Մի ժամանակ «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետ Փաշինյանը տատանվում էր Եվրոպայի ու հյուսիսային կողմի միջև: Եվրոպայից անվտանգություն էր ակնկալում, իսկ Ռուսաստանն ապահովում է երկրի տնտեսական կյանքը: Եվրոպայից ակնկալիքը վիրտուալ էր, չնայած ֆրանսիական պաշտպանական սպառազինության ձեռքբերումը: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ այն լավագույնների շարքին չի դասվում: Բայց եթե նույնիսկ դասվեր էլ, եվրոպական անվտանգություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Այն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից: Թե՛ եվրոպական երկրներում տեղակայված ամերիկյան բանակից և թե՛ գնվող ամերիկյան սպառազինությունից: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերեմ մեկ դրվագ օրերս ավարտված դավոսյան հերթական ամենամյա հանդիպումից: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը հայտարարել էր, որ Եվրոպան կարող է ինքն իրեն պաշտպանել առանց ԱՄՆ-ի: Իսկ հաջորդ պահին՝ երբ լրագրողները վրա են տվել, ասել է, որ ինքը չի ասել, որ Եվրոպան կարող է ինքն իրեն պաշտպանել առանց ԱՄՆ-ի: Այսպիսի պատկեր:
Ինչպես երևում է, Թրամփի ուղի վերածված «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ մեր «մեծարգոն» եվրոպական գրկից ցատկեց ամերիկյանի գիրկը: Իհարկե, Ազգային ժողովը չի չեղարկել ԵՄ-ին միանալու կամ, ավելի ճիշտ, մերձենալու վերաբերյալ ընդունված անիմաստ օրենքը: Բայց այն կարող է ուղղակի մոռացվել, ինչը նիկոլական վարչապետության պարագայում բնական բան է: Ինչևէ, եթե ԱՄՆ-ի ուղղությամբ ցատկը կատարվեր նախքան 2018-ի իշխանափոխությունը, նաև «դուխով» Նիկոլի «գերագույն» հրամանատարությամբ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի խայտառակ պարտությունն ու Արցախի էթնիկ զտումը, գրկից գիրկ ցատկը կարելի էր նաև ողջունել: Բայց այս օրերին, երբ գերլարված են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, երբ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը գտնվում են չհայտարարված պատերազմի իրավիճակում, շատ դժվար է պատկերացնելը, թե տնտեսական և անվտանգոային առումով ինչ է տալու Հայաստանին աշխարհաքաղաքական նիկոլական ցատկը: Որովհետև չեմ կարծում, թե Թրամփի ուղին (կամ TRIPP-ը) կարող է փոխարինել Ռուսաստանի ուղղությամբ արտահանումներին: Եվ կամ էլ ապահովելու, ասենք, Ջերմուկի անվտանգությունը:
Այս պայմաններում թշնամական Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը, իսկ Նիկոլի կառավարությունը՝ նվազեցնում: Կարող են ասել, թե ծախերի մեծացումը պայմանավորված չէ Հայաստանով: Որ Ադրբեջանն արդեն այսօր պատրաստվում է Իրանից բավական մեծ կտոր պոկելու հնարավորությանը: Դժվար է ասել, թե որքան է այն իրական, սակայն եթե Իրանն ինչ-որ ձևով ներքաշվի պատերազմի մեջ, ապա մեծ հավանականությամբ ադրբեջանական հարվածի ուղղությունը կարող է փոխվել դեպի Հայաստան: Չեմ կարծում, թե մեծ պատերազմ կլինի՝ դժվար թե դա թույլատրվի, բայց փոքր հարձակումն էլ չեմ կարող բացառել: Հատկապես որ չունեմ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան տիկնոջ լավատեսությունը: Ով, հիշե՛նք, 2020-ի կարծեմ ամռանն էր ասել, որ Արցախի վրա ադրբեջանական հարձակման պարագայում բացառում է Թուրքիայի ներգրավվածությունը դրանում: Հարվածն էլ, եթե այն տեղի ունենա, լինելու է ոչ թե TRIPP-ի, այլ, ասենք, Ջերմուկի կամ Սևանա լճի ուղղությամբ: Իսկ փոքր պատերազմի դեպքում դրան չեն խառնվի ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Միացյալ Նահանգները: Որովհետև առաջինը դեռևս խրված է Ուկրաինայում ու երկրորդ ճակատ նրան պետք չէ: Իսկ ԱՄՆ նախագահը հարգում է Իլհամին որպես ուժեղ նախագահի ու դժվար թե հանուն հայկական ինչ-որ տարածքների կոնֆլիկտի մեջ մտնի նրա հետ: Հատկապես որ այդ երկրների միջև արդեն հաստատվում են ռազմավարական լուրջ հարաբերություններ:
Դե իսկ «մեծարգո» վարչապետ Փաշինյանին էլ մնում է համեստությամբ «գրավել» նախագահ Թրամփի սիրտն ու դրանով փորձել «ապահովել» Հայաստանի անվտանգությունը: Բայց քանի որ համեստությունն անվտանգային գործոնների շարքից դուրս է, մեզ մնում է ընդամենը 4 ամսում անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի հունիսի 8-ին արթնանանք ուրիշ Հայաստանում: