«Այսօր Ադրբեջանն ուզում է Հայաստանից գրավել Սեւանի կեսը, Տավուշը, Վայոց ձորը եւ Սյունիքը, ասելով, որ դրանք ադրբեջանական տարածքներ էին եւ հայերը մեզնից են գրավել, բայց եթե դուք 1918թ-ից առաջ գոյություն չունեիք, ինչպե՞ս կարող էին դրանք լինել ձերը, այս մի բանը գոնե մեր դիվանագետները միջազգային հարթակներում չեն ասում, թե` ինչո՞ւ չեն բարձրաձայնում կամ ինչի՞ց են վախենում` չգիտեմ, -ասում է աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանն ու ընդգծում, որ պահանջին պահանջով պետք է պատասխանենք:
«Ադրբեջանը պահանջ է ներկայացնում ու ասում է` քանի որ այդ անկլավում ադրբեջանցի է ապրել 200 տարի` ուրեմն մերն է եւ մեզ պետք է տաք..., բայց նախ` ադրբեջանցի չէր կարող այդտեղ 200 տարի ապրել, քանի որ 200 տարի առաջ ադրբեջանցի չկար, այդ նույն տրամաբանությամբ Արցախում էլ 120 հազար հայ էր ապրում ու դա տասնյակ հազարավոր տարիներ շարունակ, իսկ ըստ դանիական հետազոտությունների ժուռնալի 8 հազար տարի է, որ հայերն ապրում են Սյունիքում ու Արցախում, այնպես որ նման փաստերը չեն կարող հերքել»,-ընդգծում է քարտեզագետը:
Թե ինչո՞ւ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան մեր իշխանությունը եւս տարածքային պահանջներ առաջ չի քաշում, Գալչյանը նկատում է. «Իմ տպավորությամբ, մեր իշխանությունները համարձակություն չունեն նման պահանջներ դնելու: Մենք Ադրբեջանին տվեցինք իր պահանջած գյուղերը, բայց չգիտես ինչու իրենք մեր հողերը` Բերքաբերից մինչեւ հյուսիս գտնվող այդ 880 հեկտարը չեն վերադարձրել մեզ, իսկ ինչո՞ւ չեն վերադարձրել, չի բարձրաձայնվում դրա մասին»:
Անդրադառնալով Տավուշում վերջին ամիսներին իրականացված սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին, քարտեղագետը նկատում է, որ դրանք հիմնականում կատարվել են այն հատվածներում, որոնք ընդունելի են եղել երկու կողմերի համար էլ. «Ամեն տեղ չի կատարվել, միայն այնտեղ, որտեղ ամեն ինչ պարզ է, իսկ բարդ տեղերը թողնվել են եւ դեռ չեն արվել, օրինակ այնտեղ, որտեղ մեր ճանապարհը Ոսկեպարի շուրջ մի 5 տեղ մտնում է Ադրբեջան ու դուրս է գալիս, դրանց ճակատագիրը որոշված չի, այդ ճանապարհը մե՞զ է մնալու, դրա տեղը մե՞նք ենք իրենց հող տալու կամ փոխանակելու, թե՞ նոր ճանապարհ պետք է կառուցենք ուրիշ կողմից գնացող»:
Ռ. Գալչյանը կարեւորում է միասնական կանոնակարգ ունենալու անհրաժեշտության մասին, որպեսզի, ըստ դրա արվի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները. «Կանոնակարգը պիտի լինի այն մասին, թե որը ինչի դիմաց ենք տալիս, մենք ինչ պիտի տանք, Ադրբեջանը ինչ պիտի տա:
Հատկանշական է, որ Ադրբեջանը 2021թ-ի մայիսից հետո մինչեւ 2023թ-ը` 230-240 ք.կմ. բարձրունքներ է գրավել Հայաստանի տարածքում, իսկ դրանք հսկայական տարծքներ են, դրա համար էլ մինչեւ անցած տարի ասում էր, որ 1991թ-ի քարտեզները չի ընդունում, քանի որ բոլոր այդ քարտեզների մեջ այդ բարձրունքները մերն են, բայց այս տարի հունվարին արդեն հայտարարեց, որ ընդունում է 91թ-ի քարտեզները եւ առաջարկեց սահմանազատումը սկսել Տավուշից, բայց եթե ընդունում է, ուրեմն համատեղ կանոնակարգի մեջ պետք է լինի նաեւ այն, որ գրավված բոլոր բարձրունքները պետք է վերդարձնեն մեզ: Այդ կանոնակարգը սկսեցին նախապատրաստել, որը հուլիսի 1-ին պետք է վավերացվեր, եւ որը հետո նաեւ խորհրդարանները պետք է վավերացնեին, բայց գործը դրան չհասավ, որովհետեւ Ադրբեջանի խորհրդարանը լուծարվեց եւ նոր խորհրդարան կունենա հավանաբար նոյեմբեր-դեկտեմբերին: Իսկ դրանից առաջ ոչ մի քայլ սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված կամ խաղաղության պայամանագրի մեջ չի կարող կատարվել, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը իր խոստումը չի կատարել եւ Բերքաբերի հողերը չի վերադարձրել հայերին: Ըստ այդմ, մենք ոչ թե պետք է շարունակենք, այլ պետք է պահանջենք, որ այդ տեղերից իրենք դուրս գան: Այդպիսի պահանջներ մենք այսօր պետք է ունենանք, քանի որ դուք համաձայնագիր եք ստորագրում, որ ուզում եք այս գործը անեք ըստ 1991թ-ի որոշված սահմանների, որոնք խորհրդային միության գեներալ շտաբի գծած քարտեզներն են, բայց ըստ դրա չեք անում, ավելին` հողերը վերցրել եք, բայց մեր տարածքը մեզ չեք տալիս...ինչպե՞ս վստահենք ձեզ: Չի կարող խաղաղության պայմանագիր կնքվել, առանց այդ հողերի ճակատագիրը որոշելու, այսինքն եթե այսօր խաղաղության պայմանագիր կնքենք, այդ խաղաղությունը մեզ ապահովություն չի բերելու, քանի որ ուժը նրանց ձեռքն է եւ Ադրբեջանն ինչ ուզի, այն էլ կանի, որովհետեւ նա է թելադրում պայմանները: Դրա համար մինչեւ սահամանագծման այդ կանոնակարգը չվավերացվի եւ չիրականացվի, մենք ոչ մի քայլ առաջ չենք կարող անել, դրա համար էլ կանգնած ենք փակուղու առաջ»: