Այսօր պաշտոնական Երեւանից հաճախ հակասական հայտարարություններ են հնչում: Մեկ՝ որ բանակցային դռները փակ են, մեկ էլ՝ ամեն օր կոնսուլտացիաներ ու հանդիպումներ են լինում՝ Մոսկվա, Վաշինգտոն, Ժնեւ: Ո՞ր ճանապարհն ավելի արագ կբերի խաղաղության՝ պատերազմի՞, թե՞ բանակցությունների: Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Դավիթ Գալստյանը կարծում է, որ 2 ուղիները պետք է համադրել: «Եթե բանակցություններ չկան, ապա պատերազմը շատ ավելի երկար է տեւում: Պետք է փորձել բանակցային սեղանի շուրջ նստել»,- ասում է նա:
- Այսինքն, սխա՞լ է ասել, որ բանակցային դուռը փակ է:
- Դա ճիշտ չէ: Բանակցությունները պետք է վերականգնվեն, որպեսզի հաստատվի հրադադար, ու բանակցային սեղանի շուրջ բերվի այն օրակարգը, որը որ մենք ունենք՝ Արցախի անկախության ճանաչում եւ դրան զուգահեռ մնացած հարցերը:
- Որ ասում են՝ բանակցություններ չկան, փակուղի է, որովհետեւ ձեր ասած օրակարգը չի տալիս բանակցելու ճանապարհ, ուրեմն, միակ ուղին պատերազմն է:
- Պատերազմը չի կարող ավարտվել պատերազմով: Ցանկացած պատերազմից հետո լինում է բանակցություն, եւ բանակցային սեղանի շուրջ են խաղաղությունն ու հրադադարը հաստատվում։
- Պատերազմը «թանկ հաճույք» է: Եթե շարունակվում է, արդյոք բավարա՞ր են ֆինանսական ռեսուրսները, որ հիմա տրամադրվում են:
- Եկեք ռեսուրսների մասին չխոսենք։ Ամենակարեւորը հիմա ոչ թե ռեսուրսներն են, այլ՝ մարտական ոգին, որը թե՛ աշխարհազորի, թե՛ պահեստազորի, թե՛ մեր կանոնավոր բանակի մոտ տեղում է: Դա ավելի կարեւոր է, քան մնացած այլ հարցերը։ Այսօր բոլորն իրենց առաջադրված խնդիրը լուծում են:
- Այսինքն, զուտ ապավինելով զինվորի ոգուն՝ ուզում ենք բեկո՞ւմ մտցնել:
- Ոչ թե զուտ ապավինելով, այլ շատ կարեւոր է զինվորի ոգին: Իհարկե, զուգահեռները Ձեր ասած զենք-զինամթերքի խնդիրն է, բայց դրա մասին չենք խոսում։
- Լավ, դրա մասին չխոսենք, պե՞տք է ավելի լուրջ ֆինանսական հոսքեր ուղղել ռազմական նպատակներին:
- Այսպես ասեմ՝ ուղղվում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի բանակն իր առջեւ դրած խնդիրները կատարի։
- Կարծում եք, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացվա՞ծ են:
- Ոչ ամբողջը: Ամբողջը՝ 10 մլն հայ ենք աշխարհով մեկ, մեր ամբողջ ռեսուրսը շատ ավելի մեծ է: Էլ ավելի շատ կարող ենք ուղղել, բայց կարծում եմ, այս պահին եղածն ուղղվում է:
- Եղածը բավարա՞ր է, որպեսզի փոխվի իրավիճակը։
- Այդ հարցերը պատերազմից հետո կքննարկենք:
- Հիմա Արցախի խորհրդարանում կա՞ համաձայնություն: Դուք ընդդիմության ներկայացուցիչն եք:
- Հենց առաջին օրվանից։ Մենք հայտարարել ենք, որ այսօր չկա ինչ-որ կուսակցություն՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում, այլ կա Արցախի ժողովրդի կուսակցությունը, որը գործում է հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի:
- Այնուամենայնիվ, ձեր կուսակցության ղեկավարը՝ Վիտալի Բալասանյանը, կարծես լիարժեք ներգրավված չէ ռազմական գործողություններում, նրան թույլ չեն տալիս անել այն ամենը, ինչը կարող է, այդպես չէ՞:
- Նա խորհրդարանում չէ։ Բայց Վիտալի Բալասանյանն ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու:
- Ճի՞շտ է, որ Արցախում մարդիկ սպասում են Ռուսաստանի միջամտությանը նույնիսկ ավելի, քան Հայաստանում:
- Ոչ թե սպասում են Ռուսաստանի միջամտությանը, այլ արտաքին աշխարհի արձագանքին, իսկ տարածաշրջանում ամենալուրջ դերակատարություն ունեցողը Ռուսաստանի Դաշնությունն է, որից, իհարկե, սպասումներ ունենք:
- Այդ միջամտությունն ի՞նչ աստիճանի եք պատկերացնում․ ռազմական օգնությո՞ւն, թե՞ բանակցային, ընդհուպ ոմանք ուզում են, որ Արցախը մտնի Ռուսաստանի կազմի մեջ։
- Ես չեմ կարող մեկնաբանել անհատների հնչեցրած կարծիքը, բայց Ռուսաստանը պետք է բանակցային սեղանի շուրջ բերի կողմերին, հրադադարի ռեժիմը պահպանվի, եւ հետո՝ բանակցությունների սեղանի շուրջ իր դերակատարումը մեծ է: Իր ազդեցությունը շատ մեծ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա: Ինչ մնում է, որ այս պատերազմում ներգրավված է նաեւ Թուրքիան, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը, ապա Թուրքիան մեզ պարտադրված երկրորդ հերթական պատերազմում մեծ դերակատարություն ունի: Նա ուզում է ավելի ներգրավված լինել այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեջ: Ինձ թվում է, սա է պատճառը, որ առայսօր հրադադար չկա:
- Այսինքն, կարծում եք, որ Ռուսաստա՞նն էլ նույն չափով պետք է ներգրավված լինի:
- Այո։
- Արայիկ Հարությունյանի նամակը՝ Պուտինին հասցեագրված, որեւէ արդյունք ունեցա՞վ:
- Ինձ թվում է, ցանկացած գրության, նամակի, կոչի արդյունք պետք է տեսանելի լինի, որը դեռ տեսանելի չէ: Գուցե ապագայում դա կունենա իր արդյունքը:
- Կառավարման առումով ի՞նչն է առաջնայինը:
- Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, մոռանալ «նախկիններ-ներկաներ» հասկացությունը, մի կողմ դնել տարաձայնությունները եւ բոլորի ջանքերը ներդնել հանուն հայրենիքի փրկության: Կոչ եմ անում բոլոր առողջ ուժերին՝ համախմբվել, որովհետեւ այսօր սեղանին դրված է հայ ազգի ապագան: Պետք է պատվով այս փորձության միջից դուրս գալ: