Մեր զրուցակիցը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն է։
- Պարոն Ալոյան, արդեն հայտնի՞ է, թե երբ է շահագործվելու Ամուլսարի հանքը։
- Շահագործվելու է 2024 թվականին, երբ ավարտվի շինարարությունը։
- Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել եւ այս պահին ի՞նչ աշխատանքներ են ընթանում։
- Հիմա կատարվում են ինժեներական աշխատանքներ, գնահատականներ են տարվում տեղական հանգույցների, որոնց շինարարությունն արդեն իրականացվել է մոտ 70 տոկոսով, այդ հանգույցների պիտանելիությունը, բետոնների ամրությունն է ստուգվում եւ այլն, որից հետո կսկսվեն արդեն շինարարական աշխատանքները։
- Ամուլսարի հանքի պատմությունը մի քանի փուլ անցավ` մինչեւ 2018 թվականը, երբ կատաղի պայքար էր գնում դրա դեմ, ապա՝ 2018-ից հետո, երբ որոշ ժամանակ դեռ բողոքի ակցիաները շարունակվում էին, իսկ փողոցից իշխանության եկած մարդիկ չէին ուզում հասարակական կազմակերպությունների ցանկություններին դեմ գնալ, եւ կառավարությունը միջազգային փորձաքննություն նշանակեց: Բայց դրանից ոչինչ պարզ չդարձավ` փորձաքննության վրա ծախսված 400 հազար դոլարն էլ ջուրը գնաց: Հետո կառավարության կողմից երկակի մոտեցումներ ցուցաբերեցին հանքի շահագործման հետ կապված, հետո էլ որոշվեց, որ պետք է շահագործվի։ Ո՞ր փուլում եւ ինչի՞ համար իշխանությունները հանգեցին այն տեսակետին, որ հանքը պիտի շահագործվի։
- Ինչպես գիտեք՝ 2018 թվականի հունիսի 22-ից մենք կանգնած էինք, այնուհետեւ իրականացվեցին բազմաթիվ ուսումնասիրություններ՝ թե՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի, թե՛ բնապահպանական փաստաթղթերի, ներգրավվեցին տարբեր միջազգային կառույցներ, որոնք իրենց կարծիքը տվեցին։ Ինձ թվում է՝ այդ ամբողջն ուսումնասիրելուց հետո, որն ավարտվեց 2021 թվականի դեկտեմբերին, կառավարությունն արդեն վստահություն ունեցավ, որ ծրագիրը համապատասխանում է բնապահպանական եւ սոցիալական բոլոր չափանիշներին, եւ մենք գտանք հնարավորություն՝ աշխատելու եւ համագործակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։
- Կառավարությունն այժմ հանքի շահագործման մեջ 12.5 տոկոս փայաբաժին ունի, ինչի՞ դիմաց է տրվել կառավարությանն այդ փայաբաժինը։
- Դա համագործակցության առաջարկ է եղել ընկերության կողմից, ենթադրվում է, որ որոշ աջակցություն մենք կունենանք կառավարությունից՝ ոչ ֆինանսական, բնականաբար, բայց ինչ-որ մեծ ակնկալիքներ չունենք։ Այդ փաստաթուղթը դեռ չկա, երբ որ լինի, այն ժամանակ ինֆորմացիա կտամ, այս պահին չունեմ ինֆորմացիա։
- Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ նախադեպ է, երբ մասնավոր կազմակերպությունները, ինչպիսին «Լիդիան Արմենիան» է կամ ԶՊՄԿ-ն, կառավարությանը փայաբաժին են տալիս կամովին։ Սա, ըստ Ձեզ, բիզնես միջավայրի ձեւավորման առումով լա՞վ նախադեպ է։
- Նման գործելաոճ, նման համագործակցություններ կան աշխարհի տարբեր երկրներում։ Մի կողմից դա նայվում է դրական, որովհետեւ մեծ բիզնեսը միշտ ունի պետության կողմից աջակցության անհրաժեշտություն, եւ հետո՝ պետությունն էլ իր հերթին ստանում է ավելի շատ շահույթ՝ լինելով մեծ ձեռնարկությունների բաժնետեր։ Մյուս կողմից, կարծում եմ, մասնավոր-պետություն հարաբերությունների մասին է խոսքը գնում։ Եթե որոշ մասնավորներ չուզենան պետության հետ համագործակցել, դա իրենց պրոբլեմն է, իրենց ցանկությունն է։ Դա, ինձ թվում է, պետք է թողնենք պետության եւ բիզնեսի հարաբերությունների վրա, չեմ կարող ասել՝ դրակա՞ն են, թե՞ դրական չեն․ աշխարհում կա նման փորձ, եւ, կարծում եմ, այդ փորձը վատը չէ, այսօր մենք տեսնում ենք, որ ԶՊՄԿ-ն միայն շահում է այդ համագործակցությունից։
- Կային բնապահպան ակտիվիստներ, որոնք դիրքեր էին տեղադրել Ամուլսարի հատվածում, ասում էին, որ Ամուլսարը մնալու է սար` հանք չի դառնալու։ Դատարան էին դիմում: Գիշերում էին վրաններում: Նրանց հետ հարաբերությունները կարգավորվե՞լ են, եւ եթե այո, ապա ինչպե՞ս։
- «Հարաբերությունների կարգավորումը», ինձ թվում է՝ մի քիչ ճիշտ չէ ասված․ մենք աշխատում ենք ե՛ւ բնապահպանների, ե՛ւ բնապահպանական ընկերությունների հետ անընդհատ, դա շարունակական աշխատանք է լինելու հանքի կառուցման եւ շահագործման ընթացքում։ Ինձ թվում է՝ այդ երկխոսությունը կարեւոր է եւ պետք է անընդհատ ունենալ բոլոր շահառուների հետ՝ ներառյալ, իհարկե, բնապահպանների հետ։
- Այս պահին հայտնի՞ է, թե ինչքան աշխատատեղ է լինելու, եւ արդյոք Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչնե՞րն են հիմնական աշխատողները լինելու, թե՞ դրսից եք բերելու: Եվ միջինը ինչքա՞ն աշխատավարձ է նախատեսվում։
- Մենք ենթադրում ենք, որ շինարարության ընթացքում կունենանք 900 աշխատատեղ, հիմնականում աշխատելու ենք, որ աշխատատեղերը զբաղեցնեն շրջակա համայնքների բնակիչները, այնուհետեւ ունենալու ենք մասնագիտական 750 աշխատատեղ։ Ընկերությունը, գիտեք, ունեցել է թրեյնինգային ծրագրեր, աշխատել է համայնքներից աշխատակիցների հետ, մասնագիտական աշխատուժ է պետք լինելու արդեն, ոչ թե բանվորական, որի աշխատանքները կտարվեն այս ընթացքում։ Աշխատավարձից հիմա չեմ ուզում խոսել, բայց մեր աշխատավարձերն Ամուլսարի ծրագրում վատը չեն եղել 2017-18 թվականներին, կարծում եմ՝ նույն չափով, նույն որակի վերաբերմունք է լինելու աշխատակիցներին ե՛ւ ֆինանսական տեսանկյունից, ե՛ւ միջազգային չափանիշների տեսանկյունից։
- 2018 թվականից մինչ օրս «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերը փոխվե՞լ են։
- Սեփականատերերը չեն փոխվել, բայց 2020 թվականին ընկերությունն ապացուցակվել է, ունի 2 հիմնական ներդրող՝ Orion Mine Finance եւ Osisko Gold Royalties, ներդրվել է եւս մեկ ընկերություն, որը կիրականացնի շինարարությունը եւ հանքի շահագործումը։