Քաղաքականություն

«Հրապարակ». Հռոմի ստատուտը վավերացնելու արդյունքում մի բան ստացանք՝ Ռուսաստանի նեգատիվը

«Հրապարակ». Հռոմի ստատուտը վավերացնելու արդյունքում մի բան ստացանք՝ Ռուսաստանի նեգատիվը

Մինչ Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի շրջանակներում բանակցում են միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցով, Ադրբեջանը Հաագայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նոր հայց է ներկայացնում: Այս անգամ պահանջը Լեռնային Ղարաբաղի շրջակա միջավայրի եւ կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար փոխհատուցումն է: Սա արդեն Ադրբեջանի երկրորդ հայցն է ընդդեմ Հայաստանի: Առաջին դիմումով էլ Բաքուն Երեւանից ֆինանսական փոխհատուցում է պահանջել՝ Լեռնային Ղարաբաղի էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման, արտադրված էլեկտրաէներգիան Հայաստան արտահանելու համար: Իսկ Հայաստանը Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Ադրբեջանի պահանջ չունի:

Բացի արբիտրաժային դատարանից, Հաագայում կան նաեւ երկու այլ դատարաններ՝ Արդարադատության միջազգային դատարանը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն մեկական գործ` միմյանց դեմ, եւ Քրեական դատարանը, որում Հայաստանը կարող է կողմ լինել, բայց գործերը ներկայացվում են ընդդեմ ֆիզիկական անձանց:
Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին հարցրինք արբիտրաժային դատական հայցերի մասին, ինչո՞ւ արբիտրաժային դատարանին մենք ոչ մի հայց չենք ներկայացրել, արդյոք Հայաստանն Ադրբեջանին ներկայացնելու տնտեսական բնույթի պահանջներ չունի՞:
«Տեսականորեն կարող ենք ունենալ: Արբիտրաժային դատարանում հիմնականում ինվեստիցիոն վեճեր են կարգավորվում, համաձայն արբիտրաժային դատարանի բնույթի. այստեղ պայմանագրեր գոյություն ունեն, օրինակ, նույն Էներգետիկ խարտիայի պայմանագիրը, որտեղ պետությունները կարող են միջպետական գանգատներ ներկայացնել, եթե պարտավորությունների խախտում է տեղի ունեցել: Այսինքն, գործընթաց նախաձեռնելու հիմքը նաեւ միջազգային բազմակողմ պայմանագիրը կարող է լինել, ոչ միայն պետություն-մասնավոր կազմակերպություն ինվեստիցիոն պայմանագրերը: Օրինակ, նույն այդ ատյանում մենք ունենք Ամուլսարի գործն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Տպավորություն է ստեղծվում, որ մենք վավերացրինք Հռոմի ստատուտը, դարձանք Հաագայի դատարանի անդամ, բայց, փաստորեն, Ադրբեջանն ավելի ակտիվ է օգտագործում այդ տրիբունալները, իսկ մենք ոնց որ մի բան ստացանք այս ամբողջ գործընթացի արդյունքում՝ Պուտինի եւ Ռուսաստանի նեգատիվը: Մեկնաբանելով մեր այս կարծիքը՝ Սիրանուշ Սահակյանը նշեց. «Իսկապես, քաղաքական առումով Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը բացասական է ընկալվել եւ ազդել է Հայաստանի եւ այլ երկրների փոխհարաբերությունների վրա: Այս դատարանի գործունեությունն այս պահին էլ միանշանակ չի ընկալվում: Օրինակ, ԱՄՆ նախագահի ընտրություններից եւ վարչակազմի փոփոխությունից հետո բավականին ագրեսիվ պրոցեսներ են ընթանում, նույնիսկ այս դատարանում աշխատող պաշտոնյաները եւ աշխատակիցները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եւ այս համակարգի պատշաճ գործունեությունը բազմաթիվ մարտահրավերներ է առաջ բերում: Հայաստանի տեսանկյունից միայն վավերացումը թեեւ կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն, սակայն՝ շատ փոքր:

Ընդ որում, Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելով, ագրեսիայի հանցագործությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը չի վավերացրել եւ այս պահին ընդունել է այդ ատյանի յուրիսդիկցիան՝ երեք բնույթի հանցագործությունների համար․ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ: Սա կատարելով, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն ունեցել է կորուստներ, եւ տրամաբանական էր ակնկալել, որ դրան հաջորդելու է գործնական քայլ, որը տեղի չունեցավ, եւ ստացվեց, որ Հռոմի ստատուտը Հայաստանը վավերացրեց՝ Հայաստանի սուվերեն տարածքը եւ բնակիչների պաշտպանությունն իրավական առումով ուժեղացնելու համար, բայց Ադրբեջանն ագրեսիվ պատերազմի միջոցով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, այս պահին էլ շարունակում է օկուպացնել ՀՀ տարածքը, ավելին` Հայաստանի տարածքում կատարվեցին պատերազմական եւ այլ բնույթի հանցագործություններ, Ադրբեջանը 2023 թվականին բռնի տեղահանման ենթարկեց արցախցիներին, որոնք փախան Հայաստան, նաեւ շարունակաբար այդ հանցագործությունները բերեցին Հայաստանի Հանրապետություն, եւ Հայաստանն ունի հնարավորություն՝ բարձրաձայնելու պատժելիության խնդիրը, որովհետեւ կանխարգելումը պատշաճ չեղավ, բայց դա չարվեց»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image