Քաղաքականություն

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հիմա Լորդերի պալատ մտցրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հիմա Լորդերի պալատ մտցրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լորդերի պալատում շրջանառության մեջ է դրվել Միացյալ Թագավորության կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչման օրինագիծ, որը կքննարկվի այս տարվա դեկտեմբերին։

Քաղաքագիտական որոշ շրջանակների գնահատմամբ՝ այս օրինագիծը հաստատվելու լուրջ շանսեր ունի։ Ցեղասպանությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ճանաչվելուց հետո քաղաքագետներ Սուրեն Զոլյանն ու Թեւան Պողոսյանն էլ, հակառակը, կարծում են, որ ոչ մի բան չի փոխվել՝ նույն «հին ու բարի Անգլիան է», որը 21-րդ դարում, ինչպես սրանից 100 տարի առաջ, կանգնած է ադրբեջանա-թուրքական կոնֆեդերացիան խրախուսելու դիրքերում։ Զոլյանն անգամ պատմական ակնարկ արեց՝ հիշատակելով բրիտանացի գեներալ Թոմփսոնի ջանքերը՝ Սյունիքը միացնելու Ղարաբաղին՝ նահանգապետ Սուլթանովի հովանու ներքո։

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ինչի՞ մասին է խոսքը․ հիմա մեղադրում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծել են բոլշեւիկները, իրականում Բրիտանիան է ստեղծել՝ 18 թվականին, եւ միշտ էլ շատ զգայուն են եղել Ադրբեջանի հանդեպ, հիմա էլ հսկայական ծրագրեր ու հսկայական մասնաբաժին ունեն այդ նավթագազային արդյունաբերության հետ։ Եվ չեմ կարծում, թե դա ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ, որեւէ նշան չկա, որ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները կարող են ճգնաժամի բերել։ Մենք տեսնում ենք, թե այս ամենը (44-օրյա պատերազմը, գլխատումները, արգելված զենք եւ այլն) ինչպիսի հեշտությամբ է Ադրբեջանը հաղթահարում։ Նույն Ֆրանսիայի օրինակով, երբ Մակրոնն Էրդողանի անձնական վիրավորանքներից հետո հայտարարեց, որ Անկարայի ու Փարիզի հարաբերությունները նորմալանում են»։

Թեպետ Սուրեն Զոլյանը չբացառեց, որ ՄԹ-ի կողմից  ցեղասպանության ճանաչումը կարող է լինել խորհրդանշական ժեստ՝ ԱՄՆ-ից հետո, բայց պարզվում է՝ առաջին անգամ չէ, որ Լորդերի պալատում նման նախագիծ է դրվում շրջանառության մեջ․ նախկինում երկու անգամ՝ 2010 եւ 2015 թթ․, բրիտանական խորհրդարանում համանման նախագծեր դրվել են շրջանառության մեջ, սակայն չեն ընդունվել։ 

2010 թ․, եթե հիշում ենք՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում ակնկալվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ արձանագրությունների ստորագրում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ օրինագիծը մերժվեց՝ այդ գործընթացին չխոչընդոտելու հիմնավորմամբ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լորդերի պալատում ներկայացնող բարոնուհի Գլենիս Քինոկն այն ժամանակ  հայտարարեց․ «Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որեւէ քայլ, որը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։

Ինչպես 2010-ին, այնպես էլ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Լորդերի պալատում հարցը բարձրացրել էր  բարոնուհի Քերոլայն Քոքսը: Ի դեպ, 2015-ին, երբ Երեւանը հանդիսավորությամբ նշում էր ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Սերբիայի նախագահները եւ բազմաթիվ երկրների վաչապետներ ու արտգործնախարարներ Երեւանում՝ Ծիծեռնակաբերդում էին, բրիտանական թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն Չարլզն ընդունեց Էրդողանի՝ Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված ապրիլքսանչորսյան հանդիսություններին մասնակցելու հրավերը։

Նախագահ Արմեն Սարգսյանի նախկին խորհրդական Թեւան Պողոսյանն էլ նույն կարծիքին է․ «Պարզապես լորդերից մի քանիսը փորձում են հարցը բարձրացնել, բայց որեւէ սպասելիք չկա․ Բրիտանիայում չի փոխվել աշխատակազմը, նույն Ջոնսոնն է, նույն արտաքին քաղաքականությունը։ Իսրայելում էլ մի քանի անգամ դրվեց Քնեսեթում։ ԱՄՆ Կոնգրեսում քանի՞ անգամ հարցը բարձրացվեց եւ երբ ընդունվեց»։ Թեւան Պողոսյանը, անդրադառնալով այն փաստին, որ ՄԹ դեսպանը, օրինակ, ներկա չի եղել Շուշիում, հակադարձեց․ «Ոչինչ, որ գնացել են, ներդրումներ են անում օկուպացված տարածքներում»։ 

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը, հակառակը՝ կարծում է, որ մի շարք պատճառներով նման նախագիծը հնարավոր է։ Առաջին պատճառը Բրիտանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն է, որը պայմանավորված է Թուրքիայի ինքնագլուխ քաղաքականությամբ (ՌԴ-ի հետ մերձենալու ձգտումներով)։ «Մյուս պատճառը, կարծում եմ, այն է, որ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը հնարավորություն չի տալիս մյուս երկրներին այլեւս հարցականի տակ դնել, ասել, որ վստահ չենք՝ եղել է, չի եղել, որովհետեւ դրանով կվիրավորեն իրենց ավագ գործընկերոջը։ Դրա համար, կարծում եմ, որ այդ 2 պատճառներն էական են։ Կա նաեւ ներքին ծրագիրը, եւ դա այն է, որ Հայաստանին պետք է ավելի ու ավելի արեւմտյան կողմնորոշման դաշտ բերեն։ Դա քայլերից մեկն է»։

Արա Պապյանն այս կոնտեքստում չի մոռանում նշել ԱՄՆ-ում ստեղծված «Թուրքիայի ժողովրդավարացման» նախաձեռնությունը, որի աշխատանքային խմբում ընդգրկված են նախկին պաշտոնյաներ, բայց իրականում շատ լուրջ մարդիկ․ Ջոն Բոլթոն, Ջեբ Բուշ, սենատոր Լիբերման, ԿԸՀ 2-րդ դեմք, Իտալիայի նախկին արտգործնախարար եւ թուրք ընդդիմադիրներ։ «Սա գործիք է, որը պետք եղած ժամանակ կօգտագործվի Թուրքիային ճնշելու համար»,- կարծում է Արա Պապյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image