Հասարակություն

«Հրապարակ». Փաշինյանի համերկրացին հիասթափվել է վարչապետից եւ «Հիտլերի վերադարձը» գիրքն է գրել

«Հրապարակ». Փաշինյանի համերկրացին հիասթափվել է վարչապետից եւ «Հիտլերի վերադարձը» գիրքն է գրել

Լյուբիկ Չիբուխչյանին վաղուց եմ ճանաչում, օրերս նա դարձավ 75 տարեկան, սակայն իր տարիքի համեմատ ջահել է երեւում։ Նրա ֆիզիկական լավ վիճակում լինելուն նպաստում են ամենօրյա մարզումներն ու ֆիզիկական վարժությունները։ Չիբուխչյանը տարիներ առաջ հայտարարեց, որ ինքը նոր մարտարվեստ է ստեղծել, որն անվանել է  իր ազգանվան սկզբնատառերով՝ Չիբու։ Չիբուխչյանը մինչեւ 2014 թվականը պաշտոնավարել է որպես Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական։ Լ․ Չիբուխչյանի վկայությամբ՝ ներկայում ինքը 2 հազարից ավելի ստեղծագործության հեղինակ է։ Նա գրքեր է ձոնել Պետրոս Առաջինին, Վլադիմիր Պուտինին, Անդրանիկ Մարգարյանին, Սերժ Սարգսյանին, Ջոն Էվանսին, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Ռալֆ Յիրիկյանին եւ հայտնի ու նշանավոր այլ անձանց։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրված,

Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողում գրել է. 
«Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,  
Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»:
Շատ-շատերի նման, Լյուբիկ Չիբուխչյանը ոգեւորված էր 2018թ. թավշյա հեղափոխություն-իշխանափոխությամբ, այդ թվականին 177 էջանոց գիրք է  ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է՝ «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Այդ  ձոնը սկսվում է այսպես.
«Հազարամյակի անմերժ պատվերն էր, որ դու ծնվեցիր 
Եվ քիչը շատող հերթական հայ չէ, որ կրկնվեցիր, 
Առաջին անգամ միասին ելան արեւ ու լուսին 
Ողջ աշխարհ տեսնի՝ իրենք քեզ ծնած կին ու ամուսին, 
Շքեղ Աղստեւն իր հունը թեքեց, որ պարզաջրվես 
Ծիածանն իջավ ձրի վարսավիր, յոթ շեղբ սափրվես»։

Իջեւանցի Լյուբիկ Չիբուխչյանը եւ Նիկոլ Փաշինյանի հայրը`Վովա Փաշինյանը, ծնունդով Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղից են: Լուբիկը Նիկոլ Փաշինյանի խորթ մոր` Երջանիկ Չիբուխչյանի արյունակից բարեկամն է․ Երջանիկի հայրը՝ Սուրենը, Լյուբիկի հոր հորեղբոր տղան էր։ 49 հազար դրամ թոշակ ստացող Լուբիկ Չիբուխչյանը, Հայաստանի բնակչության մեծամասնության նման, ժամանակի ընթացքում հիասթափվել է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, նրա տված ու այդպես էլ չիրականացրած բազում խոստումներից։ Եվ 2021թ․ օգոստոսին Նիկոլ Փաշինյանի մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով, որտեղ Փաշինյանին համեմատել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդի հետ։ Գրքում Հիտլերի եւ Նիկոլ Փաշինյանի համեմատությունները կան, օրինակ՝ Հիտլերը, նախքան մեծ թվով մարդկանց առաջ ճառելը, հայելու դեմ ճառասացության միմիկայի, ձեռքերի վարժություններ է կատարում, եւ Չիբուխչյանը, իր գրքում համեմատելով Հիտլերի ու Նիկոլ Փաշինյանի ճառելու ընթացքում կատարած շարժումները, գրում է․ «Նիկոլի մոտ գերազանցում է աջ ձեռքի լայնակի թրումը (թրատումը)»։ 

Չիբուխչյանն ինձ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն անտեսել է «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի երեւան գալը, սակայն «Հիտլերի վերադարձը» գրքից հետո իր համար խնդիրներ են առաջացրել, նրա խոսքով՝ «եղան ներքին ճնշումներ»: Լյուբիկի  կինը՝ կարուձեւ անող տիկին Ռոզան նկատեց, որ Իջեւանում իր հաճախորդների թիվը հանկարծ քչացել է, պետական մի շարք հիմնարկներում Լյուբիկի հարազատների հետ տհաճ խոսակցություններ են եղել եւ այլն։ Լ․ Չիբուխչյանը «Հիտլերի վերադարձը» գրքում պատմել է 1990-ական թվականների սկզբին Իջեւան քաղաքում քրեական գործով մի դատավարության մասին, որին մասնակցել են Լյուբիկ Չիբուխչյանը եւ երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս դահլիճից միջամտել է դատին, ռեպիկներ արել, ու  դատախազի պահանջով իրավապահները նրան դատարանի դահլիճից դուրս են հանել, իսկ դատավորը դատավճիռ կայացնելիս, հարգելով Լյուբիկ Չիբուխչյանին, նրա ընկերոջը, քրեական գործով ամբաստանյալին ազատազրկման հետ չկապված պատիժ է նշանակել։ Լ․ Չիբուխչյանի խոսքով՝ դա կարող էր Նիկոլ Փաշինյանի մոտ իր հանդեպ բացասական վերաբերմունք առաջացնել։ «Հիտլերի վերադարձը» գրքի պատճառով իր նկատմամբ սկիզբ առած ճնշումների պատճառով Լ․ Չիբուխչյանը որոշել է, որ եթե դրանք շարունակվեն, ապա ինքը կարող է արտերկրից քաղաքական ապաստան հայցել, սակայն բանը դեռ դրան չի հասել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image