Քաղաքականություն

Հանուն «աննայական»  ոչնչի

Հանուն «աննայական»  ոչնչի

Կարճ տեղեկատվություն «hraparak.am» կայքը գրել է, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները մայիսի 21-ին այցելել են Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիր: Նրանց անունից ծաղկեպսակ է դրվել անմար կրակի մոտ՝ որպես հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արարատը չի ուղեկցել Սերգեյ Լավրովին:

Ի՞նչի մասին է վկայում այս հաղորդագրությունը: Այն մասին, որ, նախ, Լավրովը սպասված հյուր չէր Երևանում, այլապես Միրզոյանը նրան կուղեկցեր: Երկրորդ, ինչպես իր վերադասը, այնպես էլ Միրզոյանն իր տեղում չէ: Որովհետև եթե նրա փոխարեն լիներ ադեկվատ մեկը, ապա հաստատ կուղեկցեր իր գործընկերոջը: Դա կաներ գոնե ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի գործողությամբ պայմանավորված: Հատկապես որ այդ պատերազմում հայությունը հսկայական կորուստներ է կրել ու միաժամանակ փառքով է պսակել իրեն: Ի տարբերություն Միրզոյանի վերադաս անձի գլխավոր հրամանատարությամբ անցկացված պատերազմի, որում միայն կորուստներ են արձանագրվել՝ առանձին մարտիկների կամ զինական միավորների հերոսական պահվածքը չհաշված: Չհաշված, քանի որ երեք տարի անց պարզվեց, որ այդ ամենը կատարվել է հանուն «աննայական» ՈՉՆՉԻ: 

Բայց եթե նույնիսկ առկա չլիներ վերը նշված պայմանագիրը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը պարտավոր էր ուղեկցել իր գործընկերոջը, քանի որ վերջին տարիների Հայաստանի տնտեսության ահռելի աճը, ինչով անընդհատ հպարտանում է Միրզոյանին պաշտոնի նշանակող անձը, պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Եթե դա տեղի չունենար, ապա ո՛չ Միրզոյանը և ո՛չ էլ վերջինիս կուսակցական ընկերները, որ պետական պաշտոնների տեր են դարձել, չէին ստանա հայաստանյան մասշտաբով աննորմալ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ: Բայց ինչպես հասկանում եմ, նախարարի անձը շատ ավելի վեր է կանգնած նման կենցաղային հարցերից, քանի որ հայ ազգն, իր ըմբռնումով, պարտավոր է սպասարկել «ոչ բռնի, խաղաղ, թավշյա» հեղափոխականների իշխանությունը: Ինչին կավելացնեի՝ վայրագ թշնամուց խայտառակ պարտություն կրած, նրանից խաղաղություն մուրացող և ընդհանրապես՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ դրած ապաշնորհ (մեղմ ասած) խմբակի իշխանությունը:

Սերգեյ Լավրովի այցի առնչությամբ «hraparak.am»-ի երկրորդ լուրը վերաբերում է նախապես պլանավորված ծրագրի փոփոխությանը: Նախատեսված է եղել, որ պատվիրակությունը պետք է  այցելեր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու ծաղկեպսակ դնելու հուշարձանին: Բայց այդ այցը չեղարկվել է, և ռուսական պատվիրակության անունից ընդամենը ծաղկեպսակ է ուղարկվել Ծիծեռնակաբերդ: Վստահ եմ, որ հայկական արմատներով (ըստ մամուլի հրապարակումների) ՌԴ ԱԳ նախարարը նման ինքնագործունեության չէր դիմի: Հատկապես եթե վերհիշենք, որ Ծիծեռնակաբերդում 2015 թ.-ի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր ՌԴ նախագահը: Իսկ այդ օրն այնտեղ պետությունների ղեկավարների թիվն այնքան էլ մեծ չէր: Ելնելով ասվածից՝ ենթադրում եմ, որ այցի չեղարկումն ինչ-ինչ հիմնավորմամբ (իբրև թե ծրագրի հագեցած լինելը) նախաձեռնվել է հենց հայկական կողմի ջանքերով: Հատկապես հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ գործող իշխանության վերաբերմունքը: Բայց նաև վստահ եմ, որ մեկ տարի անց՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, գործող իշխանության կողմից այդ հանգամանքը կօգտագործվի ընդդեմ ընդդիմության՝ շահարկելով ռուսական պատվիրակության կողմից այցի չեղարկումը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image