«Հրապարակի» զրուցակիցը հայկական շոուբիզնեսի երբեմնի ամենաառեղծվածային արտիստ, ամենաօրիգինալ ձայներից մեկը՝ Արթուր Հակոբյանն է, նույնը ինքը՝ Միստեր X-ը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։
- Արթուր, օրերս տեղի ունեցավ նոր երգիդ տեսահոլովակի պրեմիերան, որը հաճելի նվեր էր քո արվեստի երկրպագուներին: Երկար ժամանակ «ձայնդ լսելի չէր»։
- Այո, երկար ժամանակ տեսահոլովակ չէի նկարում, չնայած այն հանգամանքին, որ նոր երգեր գրվում ու ձայնագրվում էին։ Այս երգն էլ արդեն մի քանի տարի պատրաստ էր, վերջապես նկարեցինք տեսահոլովակ ու հանձնեցինք հանդիսատեսի դատին։
- Վերջին տարիներին բնակվում ես Միացյալ Նահանգներում․ կպատմե՞ս՝ ինչ գործունեություն ես ծավալում ԱՄՆ-ում, ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։
- Արդեն 14 տարի մշտական բնակություն եմ հաստատել ԱՄՆ-ում։ Համերգներ ունեմ տարբեր նավերի վրա (կրուիզ, տուրիստական նավեր)։ Բացի այդ, համագործակցում եմ տարբեր ընկերությունների հետ, պլանավորում ենք համերգ Երեւանում։
- Հայաստան ե՞րբ ես այցելել վերջին անգամ․ դժվա՞ր է առանց հայրենիքի, առանց հայկական բեմի, որը քեզ մեծ ճանաչում բերեց։
- Վերջերս՝ ամիսներ առաջ, Հայաստանում էի, բայց համերգ չկար։ Հնարավոր է՝ գարնանը մենահամերգ լինի։
- Ժամանակին հանդես էիր գալիս «առեղծվածային»՝ Միստր X-ի կերպարում, ի՞նչ հետաքրքիր դրվագներ կմտաբերես քո ստեղծագործական առօրյայից։ Օրինակ, դժվա՞ր էր աչքերին կրելով սեւ ժապավեն՝ գաղտնի մնալ մարդկանցից, կամ՝ Ձեր մտերիմները նույնպե՞ս չգիտեին, թե ով է թաքնված խորհրդավոր կերպարի ետեւում։
- Դժվար էր, բայց պետք էր ապացուցել, որ նույնիսկ թաքցնելով դեմքդ ու անունդ՝ հնարավոր է հասնել հաջողության, եթե լավ ես անում գործդ։ Հետաքրքիր էր այդ կերպարը, ու հիմա գիտեմ՝ շատերն ինձ պես կարոտում են Միստր X-ին դիմակով։
- Իսկ ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիք «դիմակազերծվել», եւ ինչպե՞ս ազդեց այդ որոշումը Ձեր երկրպագուների վերաբերմունքի վրա։
- 2008-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հանեցի դիմակը։ Մի քիչ դժվար էր փոխել իմիջը, անունը… բայց հետո ամեն ինչ կարգավորվեց… չնայած մինչեւ հիմա Արթուր անունին միշտ հետեւում է Միստր X կամ ուղղակի X։
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, առհասարակ, հանդիսատեսի քննադատությանը, բնականաբար, ո՛չ անձնական շարժառիթներով, երգարվեստի գնահատման տեսակետից։
- Առողջ քննադատությունը միշտ էլ կարելի է ընդունել… հիմա ազատ են բոլորը՝ ամեն ինչ ասելու, գրելու…
- Մասնագետներն ու հանդիսատեսը մինչեւ այժմ էլ համոզված են՝ բեմական ու ձայնային տվյալներով կարող էիք նվաճել նաեւ միջազգային հանդիսատեսի սրտերը։ Ինչո՞ւ լքեցիք երգարվեստը, դժվա՞ր որոշում էր, չե՞ք փոշմանել հետահայաց գնահատելիս։
- Չեմ լքել երգարվեստը, միջազգային բեմ ասելը հեշտ է, բայց այնտեղ հասնել ու մնալ… դժվար, բայց ոչ անհասանելի… այդ նպատակով եմ եկել այստեղ… Ժամանակներն այնքան արագ են փոխվում, որ այս՝ արդեն անճանաչելի թվացող աշխարհում երազանքներն էլ են մոլորվում… ու պայքարում են բոլորը, բոլորը՝ իրենց ասպարեզում, հարմարվելով աշխարհի նոր կարգերին։
- Գիտեմ, որ անձնական կյանքումդ տեղի ունեցած ոչ հաճելի իրադարձությունից հետո քո միակ հենարանը փոքր աղջիկդ է։ Ինչպե՞ս կբնութագրես քո անսահման՝ պաշտամունքային սերը նրա նկատմամբ, բացի զուտ հայրական զգացմունքային ֆոնից։
- Մենք ամենալավ ընկերներն ենք։ Խոսքերով նկարագրել դժվար է… Աստված ինձ օրհնել է՝ տալով ինձ իմ աղջկան։
- Իսկ նա երաժշտության, երգի նկատմամբ սեր ունի՞․ գեներն իրենն ասո՞ւմ են։
- Այո, հաճախ երգում ենք միասին։
- Հայրենիքի հանդեպ սերդ զգացվում է նույնիսկ օվկիանոսից անդին։ Դստերդ հայեցի դաստիարակությունն էլ, բնականաբար, կարեւորում ես։ Ի՞նչ ես անում այդ ուղղությամբ։
- Պատմում եմ Հայաստանի մասին, ընկերներիս մասին, ընկերության մասին … շատ եմ պատմում իմ մանկությունից, մանկության արկածներից։
- Հայաստան գալու ծրագրեր ունե՞ս․ ժամկետ, իրադարձություններ կնշե՞ս։
- Հուսով եմ՝ գարնանը կգամ ու մենահամերգ էլ կունենամ։