Քաղաքականություն

ՔՊ կոչվածը կլինի՞ ընդհանրապես

ՔՊ կոչվածը կլինի՞ ընդհանրապես

«Մեծարգո վարչապետ» Փաշինյանի կողմից երկրորդ անգամ շնորհի արժանացած և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Թորոսյան Արսենի ասելով, իրենք արդեն ընդդիմություն եղել են և չեն վախենում կրկին հայտնվել այդ կարգավիճակում: Իհարկե, ողջունելի է իշխանական արտոնություններից ու բարձր եկամուտներից զրկվելու առումով վերջինիս համարձակությունը: Բայց աչքիս ինքը մոռանում է, որ, ինչպես մամուլն է գրել ժամանակին, անձամբ իր նկատմամբ նիկոլական իրավապահները որոշ հետաքրքրություն են ցուցաբերել: Չեմ կարող ասել, թե ինչով է դա ավարտվել և, ընդհանրապես, ավարտվել է, թե ոչ, բայց այդ հանգամանքի պատճառով ընդդիմադիր Թորոսյանով շատ ավելի լրջորեն դժվար թե չզբաղվեն նոր իշխանությունները: Կարծում եմ, որ ինքը դա հասկանում է, բայց ցանկանում է պահպանել դեմքը: Իսկ ես այսօր արդեն փորձում եմ պատկերացնել, թե ինչ ընդդիմություն են լինելու Արսենը կամ մնացած ՔՊ-ականները: Կամ ՔՊ կոչվածը լինելու է ընդհանրապես…

Ինչ մնում է գործող իշխանության «գաղափարներին և կատարած ահռելի աշխատանքին», ապա լավ կլիներ, որ չլինեին ո՛չ այդ գաղափարները և ո՛չ էլ կատարած աշխատանքը: Որովհետև այդ իշխանության գաղափարախոսության առանցքային գծերը՝ կեղծիքն ու պոպուլիզմը, ոչ թե հպարտության առարկա են, այլ լացելու: Դրա միջով մեր սերունդն անցել է խորհրդային տարիներին, և դրանք, ի վերջո, հանգեցրին խորհրդային պետության կազմաքանդմանը: Իհարկե, այլ գործոններ ևս կային, սակայն սուբյեկտիվ գործոնների դերը շատ ավելի գործուն էր: Կարծում եմ, որ ժողովրդավարության անվան ներքո ոստիկանապետություն կառուցելու ջանքերն, ի վերջո, հանգեցնելու են նույն վերջաբանին: Եվ դա շատ ավելի արագ կկատարվի՝ հաշվի առնելով, որ մենք չունենք մարդկային և նյութական այն մեծ ռեսուրսները, որ առկա էին ԽՍՀՄ-ում:

Գաղափարներից անցում կատարենք իշխանության կատարած «ահռելի աշխատանքին». ՀՆԱ-ի աճ, աշխատատեղերի թվի ավելացում, միջին աշխատավարձի բարձրացում և այլն: Կարծում եմ, որ եթե ժամանակակից պայմաններում՝ կապված Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետ, Նիկոլենց փոխարեն պապուասցիներ կառավարեին երկիրը, ապա կհասնեին նույն արդյունքների: Եթե, իհարկե, ավելի բարձր ցուցանիշներ չարձանագրեին: Որովհետև իշխանությունը պետք է լիներ կատարյալ դեբիլների հավաքածու, որպեսզի չկարողանար օգտվել անկախ իրենցից ձեռք բերված այդ հնարավորությունից: Ասեմ ավելին, Դիելա անվանումով արհեստական բանականությունը պետական գնումների նախարար է նշանակվել Ալբանիայում: Ու կարծում եմ, որ կլինի շատ ավելի արդյունավետ ու օրինավոր, քան նրա հայաստանյան գործընկերները: Հասանք Թորոսյանի հիշատակած գլխավոր առաջընթացին. Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությանը: Նախ, այն դեռևս չի հաստատվել, ու այդ պատճառով էլ այդ երկրի ղեկավարը չի պատրաստվում հաջորդ տարի այցելել Հայաստան, ինչը շատ կցանկանար Թորոսյանին նախարարի պաշտոնի նշանակած անձը: Երկրորդ, չի կարող կայուն խաղաղություն հաստատվել պատերազմում մեկի հաղթանակի և մյուսի պարտության արդյունքում: Որովհետև իշխանությունը՝ հատկապես թշնամուն պարտվածը, որքան էլ ինքն իրեն համարի հարատև, կարճ ժամանակ անց այդ երկրի բնակչության կողմից գցվում է պատմության աղբարկղը: Իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա վերանում է թե՛ այդ իշխանությունը և թե՛ պետությունը: Այնպես որ Թորոսյանի փոխարեն ես չէի հպարտանա այն խաղաղությամբ, ինչը ձեռք է բերվում մուրալու շնորհիվ: Եթե իրականությունն այլ լիներ, ապա իրենց իշխանության օրոք ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ չէր ասի, թե «Եթե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մե՞ղքն է»։ Ու ավելացներ, որ դա իշխանության մեղքը չի, ինչից ենթադրվում է, որ դա ընդդիմության և կամ լրագրողների մեղքն է: Թորոսյանը երևի տեղյակ չէ, որ պարտության մեղքն ընկնում է հրամանատարի վրա, ու այդ պատճառով էլ արաժանապատվություն ունեցող հրամանատարներն ինքնասպանություն են գործում: Իսկ իրեն նախարար նշանակած անձը պատերազմի սկզբին գլուխ էր գովում, թե ինքն է գերագույն հրամանատարը:

Ու Միրզոյան Արոն էլ մեզ խորհուրդ էր տալիս չշշկռվել գերագույնի առումով: Հետաքրքիր է՝ վաղ թե ուշ կատարվելիք իշխանափոխությունից հետո ինչպե՞ս են արդարանալու արոններն ու արսեննները՝ իրենց առաջնորդի հետ միասին: ՀԳ. Ինչ մնում է անօրինական երկրորդ պատարագին, ապա, անկեղծ ասած, ես ենթադրում էի, որ այս անգամ «մեծարգոն» իրականացնելու է ՔՊ-ականների և նրանց ընտանիքների անդամների համատարած զորահավաք: Սակայն Նիկոլի նկատմամբ իրականությունը շատ ավելի դաժան եղավ, քան պատկերացնում էի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image