«Առավոտը» երեկ գրել էր, որ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել Գյումրիում մինչեւ 7 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Համայնքային իշխանությունները, ըստ հրապարակման, նույնիսկ նոր կառուցվելիք բազմաբնակարան շենքի տեղն են արդեն որոշել՝ հղկող հաստոցների գործարանի հետնամասում, Գյումրու բժշկական կենտրոնից ոչ հեռու։ Բազմաբնակարանանոց շինությունը, ամենայն հավանականությամբ, կլինի էլիտար շենք։ Սակայն կա մի տարօրինակ մանրամասն, որը չնկատել դժվար է։
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մանրամասնել է, որ շենքի նախագիծն ուղարկվել է վերամշակման, քանի որ ճարտարապետական առումով այն պարունակել է ռուսական ճարտարապետությանը հատուկ տարրեր, ինչի համար էլ մերժվել է Գյումրու քաղաքային իշխանությունների կողմից։ Պատճառաբանել են, որ նախագիծը պետք է հարիր լինի Գյումրու ճարտարապետությանը։ Թե ինչու են Գյումրու համայնքային իշխանությունները նման մոտեցում որդեգրել, դժվար է ասել։ Չի կարելի բացառել, որ խնդրի մեջ կա նաեւ քաղաքական բաղադրիչ։ Մասնավորապես՝ Հայաստանում այսօր հակառուսական հիստերիան շատ նորաձեւ է եւ թրենդային, ուստի Գյումրու համայնքային իշխանությունները որոշել են «Պապից ավելի կաթոլիկ երեւալ» ու հետ չմնալ Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության քաղաքական ճաշակի թելադրած թրենդներից։ Հակառակ դեպքում, նույնիսկ ոչ մասնագետը կփաստի, որ ռուսական ճարտարապետության տարրերն ամենեւին խորթ չեն Գյումրուն։ Ավելին` Գյումրին քանի որ հանդիսանում է ցարական Ռուսաստանի պրոդուկտ, եւ այդ շրջանում մեծ թվով շինություններ են ծնվել, ուստի Գյումրվա ճարտարապետությունն էլ կրում է ռուսական քաղաքաշինական մշակույթի ազդեցությունը:
Ինչպես մի առիթով նկատել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահյանը, այս առումով, հանուն հակառուսականության «ձվի մեջ մազ որոնելն» առնվազն «դանայան տակառ լցնելու» նման մի բան է եւ կարող է նաեւ ի վնաս Գյումրու եւ Հայաստանի աշխատել։ Նկատենք, որ Գյումրիում կարելի է տեսնել ե՛ւ խորհրդային սոցռեալիզմին պատկանող շենքեր, ե՛ւ խրուշչովկաներ, ե՛ւ եվրոպական քաղաքներին հատուկ քոթեջային թաղամասեր, եւ ներկայում կառուցվող շինությունների մեջ ակնհայտ է նաեւ արեւմտյան ճարտարապետական թրենդներին միտված տենդենցը՝ ներառյալ նաեւ բազմաբնակարան շենքերի եւ թաղամասերի մեջ, որոնք լինելու են էլիտար թաղամասեր։
Եվ պարզ չէ, թե այս դեպքում խնդիրը կոնկրետ որն է եղել` «ռուսական ճարտարապետության տարրեր պարունակող» նախագիծ կոչելու եւ այն մերժելու համար: Նման քայլերով ընդամենը հակառուսական հիստերիան են ակտիվացնում։