«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է:
- Այսօր Ազգային ժողովում անչափ տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Ալեն Սիմոնյանը Ձեզ ասում էր, որ սուտ եք խոսում, վիրավորական տոնով ասում էր. «Սեյրան, իջի ստեղից», հետո սպառնաց, թե` ձեզ այլևս չի թողնի, որ մտնեք Ազգային ժողով: Եւ մենք չտեսնաք որևէ համարժեք պատասխան Ձեր կողմից: Տպավորություն է, թե խուսափում եք ձեզ վիրավորողներին համարժեք պատասխաններ տալ:
- Ո՞վ ասաց, որ խուսափում եմ: Իրենց լկտի ստերին ես միշտ էլ պատասխանում եմ, իսկ այսօրվա պահվածքը հետևյալով էր պայմանավորված: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը անվտանգության հետ որոշել են, որ ԱԺ-ի ելքն ու մուտքը պետք է լինի Բաղրամյան փողոցից: Առավոտյան ես մոտեցա Դեմիրճյան մուտքին: Առողջական վիճակովս պայմանավորված, ես դժվարանում եմ Բաղրամյանից ԱԺ շենք բարձրանալ` աստիճանների պատճառով: Դեմիրճյան մուտքից ինձ կանգնեցում են ու ասում, որ ինձ չի թույլատրվում մտնել այդ մուտքից, քանի որ կա հրահանգ` իբրև ոչ ոքի չեն թողնում: Ես խնդրեցի, ասացի, որ ինձ համար Բաղրամյանից բարձրանալը դժվար է, նույն րոպեին ՔՊ-ականները` Տրդատ Սարգսյանը, Քրիստինե Սարգսյանը եկան ու անարգել անցան, հարցրի` ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ են նրանք անարգել անցնում, ինձ արգելում եք: Զանգահարեցի աշխատակազմի ղեկավարին, ասացի` ի՞նչ է սա նշանակում, նա ինձ պատասխանեց, որ կա մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ ՔՊ-ին կարող են թույլատրել, իսկ մեզ` ոչ: Աբսուրդ է, որ այսպիսի տարբերակումներ են դնում: Ազգային ժողովի նախագահը այսօր նիստերի դահլիճում ելույթ ունենալով, հայտարարեց, որ բոլոր մուտքերը բաց են, կարող են դուրս գալ` որ մուտքով ցանկանում են և այլն: Դրանից հետո իմ գործընկերներին կրկին թույլ չեն տալիս Դեմիրճյան մուտքից ներս մտնել: Ազգային ժողովի նախագահը նաև ստում է այն հարցում, որ իմ ծառայողական մեքենան թույլ է տվել մտնել ԱԺ տարածք: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ իմ մեքենան չեն թողնում մտնել ԱԺ տարածք: Իշխանությունների վախերի արդյունքն է դա: Այդ մարդու պահվածքը փաստում է այն մասին, որ նա չի կարող ապահովել համերաշխություն, փոխըմբռնում և այլն: Նա իր վարվելակերպով ցույց է տալիս, որ միմիայն ՔՊ-ի նախագահն է:
- Ինչպե՞ս եք նման պայմաններում Ձեր աշխատանքը պատկերացնում, ՔՊ-ն այնքան է լկտիացել, որ անգամ հարկ չեն համարում Ձեզ ազգանունով դիմել:
- Ես հենց այսօրվա աշխատանքն էլ չեմ պատկերացնում: Դժվար է նման մթնոլորտում աշխատելը: Գուցե դժվար չլիներ, եթե նրանք մտածեին հայրենիքի մասին, սակայն, երբ տեսնում ես, որ այդ ուժը մեր երկիրը, Արցախը հացրել է այս վիճակին, իսկ ծրագրային պարտավորություններն ընդհանրապես չի կատարում: 2021-2026 թվականի կառավարության ծրագրում գրված է մի բան, իրենք անում են լրիվ այլ բան: Մեկնաբանում են հետևյալ կերպ, որ փոխվում է աշխարհը, փոխվում են իրադարձությունները: Բայց եթե չես կատարում քո ծրագիրը, պետք է հրաժարական ներկայացնես, սրանք անգամ դրա համարձակությունը չունեն: Նրանք մանրախնդիր, փոքրոգի վախկոտներ են: Միայն նման մարդիկ կարող են այդքան ոստիկանական ուժեր կուտակել: Ոստիկաններով մեր ժողովրդից են պաշտպանվում, բայց այդ նույն ժողովրդին թողնում են մենակ հակառակորդի դեմ: Սրանց համար միայն մեկ կարևոր խնդիր կա, պահել աթոռները: Ոչինչ, որ երկիրը վտանգված են երկրի սահմանները: