Հասարակություն

Քննիչն ասել է՝ եթե ցուցմունք տաս, 10 րոպեից տանը կլինես, եթե ոչ՝ 8 ամիս կնստես

Քննիչն ասել է՝ եթե ցուցմունք տաս, 10 րոպեից տանը կլինես, եթե ոչ՝ 8 ամիս կնստես

«Նոր զովքի» գործով որպես մեղադրյալ անցնող Վլադիմիր Սարգսյանը` «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ սեփականատերը, շուրջ 3 ամիս է՝ կալանավորված է։ Մեկ ամիս առաջ նրա կալանքը երկարաձգվեց։ Վերջերս Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլում» էլ հարկերը թաքցնելուն առնչվող քրեական գործ էր հարուցվել, որտեղ եւս նշվում էր «Ակթրեյդ Սոֆթ» ընկերության անունը։ «Ալեքս տեքստիլի» պատասխանատուները, որոնց մեղադրանք առաջադրվեց՝ հարկերը թաքցնելու համար, արագ ընդունեցին մեղքը եւ ազատ արձակվեցին, ինչպես ազատ են արձակվել «Նոր զովքի» գործով մեղադրյալները, իսկ ծրագրային սպասարկում իրականացրած ընկերության ղեկավարը` Վլադիմիր Սարգսյանը, դեռ նստած է: Նրա եղբորը՝ Տիգրան Սարգսյանին հարցրինք՝ «Ալեքսի» գործով մեղադրանքը գումարվե՞լ է նախորդ մեղադրանքին։

«Այդ ընկերությունը տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություն է, որն ընդհանրապես ՀԴՄ-ների հետ կապ չունի։ Այսինքն՝ քննչականի անգրագիտությունն ու փնթիությունն այն աստիճանի է հասել, որ ՀԴՄ-ով չաշխատող ընկերությանը տուգանելիս էլի ասում են՝ ՀԴՄ-ի լրամշակման ծրագրի միջոցով հարկեր են թաքցվել։ Այսինքն՝ մի բան է, որ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերություն են տուգանում, որը ՀԴՄ կտրոններ է տալիս, մեկ այլ բան է արտադրամասը, որտեղ հաշիվ-ֆակտուրայով են աշխատում եւ ՀԴՄ-ներ ընդհանրապես չեն գործածում։ Նման ընկերությանը տուգանելիս էլի հղում տալ, թե ծրագրային լրամշակում կա, կարծում եմ՝ դա անգրագիտության վերջն է։ «Ալեքս տեքստիլի» ցուցմունքը ես կարդացել եմ, գրված է, որ իրենք իրենց ծրագրային լրամշակումներով ինչ արել են, Վլադիմիրը դրանից ընդհանրապես տեղյակ չի եղել եւ չէր էլ կարող տեղյակ լինել, որովհետեւ իրենք դա արել են իրենց ներքին ցանցով, որին Վլադիմիրը հասանելիություն չի ունեցել։ Ուղղակի Վլադիմիրն այնքանով է առնչվում այս գործին, որ իր մոտից են ձեռք բերել տեխնիկան։ Քննիչներն ասել են, թե որտեղից եք առել տեխնիկան, ասել են` «Ակթրեյդ Սոֆթ»-ից, քննիչներն էլ ասել են՝ ահա, ուրեմն «Ակթրեյդ Սոֆթ»-ն է մեղավոր։ Դա փաստերի պարզ խեղաթյուրում է քննիչների ու դատախազի կողմից»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը։

Վլադիմիր Սարգսյանը 3 ամսից ավելի է՝ կալանավորված է, եղբորը հարցրինք՝ նախաքննությունը ո՞ր փուլում է։ «Նախաքննությունը, ինձ թվում է, դեռ ոչինչ չի անում, եւ դա միտումնավոր է արվում, որ իրենց խոստացած 8-ամսյա պատանդին պահեն։ Քննիչ Սպարտակ Պողոսյանն ասաց՝ 8 ամիս պիտի պահենք, այդ ընթացքում Վլադիմիրը կկոտրվի, ինչ ցուցմունք պետք է՝ կկորզենք ու մեր սկսած գործն ավարտին կհասցնենք, որովհետեւ մեր վզին էլ է դրված պլան, որը մենք պիտի անենք ամեն գնով։ Այդ «ամեն գնով» արտահայտության տակ ես բավականին ռիսկային բաներ եմ տեսնում, որն իրենց համար անպայման բացասական հետեւանքներ է ունենալու, բայց չէի ուզենա, որ իրենք այդ «ամեն գնով»-ը գործածեին, կուզեի՝ օրենքի շրջանակներում գործեին»,- ասաց Սարգսյանը։

Այսինքն՝ քննիչը հենց այդպես ուղիղ ասել է, որ 8 ամիս պահելու են՝ մինչեւ ցուցմունք չտա՞։ «Այո, մենակ ինձ չեն ասել, ինքը դա չի էլ թաքցնում։ Երբ ժամադրություններին գալիս է, երբ պետք է փաստաբան-քննիչ-Վլադիմիր հանդիպում տեղի ունենա ՔԿՀ-ում, ինքն ասում է՝ Վլադ ջան, դու 10 րոպեից կարող ես տանը լինել, գրիր ցուցմունք այսինչ տնտեսվարողի դեմ ու 10 րոպեից տանը կլինես։ Վլադն էլ ասում է, որ ես չեմ կարող գրել, որովհետեւ ես բան չունեմ ասելու այդ տնտեսվարողի դեմ, քանի որ չեմ էլ ճանաչում։ Ասում է՝ դու գործ չունես, թե ով է-ով չէ, դու՝ կարեւորը գրիր, որ էս մարդը քեզնից այդ նույն ծրագիրն է ձեռք բերել, մնացածը մենք կանենք։ Վլադիմիրն էլ ասում է՝ դուք հո ապո՞ւշ չեք, ես այդ մարդկանց հո «պադստավա» չե՞մ անելու։ Այսինքն՝ իրենք ակնհայտորեն ուզում են ցուցմունքներ կորզել, որպեսզի իրենց չկայացած գործն ավարտին հասցնեն։ Եթե փաստեր ունենային, մի՞թե 52 հոգանոց քննչական խումբը 3 ամսվա ընթացքում չէր կարող 8 հոգու հարցաքննել։ Այս գործով անցնող ընդամենը 8 վկա կա, որոնցից ընդամենը 2-ն են հարցաքննվել, այն էլ՝ մեր փաստաբանի միջնորդությունից հետո։ Սրանք միտումնավոր չեն անում, որ դատարանում գան, լկտիաբար հայտարարեն, թե գործը շատ է` չեն հասցրել, ուրեմն 2 ամսով էլ կալանքը երկարացրեք»,- պատասխանեց Սարգսյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչ տնտեսվարողի դեմ են ուզում ցուցմունք կորզել` «Նոր զովքի՞»։ «Ոչ, «Զովքն» արդեն ցուցմունք տվել է։ Իրենք եւս գրել են, որ, ըստ էության, ծրագրի պահպանությունը եւ ծրագրում որոշակի փոփոխություն անելը որեւէ առնչություն չունի Վլադիմիր Սարգսյանի հետ։ Այդպես էլ գրել են, որ «Մենք՝ Սոնան, Արամը, Ռաֆայելը, համաձայնության ենք եկել հարկերից խուսափելու մասով, ընդունելով մեր մեղքը՝ հատուցումն արել ենք», որքանով տեղյակ եմ՝ 2 միլիարդը փոխանցել են, մնացածն էլ կփոխանցեն, ու իրենց մասով գործը կկարճվի, բայց Վլադի մասով անհասկանալի է։ Երբ փաստաբանների հետ խորհրդակցում ենք, իրենք աբսուրդի հասնող զարմանք են ապրում, թե ինչպես կարելի է 4 հոգու կալանավորել, 3 գլխավոր մեղադրյալներին բաց թողնել, իսկ օժանդակելու մեջ մեղադրվողին պահել։ Դա իրավաբանական նոնսենս է»,- պատասխանեց Սարգսյանը։

Այդ դեպքում ո՞ւմ դեմ են ցանկանում ցուցմունք կորզել։ «Իմ կարծիքով, հայկական տնտեսվարողներին, այսինքն՝ հայաստանյան շուկան են փորձում ճնշել, որպեսզի իրենց հարազատ-ծանոթ-բարեկամ շուկան առաջ տանեն։ Էստեղ խնդիրն ավելի խորն է․ այն տնտեսվարողները, որոնք տարիներ շարունակ նորմալ աշխատել են, հարկերը վճարել են, ՏՏ ոլորտ են զարգացրել, իրենց հետ էլ փայ մտնելու առումով գործարքի չեն գնացել․․․, մեզ էլ են շատ մոտեցել, Վլադն ասաց, որ պարբերաբար մոտեցել են գրավիչ առաջարկներով, թե պետական ներդրումներ անենք եւ այլն, բիզնեսը պետականացնենք, ծավալները մեծացնենք եւ այլն: Ինքն էլ ասել է՝ հարգելիներս, ես զրոյից մենակս սկսել եմ, ուզում եմ նույն ձեւով էլ շարունակեմ, ինձ ո՛չ քաղաքականացրեք, ո՛չ էլ պետականացրեք։ Ես չեմ ցանկանում ձեզ փայ տալ, ոչ էլ ձեր ներդրողներն են պետք»,- ասաց Սարգսյանը։

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Սարգսյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ կալանքի երկարացման որոշումը շատ թույլ հիմնավորումներ ունի եւ այդ հիմքով բողոքարկվել է։ «Այս դեպքն այն քիչ դեպքերից է, երբ նախաքննական մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու մի հիմնավորում է բերել, դատարանն ուրիշ հիմնավորումներով երկարացրել է, ինչի իրավունքը չուներ։ Այսինքն՝ եթե համեմատում ենք, թե ինչ հիմնավորումներով է վարույթ իրականացնող մարմինը միջնորդել, որ ժամկետը երկարացվի, եւ ինչ հիմնավորումներ է բերել դատարանը՝ ժամկետը երկարացնելու համար, ապա դրանք լրիվ տարբեր բաներ են, մինչդեռ դատարանն իրավունք չունի այլ հիմնավորումներով անձի կալանքը երկարացնել։ Մրցակցության սկզբունքն ամբողջովին խախտված է, մենք դատարանի հիմնավորումների վերաբերյալ նախապատրաստված էլ չենք եղել, նախապատրաստված ենք եղել առարկելու այն հիմնավորումների դեմ, որոնք ներկայացրել էր վարույթն իրականացնող մարմինը»,- ասաց Ալումյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image