Հասարակություն

Հովհաննես Պողոսյանի բաց նամակը՝ Խորեն Հովհաննիսյանին

Հովհաննես Պողոսյանի բաց նամակը՝ Խորեն Հովհաննիսյանին

ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի և Երևանի «Արարատ» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի բաց նամակը Խորեն Հովհաննիսյանին

«Այսօր ես չեմ կարող քեզ դիմել «Հարգելի Խորեն Հովհաննիսյան» բառերով, քանզի դու քո կեցվածքով ու քայլերով քո անձի նկատմամբ հարգանքը հավասարեցրել ես զրոյի։ Հայկական ֆուտբոլն այլևս քայքայվում ու կործանվում է աչքի առաջ, դժգոհ են բոլորը՝ ֆուտբոլային ու մերձֆուտբոլային հանրությունը, մասնագետները, ֆան ակումբները։ Բոլորը նշում են հայկական ֆուտբոլի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, պահանջում են մելիքբեկյանանիկողոսյանական տանդեմի ու նրանց սատելիտների հեռացումը ֆուտբոլից, բայց արի ու տես ձայնը տրվում է հայկական ֆուտբոլի «լեգենդ» Խորիկին, ու դու Խորիկ, սկսում ես մատրոսովյան ոճով՝ կրծքով պաշտպանել թյուրիմացաբար ՀՖՖ նախագահի աթոռին տիրացած ոչնչությանը։ Խորիկ, ուշքի արի, ուրես գլորվում, ինչպես ես քո բարի համբավն ու անունը զոհաբերում դրանց, երբ քո անունը տարբեր լեզուներով հնչում էր աշխարհի շատ մեկնաբանների շուրթերից, այդ տանդեմը չգիտեր, թե ինչ է ֆուտբոլը, իսկ այսօր դարձել ես դրանց ձեռքի խաղալիքը, ի՞նչ է, քո անվան մարզադպրոցն այդքան կուրացրեց քեզ, թե դեռևս հիշում ես այն կուչ եկած ֆոտոն, որ սեղմել էիր մելիքբեկյանի ձեռքն ու թեկնածությունդ հանելու դիմաց խոստումներ էիր ստանում երկրի իշխանությունը զավթած խունտայից։

Ինչքան է վիճակներդ վատացել, որ նորից խաղարկում ես նախկին ներկա թատրոնը, երբ մոռանում և ուրանում ես քեզ վերակենդանացնողին, երբ մոռանում ես, թե ում շնորհիվ դարձար 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Քավ լիցի, չեմ ցանկանում որևէ մեկին արդարացնել կամ դատապարտել, չեմ ուզում մտնել նախկին ներկա թատրոնի մեջ (մատի ու մատանու արանքը), ուղղակի ցավալի է, որ դարձել ես խամաճիկ, խամաճիկների ձեռքին, մի մոռացի, որ դու Խորիկն էիր, մի մոռացի, որ անցած դարի 70-80 ականների բոլոր պատանիները երազում էին դառնալ Խորիկ, բոլորը ձգտում էին հագնել «8» համարի մարզաշապիկը, չեմ թաքցնում, ես էլ էի երազում Խորիկ դառնալ, երբ պատանի տարիքում հաճախում էի ֆուտբոլի մարզադպրոց, դու իմ ֆուտբոլային կուռքն էիր, բայց ավաղ, այսօր դու ցույց ես տալիս, թե ինչպիսին չպետք է լինի իր երկրի և ֆուտբոլի վիճակով մտահոգ քաղաքացին։ Առայժմ այսքանը, չեմ ուզում շատ ավելի դառը բաներ ասել»։

Հ.Գ Հովհաննես Պողոսյանն արձագանքել է Խորեն Հովհաննիսյանի` «Հրապարակին» տված հարցազրույցին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image