Այլ

ԱԱԾ մեկուսարանից մխիթարում է ժողովրդին․ սա՜ է Աստծո Սերը

ԱԱԾ մեկուսարանից մխիթարում է ժողովրդին․ սա՜ է Աստծո Սերը

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանիի ուղերձը՝ Երևան կենտրոնի ՔԿՀ-ից հայ եկեղեցու պատմության մեջ կմնա որպես հավատի չգերազանցող գոհար։ Ուղերձից հետո ի չիք են դառնում Նիկոլ Փաշինյանի բոլոր գրոհները՝ Եկեղեցու դերը նսեմացնելու ուղղությամբ։ Նրա խոսքը ճշմարիտ հավատքի ու տոկունության վկայություն է։ Նա բանտի պատերի մեջ անգամ չի կորցնում հույսը, այլ Աստծուն փառք է տալիս, որովհետև միայն Նրա զորությամբ է դիմանում անարդարությանը։ Իր անձնական տառապանքը համարում է ոչինչ՝ համեմատած հայրենազրկվածների ու գերության մեջ տանջվողների ցավի հետ։

Աջապահյանի խոսքը սկսվում է Աստծուն ուղղված աղոթքով։ Նա Տիրոջը կոչում է իր հույս և կյանք, իր ապավեն։ Այս բառերը ցույց են տալիս, որ անգամ ամենամեծ անարդարության մեջ, նա չի ընկճվում, այլ ամուր կանգնած է հավատքի վրա։ Նրա առաջին ուղերձը բոլորինն է՝ «Ես չեմ երկնչի ոչ մեկից, որովհետև իմ ապավենը Աստված է»։

Շնորհակալությունը, որ նա արտահայտում է,  իրական հավատքից է բխում։ Մարդը, ով 75 օր փակված է անազատության մեջ, խոսում է ոչ թե դժգոհությամբ կամ չարությամբ, այլ Աստծուն փառք տալով, որովհետև Նա է տվել զորություն դիմանալու։ Սա իսկական հոգևոր ուժի արտահայտություն է։

Նա նաև վստահ է, որ այս անօրինականությունը մի օր կավարտվի, և արդարությունը կհաղթի։ Բայց այստեղ նրա խոսքի ամենաուժեղ կետերից մեկն այն է, որ նա՝ որպես եկեղեցական, գիտակցում է իր հոգևոր իշխանությունը, որն անսահման է և հավիտենական՝ ի տարբերություն անցողիկ աշխարհիկ իշխանությունների։ Նրա խոսքն այստեղ դառնում է դատավճիռ անարդարներին։

Աջապահյանը համեմատում է իր խոսքը Քրիստոսի խոսքով․ Քրիստոս ասել էր՝ «Ներիր, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Իսկ նա ասում է՝ «Մի ներիր, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ են անում»։ Սա հզոր ուղերձ է, որ բացահայտում է նրա արդար բարկությունը, նրա ըմբոստությունը անօրինականության դեմ։

Ի վերջո, նա մխիթարում է ժողովրդին՝ ասելով․ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»։ Սա կոչ է ամրության, հույսի և միասնականության։ Նա ուղերձով ցույց է տալիս՝ որքան էլ դաժան լինի անարդարությունը, որքան էլ փորձեն լռեցնել, Տիրոջ օգնությամբ ժողովուրդը չի ընկրկելու։ 

ԱԱԾ մեկուսարանից  մխիթարում է ժողովրդին․ սա՜ է Աստծո Սերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image