Ադրբեջանի հետ բանակցություններից երեւում է, որ առաջին պլան է մղվել սահմանադրական փոփոխությունների պահանջը: Եթե դա կատարվի, ապա համաձայնագրի նախաստորագրմանը կհետեւի ստորագրումը: Մյուս հարցերը եւ այդ թվում՝ երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձի» կազմակերպումը, ինչ-որ ժամանակ կքնեցվեն: Հաշվի առնելով, որ «արթնացել» է սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ենթադրում եմ, որ դրա վրա աշխատանքը պետք է ավարտվի նախքան հաջորդ տարվա հունիսի սկզբին անցկացվելիք ԱԺ ընտրությունը: Եվ դրա հետ միաժամանակ տեղի կունենա հանրաքվեն: Իսկ այն, որ օրենսդրորեն արգելված է դրանց համատեղ անցկացումը, մեծ խնդիր չէ՝ համապատասխան դրույթը կհանվի: Մենք արդեն ականատես ենք եղել նման բազմաթիվ դեպքերի, ու դա կլինի հերթականը: «Իսկ թե ինչու պետք է դրանք անցկացվեն միասին» հարցին դժվար չէ պատասխանելը. երկուսը մեկտեղելն ավելի անվտանգ կդարձնի դրանք ընդունելը: Այնպես չի լինի, որ մեկը ստացվի, իսկ մյուսը՝ ոչ:
Հաջորդ հարցը կարող է լինել սահմանադրական փոփոխությունների գնալը, թե բոլորովին նոր սահմանադրություն ընդունելը: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում խոսվում էր փոփոխությունների մասին, իսկ հետո հրապարակ նետվեց նորն ընդունելու գաղափարը: Եվ, եթե չեմ սխալվում, դա բարձրաձայնվեց հենց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Բայց պետք է հաշվի առնել, որ ամբողջովին նոր սահմանադրություն գրելը խաղուպար չէ: Եվ եթե օբյեկտիվ այդ բարդությանը գումարվի նաեւ սուբյեկտիվ կողմը՝ ոլորտային մասնագետների բացակայությունը, ապա խնդիրը կբարդանա կրկնակի եւ անգամ՝ քառակի: Որովհետեւ չեմ կարծում, թե ընդդիմադիր մասնագետներն այդ հարցում օգնության հասնեն գործող իշխանությանը: Ինչեւէ, դա պետք է որ ստիպի վերը նշված անձին՝ վերադառնալ նախկին մոտեցմանը՝ բավարարվել սահմանադրական փոփոխություններով, ինչը, ի դեպ, կունենա դրական կողմ. քարոզարշավի ժամանակ ստիպված չի լինի խոսել բազմաթիվ դրույթների մասին, այլ կկենտրոնանա մեկ-երկուսի վրա: Դա թե՛ իր գործը կհեշտացնի եւ թե՛ զանգվածներին ավելի ընկալելի կդարձնի ներկայացվելիքը: Ասվածը չի նշանակում, թե դա տեղի կունենա 100 տոկոսով, բայց պետք է պատրաստ լինել նաեւ նման շրջադարձին:
«Այս ամենն այն մասին էր, թե ինչ պետք է անի կամ կարող է անել վերը նշված անձը, իսկ ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը»՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ հենց այսօրվանից թե՛ մեկի, թե՛ երկրորդի եւ թե՛ երրորդի իրագործումը խոչընդոտելը: Այնքան, որքան հնարավոր է, իսկ հնարավորության բացակայության դեպքում, ինչպես ասում են, օր ու արեւ չտալը ու դրանց մասին, ինչպես նաեւ երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձի» վերաբերյալ խոսելը: Խոսելը բոլոր միջոցներով ու բոլոր վայրերում: Հատկապես որ, նախ, կյանքի է կոչվել միջանցքի գաղափարը՝ թեկուզ մի թեթեւ ձեւափոխված, երկրորդ՝ հզորացել են ընդդիմության ուժերը՝ հաշվի առնելով «մեծարգո վարչապետի» կողմից Սամվել Կարապետյանին «խաղի» մեջ մտցնելը, ինչպես նաեւ նրա ու սրբազանների, դաշնակցականների ու մյուս անձանց կալանավորելը: Երբեմն մարդուն կալանավորելը հանգեցնում է ոչ թե նրա թուլացմանը, այլ նրա գործի ուժեղացմանը: Կարծում եմ, որ մեր դեպքում առկա է հենց այս տարբերակը: Ու հետագա սերունդների կողմից մեզ չի ներվի այդ հնարավորությունը կորցնելը: