Այլ

Թուրքերը սկսել են «խմել» Հայոց ցեղասպանությունը ժխտող Փաշինյանի «կենացը»

Թուրքերը սկսել են «խմել» Հայոց ցեղասպանությունը ժխտող Փաշինյանի «կենացը»

Սպասելի էր, որ Ցյուրիխում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթը, որում նա կասկածի տակ է դնում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, կհետաքրքրեր թուրք հասարակությանը։ Հիշեցնենք․ նա ասել էր. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել, եւ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Հայկական միջավայրում սա միարժեք բացասական գնահատական ստացավ, քանի որ այս խոսքերն անարգանք են մի ամբողջ ազգի պատմությանը, թուրքական եւ ադրբեջանական նարատիվների կրկնություն, ինչին Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը կոշտ արձագանքեց. «Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի եւ հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու շարունակվող պայքարին եւ վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական սպառնալիքների համատեքստում»։

Իսկ ադրբեջանական եւ թուրքական մամուլը ցնծության մեջ է: Ի դեպ, Փաշինյանն առաջին անգամ չի անդրադառնում ցեղասպանության թեմային։

2024 թ. ապրիլի 24-ի ուղերձում նա օգտագործեց «մեծ ջարդ» արտահայտությունը, որը նախկինում օգտագործում էին միայն նրանք, ովքեր խուսափում կամ մերժում էին «ցեղասպանություն» եզրույթը։ Փաշինյանն առաջինն էր, որ բացահայտ հայտարարեց, որ 1915 թ. մեծ ջարդը հիմնված էր հայերին տրված կեղծ խոստումների եւ հայ ժողովրդի պատրանքային սպասումների վրա։ Նա նաեւ նշել է, որ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը պատմական պատասխանատվություն չի կրում այս իրադարձությունների համար: Սա հիշեցնելով՝ ադրբեջանական Հաքին.ազ-ը զրուցել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Այրիմի հետ, որն ընդգծել է, որ Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել տարածաշրջանային համագործակցության ապահովման համատեքստում. «Անցյալ տարի ՀՀ վարչապետն առաջարկեց ուսումնասիրություններ կատարել 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ եւ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այս պահին Հայաստանում արդեն խոսում են ոչ թե մեկուկես միլիոն, այլ, այսպես կոչված, «ցեղասպանության» հետեւանքով 200-300 հազար զոհերի մասին: Եթե Երեւանը, ինչպես Փաշինյանն ասաց, իսկապես ցանկանում է վերադառնալ 1915-ի դեպքերի հետաքննությանը, ապա ինչո՞ւ չընդունեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2005 թ. առաջարկը՝ ստեղծել Թուրքիայի եւ Հայաստանի մասնագետներից կազմված հանձնաժողով՝ մանրակրկիտ ուսումնասիրելու եւ օբյեկտիվ գնահատելու այդ տարիների իրադարձությունները: Թուրքիան, հիշեցնեմ, այն ժամանակ բացեց իր արխիվները եւ հրավիրեց հայ պատմաբաններին՝ ծանոթանալու այնտեղ պարունակվող փաստաթղթերին։ Սակայն հայկական կողմը մերժեց այդ առաջարկը։ Կարծում եմ, որ այսօր կարող ենք վերադառնալ դրան… Համոզված եմ, որ պատմաբանների եզրակացությունը ցույց կտա, թե որքան սխալ ճանապարհ է անցել հայ հասարակությունը այս տարիների ընթացքում... Թուրքիան անհերքելի ապացույցներ ունի 20-րդ դարասկզբի իրադարձությունների ժամանակ Արեւելյան Անատոլիայի մահմեդական բնակչության ջարդերի մասին, որոնք իրականացվել են հայկական զինված խմբավորումների կողմից»:

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իրական, արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ իր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ իր պարտավորությունները կատարելու համար,- ասել է թուրք պատգամավորը։ -Խոսքը վերաբերում է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը եւ 80-ականների վերջին Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի համար պայմանների ստեղծմանը։ Մեկօրյա հակաահաբեկչական գործողությունից հետո Ադրբեջանի նախագահը Ղարաբաղում բնակվող հայերին առաջարկել է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ մնալ Ադրբեջանում։ Բայց սփյուռքի եւ երրորդ երկրների ճնշման ներքո հայերը լքեցին Ղարաբաղը...»։

Միանգամայն հասկանալի է թուրք-ադրբեջանական այս հրճվանքը` Հայաստանի ղեկավարն իրենց հարյուրամյա երազանքն է իրականացնում եւ իրենց փաստարկներն է հիմնավորում: Ոչ մի հայ` իր մղձավանջային երազում, եւ ոչ մի թուրք` իր ամենագունագեղ երազում նման բան չէր կարող անգամ պատկերացնել:  Մեր ժողովրդին ու պետությանն ուղղված ուղիղ վտանգը հենց Նիկոլ Փաշինյանի հակահայ գործունեությունից է ծագում: Լեմկինի ինստիտուտի ահազանգն ու սթափեցնող կոչն առոչինչ է, եթե մենք՝ ինքներս, վճռական հակահարված չտանք ազգադավ այս քաղաքականությանն ու հայի շահերին դեմ գնացած անձին...

ՀԳ. Ըստ երեւույթին, գիտակցելով, թե ինչ համընդհանուր բողոքի ալիք կարող է բարձրանալ իր հակահայ հայտարարություններից, նախկին խմբագիրը երեկվա ասուլիսում փորձեց խմբագրել սեփական խոսքերը: Ցեղասպանությունն անժխտելի է ու մեր ինքնության մասին է, մեր արյան, երակների մեջ է՝ ասաց նա, հիշեցնելով, որ ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, բայց կրկին պնդեց, թե աշխարհընկալման հարց կա՝ հընթացս նշելով, թե մենք պետք է խոսենք Մեծ եղեռնի մասին` արդյոք ընկալվա՞ծ են երիտթուրքերի ու ՀՅԴ փոխհարաբերությունները...

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image