Քաղաքականություն

Փաշինյան-Հակոբյան զույգը սեփականաշնորհում է Հայաստանը

Փաշինյան-Հակոբյան զույգը սեփականաշնորհում է Հայաստանը

Արդյոք լսե՞լ եք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին, արդյոք նման հանձնաժողով գոյություն ունի՞: Եթե գոյություն ունենար, ապա գոյության ինչ-որ նշաններ ցույց կտար, գոնե՝ ձեւական: Բայց Հայաստանում որեւէ պետական կառավարման մարմին գոյություն չունի, դրանք գոյություն ունեն թղթի վրա, ինչ-որ շենքերում, աշխատասենյակներում, բայց ոչ իրական կյանքում: Իրական կյանքում տեղի է ունենում սեփականության արագ եւ ագրեսիվ վերաբաշխում․ նոր իշխանությունը, օգտագործելով իր ունեցած լծակները, տիրանում է ահռելի սեփականության, սեփականաշնորհում է երկիրը: «Իսկ ով երկրի սեփականության տերն է, նա էլ իրականում տնօրինում է երկիրը» տրամաբանությամբ:

Արմավիրի մարզում սնկի նման աճում են Էյթի Էյթ` 8/8 խանութների ցանցը: Արմավիրի գյուղերում քիչ թե շատ աշխույժ խանութների սեփականատերերը դրանք վարձակալության են հանձնում իշխանությանը` Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ փոխկապակցված ընկերությանը: Խանութը, որ իմ ճանապարհին է, մինչեւ վերջերս կոչվում էր «Արագիլ», հիմա կրում է այդ չարաբաստիկ անվանումը, «Արմավիր սիթի» խանութը, որ Արմավիր գյուղում է, նույնպես դառնում է Էյթի Էյթ, Արաքս համայնքում գտնվող «Երիցյան» կոչվող խանութի սեփականատերն իր շրջապատում ասել է, որ ինքն էլ է խանութը վարձակալության տվել այդ ցանցին, ու այդպես ամեն տեղ, ամբողջ Արմավիրի մարզում, ամբողջ երկրում: 

Սկզբում խանութների սեփականատերերին վարձակալության գրավիչ պայմաններ են առաջարկում, այնպիսի պայմաններ, որ նույնիսկ խանութի աշխատելու պայմաններում իրենք դժվար թե ունենային, սեփականատերերն էլ մտածում են` իսկ ի՞նչ վատ է որ, տանը նստած՝ փող կստանանք, առանց տանջվելու, հարկայինի ու պետական այլ մարմինների հետ առնչվելու: Մի տարով պայմանագիր են ստորագրում եւ հաշվում եկամուտը, դառնում իշխանության գերին-ստրուկը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական իմաստով: Քաղաքական, քանի որ իրենք գիտեն, որ խանութն իրենցից վարձակալության է վերցրել Փաշինյան-Հակոբյան զույգը, իրենք պետք է ամեն ինչ անեն, որ սրանց իշխանությունը շարունակվի, որ պայմանագրի ժամկետն էլ երկարաձգվի` պատահական չէ, որ պայմանագիրը 1 տարով է, մեկ տարի հետո կամ գուցե դրանից էլ շուտ ընտրություն է: Տնտեսական կախվածությունն ավելի ստրկական է. եթե մեկ տարի հետո ասեն, որ վարձակալության համար ամսական ոչ թե 2 միլիոն են տալու, այլ 10 անգամ քիչ` 200 հազար, ի՞նչ են անելու, ասելու են` չէ, համաձայն չե՞նք, ո՞նց են մերժելու իշխանությանը, արդեն չեն էլ առաջարկելու` հրամայելու են:

Գրավելով մանրածախ խանութների ցանցը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կարողանալու են թելադրող դառնալ նաեւ ներմուծման ոլորտում: Եթե ողջ Հայաստանի խանութներն իրենցը լինեն, ում ապրանքն ուզենան, կիրացնեն, ում ապրանքը չուզենան, կմնա առանց իրացման` պահեստներում: Նույնը նաեւ տեղական արտադրողներին է վերաբերում․ սրանք էլ, ուզեն-չուզեն, ստրկական կախվածության մեջ են ընկնում Փաշինյան-Հակոբյան կամ Հակոբյան-Փաշինյան ընտանիքից` ազգանունների հաջորդականությունն ինքներդ որոշեք: Ստացվում է տնտեսության բացարձակ մոնոպոլիզացիա. ամբողջ շրջանառությունն իրենք են վերահսկելու` մեծածախից մինչեւ մանրածախ, ով իրենց չենթարկվի, ով փորձի հակադրվել, կոչնչացնեն մի վայրկյանում, այնպես, ինչպես մահանում է մարդը, երբ նրան զրկում ես շնչելու հնարավորությունից, փակելով թթվածնի մուտքն օրգանիզմ:

Իշխանական զույգը չի բավարարվում միայն սննդամթերքով, վառելիքի շուկան եւս մոնոպոլացվում է: Արդեն չորրորդ օրն է՝ «Ռան օյլ» ընկերությունը, որի սեփականատերերի մեջ է նաեւ, ըստ լուրերի, Խաչատուր Սուքիասյանը, բենզինի մեկ լիտրը վաճառում է 370 դրամով, այն դեպքում, երբ մյուս բենզալցակայաններում 480-490 դրամ է, այսինքն` մի 25 տոկոսով էժան: Արդեն 4 օր է՝ այդ լցակայանների դիմաց հերթ է` մեքենաների տերերն այդ ցանցից են լիցքավորում, նույնիսկ նրանք, ովքեր գիտեն, թե ումն են այդ լցակայանները, եւ գների հավասարության դեպքում խուսափում էին լցնել իշխանության գրպանը: Բայց հիմա «Ռան օյլի» լցակայանների դիմաց մշտական հերթեր են` երբ գումար շահելու հնարավորություն կա, քաղաքական նախապատվությունները մի կողմ են դրվում: Միայն քչերն են հասկանում, որ սա կարճ խաղ է, հիմա կարող է մի քանի հազար դրամ շահեն, հետո հարյուրապատիկ, հազարապատիկ տուժեն: 
Ինչպե՞ս է հնարավոր նման բան` 25 տոկոսանոց գնիջեցում մրցակցային շուկայում, որտեղ մի քանի ընկերություն է գործում, որտեղ նույնիսկ գնի 2 տոկոսանց շեղումն արդեն իրադարձություն էր: Ի՞նչ է արել Հակոբյան-Փաշինյան զույգը, որ կարողացել է բենզինը նման էժան գնով վաճառել` նավթի սեփական հա՞նք են հայտնաբերել Հայաստանի տարածքում, թե՞ գտել են օդից բենզին ստանալու բանաձեւի գաղտնիքը: Իմ կարծիքով, կա միայն մի հնարավորություն` «Ռան օյլ» ընկերությունը չի մուծում պետական հարկերը, բենզինն անարգել` առանց մաքսազերծման է բերում Հայաստան, ու վաճառում են իրենց ուզած գնով: Եթե Փաշինյանը հրահանգի՝ բենզինի ինչ-որ խմբաքանակ չմաքսազերծել, ո՞վ կհակադրվի, հակադրվի` sms կստանա կամ կկալանավորվի, հնարավոր է` երկուսը միաժամանակ:

Որքա՞ն կդիմանան մրցակիցները` 10 օ՞ր, 20, թե՞ մեկ ամիս: Մի օր ստիպված են լինելու հանձնվել, փակել բենզալցակայանները կամ դրանք հանձնել Հակոբյան-Փաշինյան զույգին, իրենք էլ արդեն կսահմանեն բենզինի իրենց ուզած գինը, ուզենան՝ նորից 500 դրամով կվաճառեն, ուզենան՝ 1000 դրամով․ կորցրածը հետ բերել պե՞տք է, թե՞ չէ: Այն՝ չվճարված պետական հարկն էլ է իրենցը, ամբողջ բյուջեն իրենց սեփականությունն է, ոնց ուզում, այնպես էլ տնօրինում են:

Փաշինյան-Հակոբյան ընտանիքի համար Հայաստանին հավերժ, գոնե մինչեւ կյանքների վերջը տիրելու միայն մի ձեւ կա`դառնալ Հայաստանի սեփականատերը, ամբողջ տնտեսությունը, շրջանառությունը կենտրոնացնել իրենց ձեռքը, ինչ էլ չստացվի, գոնե կախում ունենան իրենցից: Ինչն էլ շատ արագ եւ ագրեսիվ անում են:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image