՕ-ին, եւ սրա ձեւավորման արդյունքով կարելի է հայտարարել, որ ՆԱՏՕ-ն այլեւս դադարում է գոյություն ունենալ, որովհետեւ ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակն էր՝ զսպել Խորհրդային Միության ագրեսիան Եվրոպայի նկատմամբ, պաշտպանել Եվրոպան եւ եվրոպացիներին ռուսական ագրեսիայից: Քանի որ հիմա ԱՄՆ-ն հրաժարվում է Եվրոպան պաշտպանելու իր պարտավորությունից, իսկ, ըստ եվրոպացիների` Ուկրաինան Եվրոպա է, հիմա Եվրոպան ինքնակազմակերպվում է՝ ինքնուրույն կատարելու այդ խնդիրը: ՆԱՏՕ-ի եւ «Բարի կամքի դաշինքի» տարբերությունն այն է լինելու, որ վերջինս, առանց վարանելու, պատերազմի մեջ է մտնելու Ռուսաստանի հետ, եթե, իհարկե, Մեծ Բրիտանիան հաջողի իր ծրագրում եւ կարողանա եվրոպական մյուս երկրներին համոզել, որ պատերազմը Ռուսաստանի դեմ պետք է շարունակել: Եվրոպական որոշ երկրներ հասկանում են այդ գաղափարի վտանգավորությունը եւ փորձում են դեմն առնել, բայց նրանք փոքրամասնություն են: Այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, կողմ են պատերազմը մինչեւ հաղթական ավարտ հասցնելուն:
Թեեւ առաջին հայացքից դաշինքի առաջնորդը Մեծ Բրիտանիան է, քանի որ հենց այդ երկրի վարչապետն է հայտարարել դաշինքի ձեւավորման մասին, եւ որ պատրաստ են օժանդակել Ուկրաինային ու տրամադրել առաջին միլիարդ ֆունտ ստեռլինգը, բայց պատերազմի ամբողջ բեռը դարձյալ ընկնելու է Գերմանիայի վրա: Գերմանիան է եվրոպական տնտեսության առաջատարը, իսկ առաջատարը պետք է առաջատար լինի ամեն ինչում, այդ թվում եւ՝ պատերազմի վարման` ֆինանսավորման հարցում: Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել այդ դերը, որ իր համար ԱՄՆ-ից Եվրոպայի անկախությունը «բացարձակ առաջնահերթություն է»: Անկախություն ԱՄՆ-ից՝ այս պահին նշանակում է, որ եթե ԱՄՆ-ն կողմ է պատերազմը կանգնեցնելուն եւ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, ապա Եվրոպան պետք է շարունակի պատերազմը, ամեն ինչ անի, որ խաղաղությունն անհնար դառնա:
Թե ինչի կարող է հանգեցնել պատերազմը շարունակելն առանց ամերիկյան ռազմատեխնիկական եւ ֆինանսական աջակցության, դժվար չէ կռահել. ռուսական բանակը շատ արագ կգրավի Ուկրաինայի տարածքը եւ կմոտենա ԵՄ սահմանին, գուցե նույնիսկ անցնի այդ սահմանը: Ռուսաստանը հիմա հայտարարում է, որ մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա, բայց եթե եվրոպական երկրները շարունակեն թշնամությունը Ռուսաստանի դեմ` օգնելով Ուկրաինային, ապա պատերազմն ինքնըստինքյան կհատի սահմանը: Ռուսական ներխուժման վերահաս վտանգի առաջ, եվրոպական երկրները կվազեն Ամերիկայի դուռը եւ ծնկաչոք կխնդրեն՝ իրենց փրկել կործանումից: Դե, Ամերիկային էլ դա է պետք. ասելու է` հիշո՞ւմ եք, որ 2025 թվականի փետրվարի 28-ին առաջարկում էի խաղաղության պայմանագիր ստորագրել, դուք համաձայն չէիք, ինձնից անկախություն էիք ուզում, հիմա խաղաղության պայմանները լինելու են ավելի ստորացուցիչ: Եվրոպացիներն էլ պատասխանելու են` համաձայն ենք ցանկացած պայմանի, միայն թե փրկիր: Ամերիկան էլ հերթական անգամ փրկելու է Եվրոպան` իր պայմաններով:
Հիմա՝ Հայաստանի մասին: Այս իրավիճակում Հայաստանը բռնել է ԵՄ ճանապարհը, ուզում է ինքն էլ դառնալ «Բարի կամքի դաշինքի» անդամ, այն դեպքում, երբ առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հեռու մնալ այն ուժերից, որոնք պատերազմի շարունակման կողմնակիցներ են: Եթե Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծն ընդունի երկրորդ ընթերցմամբ, եւ այն օրենքի ուժ ստանա, Հայաստանը փաստացի կդառնա այդ դաշինքի անդամ` պատերազմ հայտարարելով ԱՄՆ-Ռուսաստան դաշինքին: Նիկոլ Փաշինյանի շուրջ քիչ չեն մարդիկ, ովքեր կողմ են Ուկրաինայի անվերապահ հաղթանակին եւ Ռուսաստանի պարտությանը: Չի բացառվում, որ այդ դեպքում Հայաստանը եւս պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի դեմ` իսկական դաշնակիցը հենց այդպես է լինում, հանուն դաշնակցի պատրաստ է ինքն իրեն կործանել:
Սա կարող է մի քիչ ֆանտաստիկ թվալ, բայց հիշեք, թե որքան ֆանտաստիկ թվացող բաներ են Փաշինյանի կողմից իրականության վերածվել: Սրանից երկու ամիս առաջ կարող էր ֆանտաստիկ թվալ, եթե ասեի, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցով կարող են տրամագծորեն հակադրվել իրար, իսկ ԱՄՆ-ինն ու Ռուսաստանինը՝ համընկնել: