Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտայնությունը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտայնությունը

Անկեղծ ասած, մտադրություն չունեի առանձին հոդվածով անդրադառնալ Բաքվում կայացվող «դատավճիռներին», որովհետեւ հայկական մամուլը շատ գրեց այդ մասին, եւ դրանցից հերթականն ուժ չէր ունենա՝ ինչ-որ բան փոխելու, ու կվկայեր իր անօգուտ լինելը: Որովհետեւ, երբ հոդված ես գրում վարչապետի աթոռից կառչած անձի ու նրա շրջապատի մասին, նպատակ ունես «Հրապարակի» ու Ֆեյսբուքի ընթերցողներին ներկայացնելու այդ անձին այլընտրանքների առկայությունը, ինչը նպատակամղված է մեր երկրում նորմալ իշխանություն ձեւավորելուն: Այն կյանքի կկոչվի, թե ոչ՝ այլ հարց է, սակայն, որպես  հոդվածագիր, փորձում ես դա մոտեցնել, որքան որ ուժերդ կներեն: Իսկ Բաքվում ընթացող դատական ֆարսի վրա քո գրածը որեւէ ազդեցություն ունենալ չի կարող ի սկզբանե: Ավելին, դա իրենց, վստահաբար, ուղղակի զվարճացնում է: Ու մարդ չի ցանկանում մասնակցել այդ ողբերգական՝ մեզ համար, ու զվարճալի՝ նրանց համար, պրոցեսին:  

Բայց այսօր այդ ավանդույթը չկարողացա չխախտել, ու դրա «մեղավորը» «Հրապարակի» գլխավոր խմբագրի «Կարո՞ղ ենք ենթադրել» խմբագրականն էր: Որքան որ լուրջ, նույնքան եւ ծանր հոդված էր՝ ենթադրությունների (իրականում՝ պնդումների) վրա կառուցված: Ամբողջությամբ համաձայն լինելով ենթադրություններին (կամ պնդումներին)՝ ընդամենն ուզում եմ ավելացնել մեկ այլ հանգամանք: Դա Ղարաբաղյան շարժումը փակելու՝ նիկոլական գործողությունն է: Շարժման կարգավորման հարցին սեփական կետից մոտենալով՝ վերջինս հասավ իր նպատակին՝ շուրջ 20 տարի առաջ ձեւակերպված իր գրքում: Այն է՝ իրականում զրոյացնել շարժումն ու վերացնել դրա արդյունքները: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ էր, որպեսզի վերանար ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու ամենամեծ խոչընդոտը՝ Արցախի գոյությունը: Իսկ հետո արդեն կյանքի կոչվեց Ջոն Բոլթոնի՝ կարծրատիպերից ազատվելու խորհուրդը: Այն է՝ Ցեղասպանության հիշատակը՝ դրա մարմնավորման կառույցով հանդերձ, ու Արարատ սարը՝ սկզբում մուտքի ու ելքի կնիքի վրա: Իսկ այնուհետեւ, բնականաբար, պետական գերբի վրա, եթե, իհարկե, հունիսի 7-ից հետո էլ շարունակի պաշտոնավարել:

Վերադառնանք Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսին: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բնականաբար, որեւէ ձեւով չպետք է խառնվի այդ դատավարությանը՝ ինչպես չխառնվեց 2023-ին Արցախը հայաթափելու ռազմական ագրեսիային: Դրանք մեկը մյուսի հետ կապված իրողություններ են: Եթե փակվել է, ինչպես ինքն է որոշել, Ղարաբաղյան շարժման էջը, ապա դրա մասնակիցներն էլ չպետք է հետաքրքրեն «իրական» Հայաստանի իշխանությանը: Նույնիսկ ավելին, Բաքվի «դատավճիռներն» անհրաժեշտ են, որպեսզի, հիշելով Արցախը, հայաստանցիները հիշեն նաեւ իրենց խեղճությունն ու այլեւս երբեք չփորձեն վերակենդանացնել այն: Դրան գումարենք այն հարցը, որ ադրբեջանական բանտում Ռուբեն Վարդանյանի ու մյուսների մնալը ձեռնտու է իրեն նաեւ քաղաքականապես: Ու եթե հանկարծ Բաքվի բռնապետը «դատավճիռների» հրապարակումից ինչ-որ ժամանակ անց ներում շնորհի մեր հայրենակիցներին, ինչպես ենթադրվում է, ապա գոնե սկզբնական շրջանում դա չի առնչվելու արցախյան ղեկավարությանը, որպեսզի հունիսի 7-ին խնդիրներ չառաջանան իշխանության վերարտադրման առումով: Իսկ մի քանի հոգու, այնուամենայնիվ, Բաքվի բռնապետը ներում կշորհի մինչեւ հունիս՝ Նիկոլին աջակցելու նպատակով: 

Այնպես որ, եթե արդեն փակվել է Ղարաբաղյան շարժման էջը, ապա դրա հետ միասին «արխիվ են հանձնվել» նաեւ շարժման հետ՝ թեկուզ 20-30 տարի անց, կապված անձինք: Սա է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտայնությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image