Այլ

Ոչ մի բառ Հայաստանի ու Փաշինյանի մասին. Պուտինի պետերբուրգյան ելույթի ազդակները

Ոչ մի բառ Հայաստանի ու Փաշինյանի մասին. Պուտինի պետերբուրգյան ելույթի ազդակները

Երբ խոսում ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի, դրա պատճառահետեւանքային կապի եւ միտումների մասին, կարեւոր է արձանագրել նաեւ ներկա իրողությունները, որոնք նոր լույս են սփռում այդ ամբողջ գործընթացի վրա: Պաշտոնական Երեւանի հակառուսական խոսույթը, այս կամ այն պատրվակով մշտական դժգոհություններն ու Մոսկվայից ժամանակ առ ժամանակ հնչող նախազգուշացումները, խրատները, ինչու չէ՝ սպառնալիքները, դարձել են հայ-ռուսական պետական օրակարգի անբաժան մասը: Դրանք ինչ-որ չափով նաեւ սովորական են դարձել, եւ այստեղ ցանկացած խոսք, հայտարարություն՝ որ կողմից էլ հնչի, արտառոց չէ այլեւս, որովհետեւ խոսվել է գրեթե ամեն ինչի մասին ու մինչեւ վերջ հասկանալի լինելու աստիճանի: Ինչպես ասում են, խաղն ընթանում է բաց եւ ուղիղ մարտավարությամբ՝ առանց տողատակերի եւ ակնարկների: Բայց, որքան էլ զավեշտալի հնչի, միանգամայն արտառոց կարող է լինել որեւէ կարեւոր խոսքի բացակայությունն իսկ:

Հունիսի 5-ին մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՍՄՏՀ), որը կանցկացվի մինչեւ հունիսի 8-ը: Ներկայացուցչական բիզնես-համաժողովի առաջին օրվա գլխավոր իրադարձությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շփումն էր միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որի հեռարձակումն իրականացվել է Россия 24 հեռուստաալիքով։ Այն, որ Կրեմլի ղեկավարը սիրում է հռետորաբանել զանգվածային լսարանի, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների առջեւ, վաղուց հայտնի է: Իրեն բնորոշ խոսույթով Պուտինն անդրադարձել է գրեթե բոլոր թեմաներին, որոնց այս կամ այն կերպ առնչություն ունի Ռուսաստանը՝ դնելով կոնկրետ շեշտադրումներ, վերահաստատելով նախկինում հնչեցրած դիրքորոշումները, ինչպես նաեւ խոսելով որոշակի զարգացումներից:

Զառանցանք է, իսկ Զելենսկուց կազատվեն մեկ տարում

Բնական է, որ մասմեդիայի ներկայացուցիչներին առաջին հերթին պետք է հետաքրքրեր Ուկրաինայում շարունակվող հատուկ ռազմական գործողությունը, մեր խոսքով ասած` պատերազմը, ուստի, ի թիվս այլ նրբերանգների, Ռուսաստանի ղեկավարն իր ելույթում հիշատակել է նաեւ հակառակորդ երկրի նախագահին՝ Վլադիմիր Զելենսկուն, եւ նրա արեւմտյան հովանավորներին. «Կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը Կիեւին կստիպի իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչեւ 18 տարեկան։ Այդ ժամանակ նրանք կազատվեն Վլադիմիր Զելենսկուց: Դա անելու համար, ինձ թվում է, մեկ տարի կպահանջվի»: Նրա խոսքով, Ուկրաինայում հակամարտությունը սկսվել է երկրում պետական հեղաշրջումից հետո։ Արեւմուտքում ոչ ոք չի ցանկանում հիշել այս ողբերգության սկիզբը՝ նշել է Պուտինը եւ հիշեցրել, որ դրան հաջորդել է Ղրիմի բնակիչների՝ Ուկրաինայից անջատվելու, իսկ հետո՝ Դոնբասի բնակիչների որոշումը։ Բացի այդ, Պուտինը զառանցանք է անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա. «Այ, օրինակ, մտածում էին, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Դուք լրի՞վ եք խելագարվել։ Ո՞վ է դա հորինել: Դա անհեթեթություն է, զառանցանք»: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ այդ ամենն արվում է սեփական բնակչությանը հիմարեցնելու նպատակով, սեփական կայսրական դիրքը պահպանելու համար։
Պուտինը թուրք խմբագրի միջոցով «զգուշացրել» է Էրդողանին

