Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ապա մյուս հասցեատերերին ուղղված խնդրանքն անիմաստ է

«Հրապարակ». Եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ապա մյուս հասցեատերերին ուղղված խնդրանքն անիմաստ է

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր է համարում Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։ Այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նախօրեին։ Պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե հայ հասարակության շրջանում բանավեճ կա, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, մարդկանց համար իրենց տանը խաղաղ ու անվտանգ ապրելն անհնար կլինի, Քրիստինա Քվինը հավաստիացրել է, որ երկու կողմն էլ համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։

«Հավատած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ բանակցություններին զուգահեռ Արցախում ադրբեջանական կրակի հետևանքով 4 զինծառայող զոհվեց, Քրիստինա Քվինը նշել է․ «ԱՄՆ-ն հստակ հայտարարել է, որ կողմերի միջև վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք հստակ ասել ենք, որ ռազմական բռնկումներն օգտակար չեն բանակցությունների համար, և բոլոր կողմերին կոչ ենք արել իրենց տարակարծությունները հաղթահարել բանակցությունների միջոցով»։

Ուշագրավ է, սակայն, որ դեսպանի այս սկանդալային հայտարարությունը ՀՀ իշխանական ու իշխանամերձ շրջանակները հանգիստ տարան, մինչդեռ եթե ՀՀ-ում ՌԴ դեսպանը նման հայտարարություն աներ, նրա ոսկորները կփշրեին, բողոքի նոտա կհղեին ԱԳՆ-ի մակարդակով։ Սա ցույց է տալիս, թե որքան բեւեռացված ու սուբյեկտիվ է Հայաստանում քաղաքական-հասարակական դաշտը, եւ որ վեկտորի տակ է տեղավորվել ՀՀ իշխանությունը՝ ՀՀ պետական, ազգային շահը ծառայեցնելով այլոց շահերին: Եթե այսօր ԱՄՆ-ն չի կարողանում ապահովել Արցախում ապրողների գոնե ֆիզիկական անվտանգությունը, ինչ իրավունք ունեն նման հայտարարություններ անել եւ ինչպես են ապագայում երաշխավորելու, երբ իրենց երազած ինտեգրումը` Ադրբեջանի կազմում իրականություն դառնա։

Սակայն դեսպանը միակը չէր` նույն օրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տխրահռչակ պատգամավորներից մեկը` Մարիա Կարապետյանը, նույնպես աչքի ընկավ հակահայ հայտարարությամբ` նա ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում՝ հայտարարելով, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև երկխոսությամբ` միջազգային ներկայության պայմաններում։

Տպավորություն է, որ իշխող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շտապում է իր գաղափարները, այն է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերը կյանքի կոչել՝ գուցե համարելով, որ դա է խաղաղության միակ ճանապարհը, եւ համանման հայտարարություններով փորձում են հասարակությանը հաշտեցնել այդ մտքի հետ։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան հիշեցնում է, որ միջազգային բոլոր զեկույցներում Ադրբեջանը բնութագրվում է որպես բռնապետություն՝ իր ամենավտանգավոր և վատ դրսևորումներով։

«Երբ արցախահայերին «միջազգային հանրությունն» առաջարկում է «լեզու գտնել» բռնապետության հետ, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, դա ցինիզմ ու երեսպաշտություն է։ Երբ «դեմոկրատիայի բաստիոն» իրեն հռչակած ռեժիմն իր քաղաքացիներին ասում է` գնացեք ապրեք բռնապետությունում, փոխանակ բանակցություններում ապացուցի դրա անհնարինությունը, դա արդեն կանխամտածված քաղաքականություն է»։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ, ԿԳ նախկին նախարար Նարինե Աղբալյանի կարծիքով, դեսպանի հայտարարությանը պիտի արձագանքեին ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի իշխանությունները, սակայն եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումը պարզ է եւ համընկնում է հնչեցված կարծիքի հետ, ապա տարակուսելի է Արցախի լռությունը: «Ես չգիտեմ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդհանրապես պատկերացում ունի՞ Արցախի մասին եւ ինչպե՞ս է վկայում, որ հնարավոր է համատեղ ապրել Ադրբեջանի հետ կամ Ադրբեջանի կազմում։ Սա հայտարարություն է, որն աղերս չունի իրականության հետ»,- ասում է Աղբալյանը:

Նրա կարծիքով,  արցախցին չի կարող հավատալ միջազգային որեւէ երաշխիքի, քանի որ տեսնում է, թե ինչպես Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։
Նախկին նախարարի կարծիքով՝ ակնհայտ է, որ բոլոր  խաղացողները շտապում են Արցախի հարցի լուծման հարցում․ «Բայց այդ լուծումը հաստատ չի բխում Արցախի ժողովրդի շահերից։ Արցախի ժողովրդի միակ գործիքն իր ինքնորոշման իրավունքն է, որը պաշտպանելու է ինչ գնով էլ լինի»:

Աղբալյանի խոսքով, դեսպանի հայտարարությունտ, այդուհանդերձ, անսպասելի չէր: «Եթե ՀՀ  վարչապետը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ապա բոլոր մյուս հասցեատերերին ուղղված մեր խնդրանքը կամ բողոքը  դառնում է անիմաստ: Ուրեմն առաջինը ՀՀ իշխանությունների դիրքորոշումները պետք է ճշտել»,- ասում է Աղբալյանը՝ հիշեցնելով, որ ԱՀ իշխանությունները ՄԱԿ-ին, ԵԱՀԿ համանախագահող երկրներին  հազարավոր արցախցիների ստորագրությամբ նման խնդրագրեր են փոխանցել՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար։

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ Պուտինին է նամակ գրել. «Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… »,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` հաստատելով նախորդ օրը մեր հրապարակած լուրը եւ չներկայացնելով նամակի բուն բովանդակությունը: Պետրոսյանը նաեւ հավելել է, որ արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի կամ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերն ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։

ՀԳ. Տեղեկացանք, որ երեկ Արցախի խորհրդարանում մի խումբ պատգամավորներ քննարկել են ԱՄՆ դեսպանի հայտարարությանը հայտարարությամբ արձագանքելու հարցը, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Փոխարենը որոշել են «Հայաքվե»-ին աջակցող հայտարարությամբ հանդես գալ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image