էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղան հայկական երկու լաստանավերը, որոնք դեռ հունիս ամսին պետք է ծով դուրս գային։
Քերոբյանն ասաց նույնը, ինչ նախորդ ամիսներին էր ասում՝ աշխատում են այդ ուղղությամբ։
«Ես վերջին մի քանի հարցազրույցների ընթացքում ասել եմ, որ մենք աշխատում ենք, և հաջորդ նորությունը, որ դուք կիմանաք էս առթիվ, դա լաստանավի աշխատելն է»,-ասաց նախարարը։
Մեր դիտարկմանը, թե ե՞րբ կլինի այդ նորությունը, քանզի շատ երկար ձգվեց իր խոստման կատարումը, Քերոբյանն ասաց․ «Չեմ կարող ասել։ Ես էլի պետք է կրկնեմ, որ, այո, մենք ի սկզբանե գիտեինք,որ այս նախագիծը ռիսկային նախագիծ է, ու նաև էդ պատճառով է, որ երկար ժամանակ որևիցե մեկը չի ստանձնել կամ հանձն չի առել՝ էդ խնդիրը լուծել, հիմա մենք սկսել ենք, եթե չստացվի, մենք կընդունենք մեր ձախողումը»։
Վահան Քերոբյանը չասաց՝ որն է խնդիրը, որ այսպես ձգձգվում է ու չի ստացվում այդ թույլտվությունը, որով պետք է մեր լաստանավերը իրավունք ստանան ծով դուրս գալ։ Ասաց՝ խնդիրները շատ-շատ են, և առաջարկեց սպասել՝ մինչև լաստանավը կաշխատի։