Քաղաքականություն

Ռուսական միջամտության մասին` կասկածներ, ամերիկյան միջամտության մասին` բացահայտ ապացույցներ

Ռուսական միջամտության մասին` կասկածներ, ամերիկյան միջամտության մասին` բացահայտ ապացույցներ

ԱՄՆ փոխնախագահի՝ Երեւան կատարած առաջին այցը մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Նախ, ատոմային էներգիայի ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր համագործակցության եւ մոդուլային կայաններ կառուցելու մասին լուրը խանդով ու կոնկրետ ուղերձով ընդունեց Մոսկվան։ Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հնարավորինս կարճ ժամկետներում կիրականացնի Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը՝ «Իզվեստիա» թերթին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը․ ««Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետներում սկսել նախագծի իրականացումը՝ իհարկե, հաշվի առնելով մեր հայ գործընկերների ցանկություններն ու մոտեցումները։ Վստահելի, արդեն փորձարկված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաեւ՝ ֆինանսական գրավչության տեսանկյունից, ներառյալ շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման անհրաժեշտության հետ կապված իրական այլընտրանքներ չկան»։

ԱՄՆ հաջորդ նախագահի թեկնածու համարվող Ջեյ Դի Վենսի այցը նշանավորվեց նաեւ նախընտրական շրջանում Փաշինյանին բացեիբաց աջակցություն հայտնելով, որը թերեւս Վաշինգտոնի ներկայացուցիչների հայաստանյան ուղեւորության եթե ոչ հայտարարված պաշտոնական, ապա գոնե «քաղաքական բոնուս-անակնկալ» օրակարգից էր։ Այցը, սակայն, կիքսերից զերծ չէր․ ԱՄՆ թիվ երկրորդ պաշտոնյան կնոջ հետ Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո գրառում էր արել այդ մասին՝ նշելով Հայոց ցեղասպանություն եզրը, ապա ջնջել էր այն։ CNN-ն ու ANCA-ն արդեն անդրադարձել են այդ աղմկահարույց դիպվածին՝ այն որակելով իբրեւ ժխտողական քայլ, Թուրքիային ուղղված սիրաշահություն եւ այլն՝ այն դեպքում, երբ ԱՄՆ մի քանի նահանգ, Սենատն ու այլ կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ փոխնախագահի առաջին այցը Հայաստան ամրապնդեց Երեւանի արագ մերձեցումը Վաշինգտոնի հետ եւ Մոսկվայից նրա հեռացումը։ Երեւանում Ջեյ Դի Վենսն աջակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը հունիսին կայանալիք ընտրություններում:

Նա նաեւ հայտարարեց, որ հայկական բանակը կստանա հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են նաեւ Ուկրաինային․ այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հոդվածում մեջբերվում են Վենսի եւ Փաշինյանի համատեղ ասուլիսում ԱՄՆ փոխնախագահի հնչեցրած խոսքերը․ «Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին։ Բայց եթե իմ աջակցությունը որեւէ նշանակություն ունի, ապա նա, անկասկած, ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, որը կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել՝ նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար»։ Հանդիպման ժամանակ հայտարարվեց նաեւ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագրի մասին։ Սա ճանապարհ կհարթի ԱՄՆ-ից միջուկային տեխնոլոգիաների արտահանման եւ Հայաստանում ամերիկյան փոքր միջուկային ռեակտորների կառուցման համար՝ գրում է հոդվածագիրը։

«Սակայն ամենակարեւոր նորությունը վերաբերում էր հայոց բանակին ամերիկյան V-Bat հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը, որի արժեքը կազմում է 11 միլիոն դոլար։ Սա առաջին ամերիկյան ռազմական տեխնիկան է, որը մատակարարվել է Հայաստանին, մի երկրի, որը պաշտոնապես մնում է Ռուսաստանի դաշնակիցը, բայց վայելում է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը եւ ձգտում է անդամակցել Եվրամիությանը։ Վենսը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, որի չլուծված հարցերից մեկը մնում է Բաքվում բանտարկված հայ քաղաքացիների ճակատագիրը»,- գրում է BBC-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ Վենսի ուղեւորության հաջորդ կանգառը Բաքուն է, Հայաստանից մեկնելիս նա ասել է, որ նախատեսում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել հայ բանտարկյալների հարցը։ BBC-ի փոխանցմամբ, Վենսի աջակցությունը Փաշինյանին նշանակում է, որ Արեւմուտքն ունի միասնական թեկնածու՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար, չնայած Թրամփի վարչակազմի եւ եվրոպացի առաջնորդների միջեւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ առկա տարաձայնություններին։

«Եվրոպական Միության առաջնորդները նույնպես աջակցում են Փաշինյանին, իսկ դեկտեմբերին Հայաստանը ստացավ ԵՄ դրամաշնորհ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, ինչը փաստացի նշանակում է աջակցություն ներկայիս կառավարությանը»,- նշել է Հարավային Կովկասի հարցերով Crisis Group-ի («Ճգնաժամային խմբի») ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։ Նրա կարծիքով, Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են հայկական քաղաքականությանը Ռուսաստանի միջամտության մասին, բայց Եվրոպան եւ Ամերիկան նույնպես բացահայտորեն խոսում են իրենց նախասիրությունների մասին։ «Ռուսական գործունեության մասին կան միայն անուղղակի ապացույցներ, մինչդեռ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն բացահայտորեն միջամտում են»,- նշել է փորձագետը։ Վերլուծաբանը նաեւ նշել է, որ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ Վենսը Փաշինյանի պաշտոնավարումն ուղղակիորեն կապում են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հետ. «Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացը կապվում է կոնկրետ անհատների հետ, ինչը չի նպաստում դրա կայունությանը»։

Հունիսի սկզբին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին սպասվում է մի շարք եվրոպացի առաջնորդների մասնակցությունը։ BBC-ի երկու աղբյուրների փոխանցմամբ, որոնք խոսել են անանունության պայմանով, շուտով կհայտարարվի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի մասին, որը նույնպես նախատեսված է մայիսին։ Աղբյուրներից մեկն այս միջոցառման կազմակերպումը կապել է եվրոպացի առաջնորդների ցանկության հետ՝ քվեարկությունից առաջ հրապարակայնորեն աջակցելու Փաշինյանին։ «Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ուներ Թրամփը՝ անցյալ օգոստոսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը կնքելիս, հետեւանքները տեղերում շատ իրական էին: Նրա անձնական աջակցությունը գործարքին օգնեց երկու երկրների առաջնորդներին՝ քաղաքական կամք գտնել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու համար, այդ թվում՝ վերջերս փոքրածավալ առեւտրի վերսկսման հարցում»,- եզրափակել է Ջոշուա Կուչերան: Ներհայաստանյան ընդդիմադիր որոշ ուժեր արձագանքել են Վենսի, ասել է թե՝ ԱՄՆ վարչակազմի աջակցությանը Փաշինյանին, դատապարտելով այն։ Բայց Արեւմուտքի ակնհայտ աջակցությունը վայելող Փաշինյանի դեմ հակազդեցության ինչ մեխանիզմներ, ինչ հաղթաթղթեր կկարողանա մշակել, կիրառել նույն ընդդիմությունը՝ հայտնի կդառնա հաշված շաբաթներ հետո։ Հայաստանի համար կարեւոր հետհաշվարկը սկսված է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image