Մի քանի օր է, ինչ երկրի վարչապետն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում եկեղեցու, եկեղեցականների եւ անձնապես՝ կաթողիկոսի մասին, միաժամանակ մեջբերումներ է անում Սուրբ գրքից, պահանջում, որ կաթողիկոսի թեկնածուներն անցնեն բարեվարքության ստուգում, իսկ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները հեռանան հոգեւոր ծառայությունից, իր համար հիմնական թիրախ ընտրելով Ամենայն հայոց կաթողիկոսին։ «Իմ ընկալմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսն անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն հայոց կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ-ն ինքն անձամբ թող պարզաբանի՝ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»,- իր վերջին գրառման մեջ նշել էր Փաշինյանը։
«Երբ վարչապետը գրառում է անում, հետո, հասկանալով, որ սկսել է հակասահմանադրական գործունեություն իրականացնել, հղում է անում նրան, որ ինքը եւս Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետեւորդ է, որին հաջորդում է մյուս էտապը, երբ, որպես վարչապետ, հանձնարարում է հատուկ ծառայություններին՝ որոշակի տեղեկություններ ճշտել։ Ահա՝ այս իրավիճակում ինքը պետք է կողմնորոշվի, թե որպես ով է հանդես գալիս՝ որպես ՀՀ քաղաքացի՞, առաքելական եկեղեցու հետեւո՞րդ, թե՞ վարչապետ»,- ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու ընդգծում, որ վարչապետը չի կարող ըստ նպատակահարմարության օգտագործել իր լիազորությունները։
«Չես կարող, ըստ նպատակահարմարության, մի դեպքում ասել, որ դու եկեղեցու հետեւորդ ես եւ դրա իրավունքն ունես, մյուս կողմից էլ օգտագործես քո գործառույթները, գործիքակազմը, որը քեզ տալիս է Սահմանադրությունը` որպես վարչապետի, որովհետեւ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, նման հանձնարարություն չեմ կարող տալ հատուկ ծառայություններին։ Այնպես որ, վարչապետը, ըստ նպատակահարմարության, օգտվում է լայն հնարավորություններից, բայց դա շատ անլուրջ տպավորություն է թողնում, որովհետեւ նա չունի միջամտելու այդպիսի լիազորություններ, դա հակասահմանադրական գործունեություն է։ Նույն տրամաբանության մեջ ես կարող եմ հարցնել՝ մյուս եկեղեցիները, որոնք գրանցված են Հայաստանում եւ գործում են պաշտոնապես, մյուս եկեղեցիների ղեկավարների պարագայում է՞լ եք պատրաստվում միջամտել տարբեր պաշտոններում նշանակելու հարցում, մնացածի ինտիմ կյանքով է՞լ եք պատրաստվում հետաքրքրվել, չէ՞ որ դա էլ է կարեւոր, երբ խոսում ենք անվտանգության, հնարավոր շանտաժի ենթարկվելու մասին, քանի որ մենք ունենք այլ եկեղեցիներ եւս, որոնք պակաս հեղինակություն, հետեւորդներ եւ ազդեցություն չունեն։ Հետեւաբար, ո՞րն է լինելու տրամաբանական հաջորդ քայլը, մյուս եկեղեցիների դեմ է՞լ նման գործողություններ իրականացնել, իհարկե՝ ոչ, որովհետեւ Սահմանադրությունը եւ մեր միջազգային պարտավորությունները թույլ չեն տալիս երկրի քաղաքական իշխանությանը՝ միջամտել կրոնական հաստատությունների, կառույցների ներքին կյանքին»,- ընդգծում է իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է կաթողիկոսի անձին, ապա․ «Ենթադրում եմ, քանի որ հիմա Նիկոլ Փաշինյանն իր սրտի ԿԸՀ նախագահն ունի, իր սրտի գլխավոր դատախազը, ԲԴԽ ամբողջական կազմ, Վճռաբեկ դատարան, Սահմանադրական դատարան, հիմա էլ ուզում է անձնական օգտագործման կաթողիկոս ունենալ, որը կենթարկվի բացառապես իրեն։ Այսպիսի բան լինել չի կարող եւ ուղղակի բացառվում է, այն պարզ պատճառով, որ եկեղեցին Հայաստանի քաղաքական իշխանությունից անջատ կառույց է, եւ որեւէ միջամտություն արգելվում է, ինչը ոչ միայն մեր գործող Սահմանադրությամբ է հակասահմանադրական գործողություն, այլեւ՝ միջազգային պարտավորություններով։ Բոլոր միջազգային կառույցները պարբերաբար զեկույցներ են գրում կրոնական ազատությունների մասին եւ պարբերաբար թե՛ առաքելական եկեղեցու, թե՛ այլ կրոնական կառույցների հետ կապված խնդիրներ են բարձրաձայնել։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե համեմատաբար փոքր, երիտասարդ եկեղեցիների իրավունքները միջազգային կառույցները պատրաստ են պաշտպանել, իսկ ամենահին եկեղեցունը՝ ոչ, որը մեծ թվով հետեւորդներ ունի նաեւ ՀՀ-ից դուրս, այդ խմբի իրավունքները պաշտպանելու հարցում ի՞նչ են անելու, ո՞նց են արձանագրելու, որ ի՞նչ է եղել։ Սա արդեն ոչ թե փոքրամասնության, այլ մեծամասնության իրավունքն է»։
Ն․ Կարապետյանցն ասում է՝ ինչքան էլ իրավական կողմի վրա շեշտադրումն անենք, կա մեկ այլ կարեւոր խնդիր եւս․ «Երկրում կա քաղաքական խումբ, որը քաղաքական խոստումներ է տվել, այլ կերպ ասած՝ քաղաքական ուխտ է տվել ընտրությունների ժամանակ, խոսքը ՔՊ-ի 2021թ․ ընտրությունների մասին է, երբ Սահմանադրությամբ իր վրա պարտավորություն վերցրածը, խոսք տվածն ուխտադրուժ է լինում եւ փորձում է արդարանալ, թե ինչու մանդատը վայր չի դնում եւ չի հեռանում, փոխարենը պահանջում է մեկ այլ կառույցից՝ խոսել իրենց ուխտադրժության, կանոնները խախտելու մասին, որն իր հետ կապ չունի, եւ որի վրա ինքն ազդեցության իրավունք էլ չունի, սա նշանակում է՝ անցնել բոլոր թույլատրելի սահմանները։ Այս մարդիկ՝ ուխտադրուժ եղածները, այն մարդիկ չեն, ովքեր թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով իրավունք ունեն պահանջել մեկ այլ խմբի՝ ուխտադրուժ լինելու պատճառով հրաժարականը։ Եթե այլ խնդիրներ կան, ապա պետք է կոնկրետ ասել, թե ինչի մասին է խոսքը։ Եթե կասկածներ ունեն, որ կաթողիկոսը ՌԴ գործակալ է, ապա թող փաստեր ներկայացնեն, միեւնույն ժամանակ ես հարց եմ բարձրացնում, թե արդյո՞ք դուք ձեր վարած քաղաքականությամբ մեկ այլ երկրի գործակալ չեք հանդիսանում։ Այնպես չէ, որ ես կաթողիկոսի կամ տարբեր կրոնական դասի հոգեւորականների ասածների ու արածների հետ կապված հաշտ եմ, բայց հաստատ Նիկոլ Փաշինյանն ու իր ուխտադրուժ թիմը, սեփական ընտրողներին խաբած թիմը չունի բարոյական այն իրավունքը, որպեսզի նման պահանջներ ներկայացնի։ Ուխտադրուժը չի կարող ուրիշին մեղադրանք առաջադրել ուխտադրժության մեջ»։
Թե ինչ նպատակ է հետապնդում վարչապետն ամեն օր հանրային հարթակում նույն հարցադրումը կաթողիկոսին ուղղելով, Ն․ Կարապետյանցը նկատում է․ «Թե ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի գլխում, դժվար է ասել, այնտեղ լուրջ մասնագետ է պետք, բայց ակնհայտ է, որ իրենց գործողություններով թե՛ ինքը, թե՛ իր թիմի անդամները, թե՛ իր հետ համատեղ ապրող անձը փորձում են հասարակական տրամադրությունները չափել, հասկանալ, թե մինչեւ ուր կարող են հասնել, որովհետեւ պարբերաբար ամենակարեւոր սիմվոլներին, ինստիտուտներին ոտնակոխ անելով՝ փորձում են հասկանալ, թե մինչեւ որտեղ է ժողովրդի համբերությունը, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, ունեն իրենց վրա դրված պարտավորություններ, որոնք պետք է իրականացնեն իրենց կառավարման ընթացքում։ Այս մարդն իր վերարտադրվելու հիմքերն է ստեղծում։ Մյուս կողմից՝ հասարակությանն անընդհատ այս նեւրոտիկ վիճակում պահելն ակնհայտորեն թուլացնում է հասարկությանը, քանի որ ցանկացած առողջ, գիտակից մարդու համար անընդհատ լինել այս անբարոյական սթրեսի մեջ, որն իրենք հետեւողականորեն ապահովում են, բերում է թուլացման։ Դրանով շարքից հանում են մարդկանց՝ իրենց պարտավորություններն իրականացնելու համար։ Քանի որ նախընտրական փուլ է, եւ «նախկին-հին» թիրախավորելն այլեւս իրենց բոնուսներ ու բենեֆիսներ չի բերում, ու նախկինների մասին հասարակությունն այլեւս չի ուզում լսել, դրա համար նոր մեղավոր պետք է գտնեն՝ ուխտադրուժ կաթողիկոս կամ մի խումբ հոգեւորականներ, որոնց վրա պետք է բոլոր մեղքերը բարդեն։ Այս առճակատումը նախընտրական այս փուլում գնալով ավելի սրացնելու են, եւ մենք ավելի այլասերված վարքագիծ ենք տեսնելու, ու ես սպասում եմ, թե ինչքան կտեւի մեր հասարակության համբերությունը։ Գրեթե համոզված եմ, որ պատասխանը ստանալու են»։