Հասարակություն

Ինչու են Գայանե Հակոբյանի պաշտպանները հրաժարվել պաշտպանությունից․ նոր մանրամասներ

Ինչու են Գայանե Հակոբյանի պաշտպանները հրաժարվել պաշտպանությունից․ նոր մանրամասներ

Այսօր տեղի ունեցած դատական նիստում հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի 3 պաշտպանները հրաժարվել են նրա պաշտպանությունից։ Ավելի վաղ Գայանե Հակոբյանի պաշտպանությունից հրաժարվել էին նաև ևս 3 փաստաբաններ։ Մենք կապվեցինք Գայանե Հակոբյանի արդեն նախկին պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ՝ նախ հարցնելով, թե իրե՞նք են հրաժարվել պաշտպանությունից, թե՞ Գայանե Հակոբյանը․

«Մենք մեր դիրքորոշումներում տարաձայնություն ունեինք, և քանի որ տարաձայնություն կար, մենք չէինք կարող պաշտպանել, որովհետև չի կարող մարդը մի բան ասել, մենք հակառակ բանն անենք, մենք դրա իրավունքը չունենք, դա «Փաստաբանության մասին» օրենքի խախտում կլիներ, հետևաբար քանի որ դիրքորոշումների, շահերի բախում կար, եկուստեք հրաժարվեցինք»,- ասաց Սարգսյանը։

Հարցրինք՝ Գայանե Հակոբյանն ուզում է ընդունե՞լ իրեն առաջադրված մեղադրանքը․

«Ինքն արդեն դիրքորոշում է հայտնել, դռնփակ նիստում է տեղի ունեցել, հետևաբար հիմա չենք կարող դա ասել, որովհետև եթե դռնփակ նիստ է, ապա գաղտնիության որոշակի ռեժիմ կա»,- պատասխանեց փաստաբանը։

Բայց չէ՞ որ տրամաբանական է, որ եթե Դուք հայտարարել եք, որ ձեր դիրքորոշումը արդարացման հիմքով քննությունը շարունակելն է, և տիկին Գայանեն հակառակ դիրքորոշումն ունի, ուրեմն ցանկանում է մեղադրանքը ընդունել։ Դիտարկմանը փաստաբանն արձագանքեց․

«Այո, ես հիմա էլ եմ հայտարարում, որ նրա արարքում բացակայում է հանցակազմը, մնացածը, թե նա ինչ դիրքորոշում կունենա, դա իր դիրքորոշումն է, որը ինձ չի վերաբերում»,- պատասխանեց Սարգսյանը։

Փաստաբանին հարցրինք նաև, թե պաշտպանության ո՞ր փուլում իր և իր պաշտպանյալի դիրքորոշումները սկսեցին տարբերվել․

«Այսօր։ Նախ մեզ համար խիստ զարմանալի էր, որ դատարանը որոշում էր կայացրել նիստը անցկացնել դռնփակ, ինչը մեր՝ երեք պաշտպաններիս միջնորդությունը չէր եղել,  ուստի մեզ համար խիստ զարմանալի էր այդ հանգամանքը, և հաջորդը՝ արդեն որոշակի դիրքորոշում հրապարակվեց դատական նիստի ընթացքում, որը հակասում էր մեր նախնական պայմանավորվածություններին և ունեցած դիրքորոշումներին»։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image