Նախօրեին, «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում, տեղի է ունեցել նաեւ դասական աշխատանքային խմբի առաջին նիստը։
Հանդիպմանը հրավիրված են եղել աշխատանքային խմբում ներառված բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Այդ կազմակերպություններն են՝ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները, ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը։ Ընդհանուր առմամբ՝ 13 կառույց։
Համաձայն հաղորդագրության, մասնակիցների կողմից հնչել են տարբեր կարծիքներ՝ կլաստերի կառուցվածի, կառավարման մոդելի եւ ինտեգրման գործընթացի վերաբերյալ։ Նշվել է նաեւ, որ համապատասխան խմբերի աշխատանքները կրելու են երկարաժամկետ բնույթ։
ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ նախագահության անդամ, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանին մի քանի հարց ուղղեցինք՝ կապված բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի հետ։
- Պարոն Պողոսյան, որքանո՞վ է արդարացված ու տրամաբանված՝ դասական կլաստերում հավաքել տարբեր ուղղությունների բուհեր, լաբորատորիաներ, գիտական ինստիտուտներ, կենտրոններ։
- Խնդիրն այն է, որ ամենասկզբից, երբ այդ պրոյեկտը քննարկվում էր, ակադեմիան իր դիրքորոշումը թե՛ գրավոր, թե՛ բանավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բայց իրենք հաշվի չեն առնում ոչ մի մասնագիտական կարծիք, իսկ դրանից հետո խոսելը, քննարկելը, ասելը, որ դա սխալ է, որ լինելու է գիտության վերջը, որ կրթությանը չի օգնի, բայց գիտությունը կքանդի, ուղղակի դառնում են անիմաստ, որովհետեւ իրենք չեն ուզում լսել ոչ մի փաստարկ, ոչ մի բացատրություն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենց ուղղակի կարգադրել են, որ անպայման դա պետք է անեք՝ բուհերը Երեւանից հանեք։ Չնայած ոչ մի երկրում նման բան չկա, բայց երեւի ինչ-որ մեկն իրենց գլուխը մտցրել է, որ բուհերը քաղաքի կենտրոնում չպետք է լինեն։
- Կառավարությունը հղում է անում եվրոպական, ամերիկյան մի շարք քաղաքների համալսարանական մոդելներին, որտեղ բուհերն ու ինստիտուտները տեղակայված են առանձին «գարադոկներում»։
- Այո, դրանք կան, բայց Սորբոնը Փարիզի կենտրոնում է, Բեռլինի համալսարանը եւս քաղաքի կենտրոնում է։ Բոլոր տարբերակներն էլ կան, հիմա եթե դուք ուզում եք քաղաքից դուրս մի գիտական կենտրոն ստեղծել՝ ստեղծեք, բայց եղածն ինչի՞ եք քանդում․․․։ Սա ինչ-որ հիվանդագին ծրագիր է, որին չնայած դեմ են թե՛ գիտնականները, թե՛ դասախոսները, բայց նախարարությունը դա ուզում է, կոպիտ ասած, զոռով անցկացնել ու առաջ տանել։ Մեզ մնում է նորից ու նորից բարձրաձայնել, որ դա սխալ է, կործանարար, որին դեմ ենք, ու լավ կլինի, որ այդ ծրագիրը չիրականանա։
- Համակարգային ռեֆորմ, որին համակարգը դեմ է․․․
- Այո, որն իրենք անում են։ Ո՞նց է դա հնարավոր, այնպես, ինչպես բնակչության 90 տոկոսը դեմ էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի, բայց իր որոշմամբ դարձավ հնարավոր, իսկ դա ո՛չ կառավարության, ո՛չ ԱԺ-ի որոշում էր, պարզապես ասաց՝ ես այդպես եմ համարում, ու այդպես էլ անցավ։ Սա դիկտատուրային մոտեցում է, արդեն նաեւ՝ գիտակրթական համակարգում, բանակում, առողջապահության ոլորտում։ Ինչ-որ ծրագիր է դրված, որ պետք է այդպես առաջ տանել, բայց ես համարում եմ դա քանդման եւ դեգրադացիայի ծրագիր, որը համառորեն մարդիկ առաջ են տանում։
- Շատերի կարծիքով, պատերազմից հետո, այս տեսակ նախագծերով իշխանությունն ուղղակի մարդկանց ուշադրությունը շեղում է երկրի անվտանգային հարցերից, զբաղեցնում է։
- Իհարկե, դա էլ կա, նոր թեմաներ շրջանառենք՝ հին թեմաներից ու խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Սա քաղաքականություն է, բայց կա նաեւ բուն ծրագիրը, որն ուզում են ամեն գնով իրագործել։ Այսինքն՝ միանգամից 2 խնդիր են լուծում, հա՛մ շեղում են խնդիրներից, հա՛մ էլ իրենց գործն են անում։
- Ակադեմիական քաղաքի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խմբերն ու դրանցում ներառված հաստատությունները, մեծ հաշվով, վերջնարդյունքում ենթարկվելու են խոշորացման։ Տեսականորեն ինչպե՞ս է հնարավոր լինելու մի կառույցի մեջ տեղակայել մաթեմատիկայի, մեխանիկայի, ինչպես նաեւ գրականության, փիլիսոփայության ինստիտուտները կամ՝ ԵՊՀ-ն եւ Տնտեսագիտական համալսարանը։
- Դա տրամաբանությունից դուրս անհասկանալի ծրագիր է։ Հասկանալի է, որ թե՛ ակադեմիական, թե՛ բուհական համակարգում կատարելագործման պահանջ վաղուց կա, մենք էլ ենք դրան կողմ, բայց դա տվեք գիտնականներին՝ թող իրենք իրենց ծրագրերն առաջարկեն եւ միասին քննարկեն։ Եթե բուհերը քանակով շատ են, դա էլ տվեք՝ թող բուհական համակարգը որոշի։ Չի կարելի վերեւից զոռով, հրամայական կարգով խոշորացնել ողջ համակարգը, որովհետեւ դա միայն կվնասի։ Այն, որ ցանկացած համակարգ ինչ-որ տեղ հնացել է, եւ պետք է կատարելագործել, իհարկե, թող արվի, բայց դա արվում է ներսից։ Եթե ներսից դա չի արվում, ստացվում է պարտադրանք, որը բերում է նրան, որ համակարգը քանդվում է։ Հիմա մեր ինստիտուտը (Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ) իր առարկությունները գրավոր հանձնել է նախագահությանը, որի անդամ եմ նաեւ ես, ըստ այդմ՝ ակադեմիայի նախագահությունն էլ իր կարծիքն է հայտնել։
- Դասական կլաստերի աշխատանքային խմբի առաջին նիստին ձեր ինստիտուտից ներկայացուցիչ եղե՞լ է։
- Թե ով է գնացել այդ հանդիպմանը` չեմ կարող ասել, համարյա թե գաղտնի ինֆորմացիա է, բայց եթե գործ եք անում, բաց, թափանցիկ ձեւով արեք, գիտնականներին կանչեք, քննարկեք, ինչո՞ւ եք խուսափում, որովհետեւ գիտեք, որ ձեզ առարկելու են, եւ բան չունեք հակադարձելու, փաստարկելու, դրա համար ամեն ինչ արվում է քողարկված ձեւով։ Ինչ-որ գերմանացի մասնագետներ են նախագծում ակադեմիական քաղաքը, կարելի է մտածել՝ Հայաստանում մասնագետ չկա։ Շատ դժվար է մեզ ենթադրել, թե իրենց գլխում աբսուրդի հասնող ինչ ծրագրեր կան։ Օրինակ, մեր ինստիտուտի շենքը, որը 110-120 