Մի քանի ուղղություններով Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, բայց, միեւնույն ժամանակ, Ուկրաինան փորձում է հարվածել գազատար խողովակներին, որոնցով գազ է հասնում Թուրքիա։ Այս մասին «Անադոլու» գործակալության խմբագրին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սպառնալիք են ներկայացնում Արեւմուտքի կողմից Կիեւին մատակարարվող անօդաչու մոտորանավակները»,- նշել է Պուտինը, հորդորելով թուրք խմբագրին՝ այդ մասին տեղեկացնել նախագահ Էրդողանին:

Պուտինը «հիացած» է Ալիեւով 

Պետերբուրգյան համաժողովի շրջանակում համաշխարհային ԶԼՄ-ների հետ շփվելիս Պուտինը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ իր երկրի քաղաքացիներին ռուսաց լեզուն անհրաժեշտ կլինի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանը զգում է Ադրբեջանի ղեկավարության ոգին՝ միջպետական հարաբերությունները փոխադարձ շահերի, միմյանց նկատմամբ որոշակի համակրանքի հիման վրա կառուցելու ցանկությամբ. «Այլ կերպ հնարավոր չէ բացատրել 300 դպրոցների գոյությունը, որոնք գործում են Ադրբեջանում, աշխատում են ռուսերենով եւ սովորեցնում են երեխաներին, եւ ես գիտեմ, որ նախագահ Ալիեւն աջակցում է ռուսաց լեզվի դասավանդմանը հանրապետությունում, դա երեւում է բոլոր ուղղություններում։ Իսկ սա մոտավորապես նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությանը ռուսաց լեզուն պետք կգա»։
Ռաիսին վստահելի գործընկեր էր

Պուտինը լրագրողների հետ զրույցում հիշատակել է նաեւ օրեր առաջ, Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին ողբերգական ավիավթարի հետեւանքով զոհված Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսիին. «Ուզում եմ ասել, որ մենք նրա հետ ունեցել ենք շատ լավ, վստահելի եւ գործնական հարաբերություններ»: Նա Ռաիսիին վստահելի գործընկեր է անվանել։ Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կհանդիպի Իրանի նոր նախագահի հետ, երբ այդ երկրում հունիսի 28-ին կայանան նախագահական արտահերթ ընտրությունները: Պուտինը համոզմունք է հայտնել, որ իրենց կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, եւ երկրները կշարունակեն իրականացնել իրենց ծրագրերը։

Իսկ Հայաստանն ու Փաշինյա՞նը

Ինչպես նշեցի, տարաձայնություններ ունեցող կողմերի համար, այս դեպքում՝ խոսելով պաշտոնական Երեւանի ու Մոսկվայի հակասությունների մասին, առավելաբար ուշագրավ է դառնում ոչ թե այն, ինչ ասվել կամ ասվում է, այլ այն, ինչ ... չի ասվում: Ինչի մասին լռում են: Պարզ է, որ այս դեպքում խոսքը «լռությունը համաձայնության նշան է» հայտնի ճշմարտության մասին չէ: Այն, որ Հայաստանի հետ տակավին ռազմավարական դաշնակցություն ունեցող, հայ ժողովրդին բարեկամ համարող Ռուսաստանի առաջնորդը ոչ մի բառ, ոչ մի տող չասաց Հայաստանի, էլ չասենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, մի շատ կարեւոր, գուցե՝ նաեւ վտանգավոր երեւույթի մասին է խոսում: Կա՛մ Ռուսաստանը որոշել է վերջնականապես արհամարհել ու անտեսել Փաշինյանին, կա՛մ այլ ծրագրեր կան մեր երկրի հետ կապված, որոնք ի դերեւ չեն հանվում՝ անորոշության աներեւույթ ուժով փաշինյանական ռեժիմին ահաբեկելու համար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image