Հարցազրույց

«Հրապարակ». Եթե Գյումրու քաղաքապետի ԺՊ-ն ձյունն օդի մեջ չբռնեց, քաղաքը դժգոհելու է

«Հրապարակ». Եթե Գյումրու քաղաքապետի ԺՊ-ն ձյունն օդի մեջ չբռնեց, քաղաքը դժգոհելու է

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու  քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու Դավիթ Առուշանյանի հետ։

- Պարոն Առուշանյան, լինելով ԱԺ պատգամավոր՝ Դուք հայտ եք ներկայացրել Գյումրու փրայմըրիզին մասնակցելու, Ձեր ներկայիս բարձր կարգավիճակին չե՞ք հարմարվել, որ ուզում եք Գյումրի վերադառնալ, թե՞ առաջադրվել եք, որ մրցակցային ֆոն ապահովեք մյուսների համար, քանի որ դեռ շաբաթներ առաջ էին խոսում, որ Փաշինյանի «սրտի թեկնածուն» նրա կնոջ ազգականն է՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։

- Ես շատ հարմարվող եմ, իմ համար Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնն էլ էր հարմար, պատգամավորի կարգավիճակն էլ, իսկ մանդատը պատասխանատվություն է, գյումրեցին ինչ մանդատ տվեց աշխատելու, դա էլ իմ համար մանդատ է՝ կարեւոր չէ, թե այդ աշխատասենյակը Գյումրիում է, թե Ազգային ժողովում։ Իմ աշխատանքի նպատակը որեւիցե արժեք ստեղծելն է, եթե գյումրեցին հարմար գտնի, որ ես պետք է շարունակեմ արժեք ստեղծել Գյումրիում, ես խնդիր չեմ տեսնում։

- Պատգամավորի մանդատն արդեն ունեք, ես էլ դա եմ ասում` գուցե չե՞ք կարողանում այստեղ աշխատել։

- Հարցը տեղին կլիներ, եթե մենք ստատուսներից, պաշտոնակռվից կամ աթոռի պաշտամունքից խոսեինք։ Այստեղ խոսքը վստահության ու ծառայության տեղի մասին է, իսկ ծառայությունը որտեղ ես մատուցում` էական չէ, եթե գյումրեցին ուզեց, որ ես շարունակեմ քաղաքապետարանում ծառայություն մատուցել, ես դա կանեմ սիրով։

- Մեկ է` ավելի համոզիչ է, որ առաջադրվել եք՝ ֆոն ապահովեք։

- Ես երբեւիցե ֆոն չեմ եղել եւ չեմ էլ լինի, ես Դավիթ Առուշանյանն եմ, շատերն են ինձ ճանաչում եւ գիտեն, որ ես ֆոնի, մասովկի տպավորություն չեմ թողնում։ Որքան էլ այդ խոսակցությունները կան, որ այս ընտրություններն ինչ-որ մեկի համար արած պրոցեսներ են, դա այդպես չէ, միֆ է։ 

- Այդպես էլ չեք հստակեցնում, թե նախնական քվեարկությունը որ շրջանակում է անցկացվելու, որքանով տեղյակ եմ` բազմաթիվ թեկնածուներ են առաջադրվել, այդ թվում՝ այլ կուսակցության անդամներ, ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել թեկնածուները, քանի՞ հոգի է մասնակցելու քվեարկությանը, որտե՞ղ է այն անցկացվելու, ինչպե՞ս։ Ասենք՝ հնարավոր չէ՞, որ թեկնածուներից մեկն իր ազգուտակին բերի` քվեարկեն եւ դրանով ազդեն արդյունքների վրա։

- Նախ՝ ամենասկզբում վարչապետն ասել է, որ  առաջադրվելու են ինչպես կուսակցականներ, այնպես էլ համախոհներ, համակիրներ, այսօր երեկոյան վարչությունը կհրապարակի, եւ թեկնածուների ցանկում դուք կտեսնեք նաեւ անկուսակցականներ, գաղափարակիցներ։ Իսկ ընտրողները լինելու են գյումրեցիները, ձեր նշած շրջանակ, որպես այդպիսին, չեն լինելու, ասենք` մշակութային գործիչները կամ սպորտսմենները եւ այլ նման շրջանակներ։

- Ի՞նչ ընթացակարգով է քվեարկությունը լինելու, մարդիկ պայմանական տեղամասե՞ր պետք է այցելեն, թե՞ շրջիկ խմբերը քվեատուփով մոտենալու են պատահական անցորդների եւ ասեն՝ քվեարկեք։

- Աշխատանքային խումբ է ստեղծվել, առաջիկայում կորոշվի նաեւ ընթացակարգը, մենք այս պահին չգիտենք՝ ոնց է կազմակերպվելու, գյումրեցիները ներգրավված չեն այդ գործընթացում, ՔՊ գրասենյակում են այդ հարցերը որոշվելու՝ անաչառությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու նպատակով։ Իմ պատկերացմամբ, խիստ նախնական մոդելի մասին եմ ձեզ ասում, 3 օր՝ դեկտեմբերի 8, 9, 10-ին շրջելու են քաղաքի տարբեր փողոցներում, թաղերում, այցելելու են տներ, այնպես չի լինելու, որ մի թաղ, մի մուտք են նախատեսել, որը հետո կարող է պարզվել, որ, ասենք, մորքուրիս պադյեզդն էր, ու բոլորն ինձ են ընտրել։

