Քաղաքականություն

Հայաստանն այս ծանր արհավիրքից դուրս գալու ելք ունի

Հայաստանն այս ծանր արհավիրքից դուրս գալու ելք ունի

Ռոբերտ Քոչարյանի ասուլիս հրավիրելն ինքնին կարեւոր է` նախագահը երկու տարուց ավելի լռում էր, ուստի հանրությունը շարունակում է քննարկել այդ ասուլիսն ու այնտեղ հնչած մտքերը։ «Հատկապես կարեւոր էր այն միտքը, որ նախագահը երկար ժամանակ հանրային դաշտ դուրս չէր գալիս, որպեսզի հայտնվեին նաեւ այլ քաղաքական գործիչներ, ինչը մենք չտեսանք, չեղավ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ 
Նրա խոսքով՝ կարեւոր էին նաեւ նախագահի իրատեսական դիրքորոշումները Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, արտաքին աշխարհում Հայաստանի տեղի եւ դերի վերաբերյալ։ Ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումներ են սպասվում եւ ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի հետ։
«Հայաստանն այսօր «իզգոյի» վիճակում է։ Որեւէ մեկին պետք չի Հայաստանը, մեր երկիրը խղճուկ, ծնկած վիճակում է, որեւէ երկիր այս վիճակում գտնվող երկրի հետ հավասար համագործակցություն չի կարող ձեւավորել»,-ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը ձեռք չի բերել ռազմավարական գործընկերներ, իսկ եղածն էլ ամբողջությամբ փչացրել է։ «Այսօր Հայաստանի համար ռազմավարական գործընկեր եղել եւ մնում է Ռուսաստանը, առավել եւս Իրանը։ Բայց սրանք ամեն ինչ անում են այդ գործընկերությունը մինչեւ վերջ փչացնելու, վատաբանելու առումով»,-նշեց նա։
Անդրադառնալով Մեղրին հանձնելու իշխանական մեղադրանքներին, Թաթուլ Պետրոսյանը նկատեց․ «Ռոբերտ Քոչարյանը հստակ պատասխանեց այդ հարցին՝ երբեւէ փաստաթուղթ չի եղել Մեղրին Արցախի հետ փոխանակելու։ Սա ցույց տվեց, որ Փաշինյանը ժողովրդին կրկին խաբում է, իբրեւ թե նախկիններն են հանձնում։ Փաշինյանի այս թեզն ամբողջությամբ հօդս ցնդեց»։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կարեւոր շեշտադրումներն, ըստ Պետրոսյանի, հասարակությանն ուղղված «մեսսիջներն» են։ «Երկրորդ նախագահը հասարակությանը հասկացրեց, որ ինքը կանգնած է Հայաստանի փրկության, այս իրավիճակից մեր երկիրը դուրս բերելու ճանապարհի վրա։ Բոլորն էլ հասկացան, որ այսօր որպես ծանրակշիռ քաղաքական գործիչ միակն է Ռոբերտ Քոչարյանը։ Ամենակարեւորն այն է նաեւ, որ նա բացատրեց ընդդիմադիր դաշտում այսօր գոյություն ունեցող խառնաշփոթը։ Կան Սերժ Սարգսյանի կողմնակիցներ, որ չեն ընդունում Ռոբերտ Քոչարյանին, եւ հակառակը։ Բայց սա չի փոխում ընդհանուր գաղափարը, որ պետք է ազատվել այս ազգակործան պատուհասներից։ Հենց այս միտքն առաջնահերթ մեսիջներից մեկն էր»,-ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ 4 ժամից ավելի տեւած ասուլիսը լուրջ «մեսիջներ» էր պարունակում,  նաեւ այն, որ Հայաստանն այս ծանր արհավիրքից դուրս գալու ելք ունի։ Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ծավալուն անդրադարձ է կատարել Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին եւ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած նյութին` «Մեղրին հանձնելու» վերաբերյալ, ասելով, որ 25 տարվա վաղեմության քննարկումները նորից ասպարեզ բերելը մի նպատակ ունի` ադրբեջանական նոր պահանջները բավարարել եւ մեղքը գցել 25 տարի առաջվա քննարկումների վրա: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image