տարվա շենք էր (Արամի 44), որտեղ 69 թվականից Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտն էր, մեզ հանեցին այդտեղից, բերեցին ակադեմիայի 5-6-րդ հարկ՝ ասելով, թե ինչ կարիք կա, որ ինստիտուտը զբաղեցնի այդ շենքը։ Երեւի էլի գումարի խնդիր էր, հանեցին վաճառքի, վերջում վարձով տվեցին «Թումոյին»։ Դա արեցին 22թ․ վերջին, 23թ․-ին, արեցին ու լավ էլ մարսեցին։ Ամեն ինչ աբսուրդի ժանրից է, եւ շատ դժվար է բացատրություն գտնել։
- Ի դեպ, խոշորացվող եւ միավորվող բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների շենքերի մասով վարչապետն արդեն հայտարարել է, որ դրանք տրվելու են վարձակալության, իսկ գումարն ուղղվելու է ակադեմիական քաղաքի կառուցմանը։
- Այստեղ չկա ոչ մի տրամաբանություն, շենքը պիտի ազատես, որ վարձակալության տաս, ու գումարներ գոյանան, բայց մինչեւ այդ ակադեմիան ո՞ւր տանես, ուրեմն սկզբում կառուցեք այդ ակադեմիական քաղաքը, հետո ազատեք բուհերը, նոր տվեք վարձակալության։ Հետ ու առաջ է ստացվում, ընդհանուր բացատրություններ են, որոնց տակ իմաստ չկա կամ ուրիշ իմաստ կա, որը մեզ չեն ասում։
- Այլ կերպ ասած՝ քանդելը կսկսեն, բայց կառուցելուն էլ չեն հասնի։
- Այո, կառուցելուն չեն հասնի, իսկ եթե հասնեն էլ, մի փոքր բան՝ 3 շենք կկառուցեն ու կասեն․ սա էլ՝ ակադեմիական քաղաքը, տեղավորվեք, ինչպես կարող եք։ Դրա համար եմ ասում, որ սա, ընդհանուր առմամբ, դեգրադացիայի ծրագիր է, որը վերաբերում է ոչ միայն գիտությանը, կրթությանը, այլ նաեւ առողջապահությանը, արդյունաբերությանը, որը քանդեցինք, մինչդեռ արդյունաբերությամբ 3-րդ տեղում էինք ԽՍՀՄ-ում, հիմա մի հատ մեծ լուրջ գործարան չունենք։ Սա կազմաքանդման ընդհանուր ծրագիր է, թե ում ծրագիրն է՝ դժվարանում եմ ասել, բայց իրականացնողները մեր աչքի առաջ են։
- Հնարավո՞ր է դիմադրության, բողոքի ալիք հասունանա գիտնականների շրջանում, թե՞ ընդզվում չի լինի, քանի որ վերջին մի քանի տարում քիչ թե շատ բարձրացրել են գիտնականների աշխատավարձերը։
- Կարծում եմ՝ այդ ընդվզումը կա, մենք էլ ընդվզեցինք մեր ինստիտուտի համար, 2-3 տարի պայքարում էինք, որովհետեւ վաղուց էին ուզում շենքն ազատել ու վաճառել, բայց երբ այդ ընդվզումը հատվածաբար է լինում՝ 1 կամ 2 կոլեկտիվի կողմից, ի վերջո, իշխանությունը հաղթում է, հատկապես եթե չկա միասնական մոտեցում, օրինակ՝ ամբողջ ակադեմիան կամ ողջ բուհական համակարգը ոտքի կանգնի։ Առանձին-առանձին բուհերի հարցերը լուծում են՝ ռեկտորներին փոխելով, բայց ընդհանուր մոտեցում չկա, դրա համար մասնատում ես հասարակությունը, որ տիրես։
- Ի՞նչ եք կարծում՝ այս կրթական ռեֆորմը՝ ակադեմիական քաղաքի տեսքով, ինչպե՞ս կարող է ազդել իշխանությունների վարկանիշի վրա։
- Արդեն ազդել է, որովհետեւ վարկանիշ չունեն՝ 12-15 տոկոս է, իսկ այն իշխանությունը, որը 6 տարի իշխանության ղեկին է, եւ վարկանիշը 80 տոկոսից իջել է մինչեւ 12-15 տոկոս, դա արդեն ցուցանիշ է ու խոսում է այն մասին, որ վստահություն չկա ժողովրդի կողմից։