Ռուսաստանի, ՄԱԿ-ի, Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ գործող հացահատիկային գործարքի դադարեցումը, բնականաբար, կհանգեցնի գնաճի, որը, ի դեպ, արդեն իսկ սկսվել է։ Մասնագետները կանխատեսում են, որ աշխարհում կարող է նորից սրվի պարենային ճգնաժամը։ Ըստ վիճակագրական տվյալների, այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց, որ հացահատիկային գործարքը դադարեցնում է, Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 4.24%-ով՝ հասնելով 6.89 դոլարի՝ մեկ բուշելի դիմաց, ինչը հավասարազոր է 27 կգ-ի (տվյալները՝ ըստ «Լուրերի»)։ Պատկերացնելու համար իրավիճակը, նկատենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միասին ապահովում են ցորենի համաշխարհային շուկայում արտահանումների ավելի քան 30 տոկոսը, իսկ հացահատիկային գործարքի գործողության մեկ տարվա ընթացքում, համաձայն ՄԱԿ-ի տվյալների, ուկրաինական նավահանգիստներով 32 միլիոն տոննա պարենային ապրանքների անվտանգ անցում է կազմակերպվել, որից 725 հազարը, որպես մարդասիրական օգնություն, ուղարկվել է Աֆղանստան, Եթովպիա, Քենիա, Սոմալի, Սուդան եւ Եմեն: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել։ Հնարավոր է, որ հարցը կարգավորվի ինչ-որ տարբերակով, հնարավոր է, որ ավելի սրվի, հատկապես, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Համենայնդեպս, աշխարհը շունչը պահած հետեւում է, իսկ միջազգային հեղինակավոր պարբերականները շարունակում են իրենց հրապարակումներում արծարծել թեման՝ հարցը տեղավորելով ռուս-ուկրաինական պատերազմի ընդհանուր համատեքստի մեջ, գործարքի դադարեցումը հատկապես պայմանավորելով Ղրիմի կամրջի՝ ուկրաինական ուժերի կողմից ռմբահարմամբ։
Դեռեւս անհայտ է նաեւ, թե արդյոք հնարավոր կլինի՞ գործարքը շարունակել Ուկրաինա-Թուրքիա-ՄԱԿ ֆորմատով, որովհետեւ Ռուսաստանն այս դեպքում արդեն հայտարարել է, որ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ, այսինքն՝ նվազագույն կասկածի դեպքում, որ բեռնանավերում կարող են լինել ռազմական նշանակության իրեր, ասենք՝ դրոններ, դրանք կարող են թիրախավորվել ռուսական ռազմաօդային ուժերի կողմից։
Սակայն այս ամենի առնչությամբ մեզ հետաքրքիր է այն, թե իրավիճակն արդյոք կազդի՞ Հայաստանի վրա եւ ինչպե՞ս կազդի։ Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի՝ «Լուրերին» տված պարզաբանման, «Հայաստանի հացահատիկի պահանջարկը տարեկան միջինում գնահատվում է շուրջ 527 հազար տոննա, որից 385 հազարը ներկրվում է, եւ դրա գերակշիռ մասը՝ շուրջ 99 տոկոս եւ ավելի` ՌԴ-ից, որի հիմնական մասը ցորենն է: Հայաստանն ունի նաեւ իր որոշակի ռազմավարական պաշարները, եւ կարծում եմ` այս պահի դրությամբ, թեկուզ այդ ցորենի գործարքից ՌԴ-ի հրաժարումը ԵԱՏՄ երկրների մասով որեւէ խնդիրներ չի առաջացնի, եւ մատակարարումներ կիրականացվեն` ըստ սահմանված պայմանագրային գների եւ ծավալների: Ըստ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում ցորենի ինքնաբավությունը 27.5 տոկոս է։
Այն, որ Ռուսաստանից ցորենի մեզ հասանելիք մատակարարումները կլինեն, իհարկե, հուսադրող է, այն, որ մենք նույնիսկ 30 տոկոսով ցորենի ինքնաբավություն չունենք, պարենային ապահովման ռազմավարության տեսակետից, կարծում ենք՝ լուրջ խնդիր է։