Երեւանի գլխավոր հատակագծի գործունեության ժամկետը, ինչպես հայտնի է, լրացել է դեռ 4 տարի առաջ` 2020-ին, որի գործողության ժամկետը Երեւանի ավագանու կողմից երկարացվեց մինչեւ 2024-ի վերջը, բայց ոչ ուշ, քան մինչեւ նոր գլխավոր հատակագծի մշակումը։
Սակայն, «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին անցումային դրույթների մասին որոշմամբ՝ այն բնակավայրերը, որոնք մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը։
Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, մինչեւ հուլիսի 1-ը օրենքով սահմանված կարգով, եթե գլխավոր հատակագիծ չլինի, Երեւանում քաղաքաշինական գործունեությունը պետք է դադարեցվի, արդյո՞ք դադարեցվել է, թե՞ ոչ։
Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կարճ նկատեց, որ հուլիսի 1-ից հետո Երեւանում քաղաքաշինական գործունեությունը չի դադարեցվել, ավելին՝ շուտով Երեւանի ավագանու նիստ է լինելու․ «Պրոցեսը վերջնական հաստատելու հետ կապված ամեն ինչը քննարկվելու է, այդ թվում ժամկետների հետ կապված հարցը»,- նկատեց նա։
Փաստորեն, համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի, հուլիսի 1-ից հետո Երեւան քաղաքում ծավալվում է անօրինական քաղաքաշինական գործունեություն, քանի որ չկա մայրաքաղաքի գլխավոր հատակագիծ եւ հայտնի էլ չէ, թե ինչ ժամկետներ է նախատեսում գլխավոր հատակագծի մշակումը։