- Եթե ամեն բան գրասենյակում է որոշվում եւ շրջիկ քվեարկության տարբերակով, դա չի՞ հիմնավորում կասկածները, որ անաչառ չեն լինելու արդյունքները։

- Եթե կա նման թեկնածու, որ կարող է 3-4 օրում փակել 120 հազարանոց քաղաքը, ուրեմն միանշանակ ինքն էլ պիտի լինի Գյումրու քաղաքապետը։ Իրականում անհնար է գիտենալ՝ ում տուն են գնալու, եւ գնալ-փակել։

- Ի՞նչ նկատի ունեք «փակել» ասելով։

- Բոլորի տները մտնել եւ ասել՝ ժողովուրդ ջան, որ եկան, ինձ կընտրեք։

- 120 հազարից քանի՞ հոգի է ընտրելու։

- Թիվ չեմ կարող ասել։

- Եվ ինչո՞ւ չպետք է մտածենք, որ մի քանի հազար կուսակիցներ ընտրությանը մասնակցելով` նախապես ստացած հրահանգով չեն քվեարկելու։

- Եկեք այլ տեսանկյունից հարցին նայենք, այն, ինչ հիմա արվում է, ո՛չ օրենքի պահանջ է, ո՛չ կուսակցական կանոնադրության: Արվում են՝ ինչ-որ բաներ ստուգելու, նոր մեխանիզմ գործարկելու, քաղաքականության մեջ նոր ինստիտուտներ ներդնելու համար: Եթե այդ ամենը պետք է անել կեղծիքով, իմաստը ո՞րն է։ Ի վերջո, մի մոռացեք, որ 2018 թվականից հետո Հայաստանում մենք այն ուժն ենք, որ ժողովրդավարություն ենք բերել, եւ ընտրությունները չեն կեղծվել։

- ՔՊ-ում անգամ վարչության ընտրություններն են կեղծել, անգամ վերահաշվարկ արվեց` վարչության կազմը փոխվեց, դա չեք կարող հերքել, դրանից հետո փլվեց այդ միֆը, թե դուք չեք կեղծում ընտրությունները։

- Վարչության ընտրությունները չեն կեղծվել, իսկ կարող է հազարից ավել ընտրողների պարագայում ․․․քանի որ չկար համակարգչային համակարգ, տեխնիկական խնդիրներ են եղել․․․

- Բա հո չէի՞ք ասելու` կեղծել ենք, տեխնիկական խնդիրներ հորինեցիք: Լավ, դա անցած էտապ է, հիմա վերադառնանք Գյումրիին․ ասում եք` ի՞նչ իմաստ ունի կեղծել, եթե դուք էլ եք ուզում մրցակցային թեկնածու ունենալ, բայց երբ հայտարարվեց, որ Փաշինյանն ուզում է համայնքապետի ԺՊ նշանակել, արդեն պարզ է, որ ընտրվելու շանսեր չկային, դրա համար ԺՊ է նշանակում, որ վարչական լծակների գործադրմամբ ընտրություն կրեք: Հակառակ պարագայում` ոչ թե ՏԻՄ, այլ Ընտրական օրենսգիրքը կփոխեիք եւ ընտրությունների կազմակերպումը կլիազորեիք, ասենք, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին ու միանգամից արտահերթ ընտրության օր կնշանակեիք։

- Ըստ օրենքի՝ քաղաքապետը գործառույթներ ունի՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված, հիմա ԺՊ-ի նշանակումը հենց այդ նպատակով է արվում, ԸԸՀ նախագահը դա չի կարող անել, դրանք համայնքապատկան տարածքներ են` որտեղ պետք է թույլատրի պաստառներ փակցնել, ես, ճիշտն ասած, իրավական հարցերում չեմ կարող վիճել, բայց իմ տրամաբանությամբ՝ համայնքապատկան տարածքներում համայնքապետը կարող է թույլ տալ։

- Այդպես չէ` ԺՊ նշանակում եք, որ մի քանի ամիս բյուջեի հաշվին ինչ-որ գործ անեք գյումրեցիների համար, գործի դնեք ադմինիստրատիվ լծակները։

- Մի ուռճացրեք, հիմա ԺՊ ես, ավագանի չունես, ձմեռ է, խնդիրները ԺՊ-ի վրա ավելի շատ են, քան առավելությունները, որ դուք նշում եք։ Ես քաղաքապետարանում աշխատել եմ եւ շատ լավ պատկերացնում եմ, որ եթե ԺՊ-ն ձյունն օդի մեջ չբռնեց, քաղաքը դժգոհելու է, իսկ Գյումրիում շատ խիստ ձմեռներ են լինում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image