Հասարակություն

Ընտրովի հիշողություն

Ընտրովի հիշողություն

Մարդը հիշաչար արարած է` կարող է հարեւանի հետ կատարված ողբերգությունը հաջորդ օրն իսկ մոռանալ, իսկ 20 տարի առաջ իրեն ասված մի թթու խոսքը հավերժ հիշել: Շատ քիչ մարդիկ կան, որոնք սեփական նեղացածությունը կարող են մոռանալ, ոչ թե իրենց ուղղված փոքրիկ վիրավորանքի վրա կենտրոնանալ, այլ ելնել համընդհանուր շահերից, իրենց պետության ու հանրության դեմ արված ոտնձգությունները վեր դասել իրենց անձի դեմ արված ոտնձգություններից: Մարդիկ նաեւ ընտրովի հիշողություն ունեն եւ այդ պրիզմայով են բոլորին ու ամեն ինչ գնահատում: Դա է պատճառը, որ մարդիկ անցյալի ընտրակեղծիքները հիշում են, հաղթանակները` մոռանում, Հյուսիսային պողոտայից վտարվածների ողբն ու բողոքը մտապահել են, իսկ Հյուսիսային պողոտայի կառուցումը` «մոռացել», «Ա1+»-ի փակվելը հավերժ երեսով են տալիս, իսկ այն, որ 2018-ից հետո 2 հեռուստաընկերություն է փակվել, չեն էլ նկատել: Ոմանց համար 2016 թվականի 100 զոհն ավելի թանկ է ու ցավալի, քան 2020-ի 5 հազար զոհերը: Նրանք այսօր արված ասֆալտը գովում են, իսկ նախկինների ժամանակ կառուցված Մոնումենտի ճանապարհը, Վահագնի թաղամասը, Դավթաշենի կամուրջը, առեւտրի մեծ մոլերը, Վարդանյանների եւ «Տաշիրի» կառուցած այգիները, նորոգված գետնանցումները չեն էլ հիշում: Այսօր բերված ավտոբուսների համար շնորհակալ են, իսկ այն, որ մի ժամանակ Երեւանի բարձրահարկերն էին լվանում ու ներկում, ամենուր «Երեւան» գրությամբ գեղեցիկ նստարաններ դրվեցին` իսպառ ջնջվել է մարդկանց հիշողությունից: Փոխարենը շատ լավ հիշում են, թե ինչպես էին իրենց թաղի մի քանի թափթփուկ նախընտրական ցուցակներ կազմում, անձնագրեր հավաքում, ինչպես էին օլիգարխների հղփացած թիկնապահները մարդկանց վախի մեջ պահում: Այո, հիշողությունն ընտրովի է գործում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image