Մշակույթ

«Հրապարակ». Օդում կախված Երեւանի գլխավոր հատակագիծ

«Հրապարակ». Օդում կախված Երեւանի գլխավոր հատակագիծ

Օրեր առաջ, քաղաքապետարանն` ի լուր աշխարհի հայտարարեց, որ ութ ամիս տեւած մշակումից հետո Երեւանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:

«Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ: Փաստաթուղթն անցել է բազմաթիվ ճշգրտումների, համեմատությունների, բացերի լրացման փուլերով»,-նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Համաձայն «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն՝ Անդրանիկ Սեդոյանի, 1-2 ամսվա ընթացքում այն կներկայացվի Երեւանի ավագանու հաստատմանը։ Պայմանագիրը կնքվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի հետ, ս.թ. հունիսի 20-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ աշխատանքների կատարման ժամկետ սահմանվել է ս․թ․ հունիսի 30-ը։ Այսինքն, համաձայն պայմանագրի, Երեւանի գլխավոր հատակագծի մշակման համար նախատեսված է եղել ոչ թե 8 ամիս, այլ՝ 10 օր:

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրել էին, որ Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 990 հազար դրամ: Չտեսնված եւ չլսված մի բան, հատկապես երբ համեմատական կարգով տեսնում ես, որ նույն քաղաքային բյուջեից շուրջ 70 մլն դրամ հատկացվում է 15 երգի նորացված ձայնագրության համար, իսկ Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների համար հատկացվում է 990 հազար դրամ։ 

Եթե ֆիքսենք, որ Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի արժեքը կազմում է ընդամենը 990 հազար դրամ (որը միայն մասնագետների աշխատավարձը չի կազմում), ապա դրանից տրամաբանական հարցեր են առաջանում, օրինակ՝ նման գումարի շրջանակներում քանի մասնագետ է աշխատել նախագծի վրա եւ քանի ամիս։ Որքան է կազմում նախագծի Ռազմաէկոլոգիական գնահատման հաշվետվության կազմման արժեքը։ Որքան է կազմում ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փորձաքննության արժեքը։ Որքան է կազմում նախագծի քաղաքաշինական փորձաքննության արժեքը:

Ակնհայտ է, որ սա այն գումարը չէ, որի շրջանականերում պետք է Երեւանի գլխավոր հատակագիծը մշակվի։ Ստացվում է՝ պայմանագրում գրվել է ձեւական, ֆիկտիվ մի թիվ, առավել եւս, որ քաղաքային բյուջեով գենպլանի միայն առաջին փուլի համար նախատեսվել է 250 մլն դրամ, իսկ 2-րդ փուլի համար տրամաբանորեն ավելի շատ է հատկացվելու: Ըստ այդմ, ոչ մի կերպ համադրելի չեն 990 հազարը եւ 250 միլիոնը: Մնում է ենթադրություններ անել, թե ինչի վրա է ծախսվելու եւ կամ ուր է ուղղվելու 249 մլն-ը:

Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչու է Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետի հունիսի 7-ի հրամանով «Երեւաննախագիծ» ՓԲ ընկերությանը հատկացրել 60 մլն դրամ: Չնայած պաշտոնական հիմնավորմանը, որ 60 մլն տրվել է «ընկերության աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու համար», այդուհանդերձ, խնդրել էինք պարզաբանել, թե կոնկրետ որ աշխատանքի համար է քաղաքապետը որոշել խրախուսել ընկերության աշխատակիցներին։ Արդյո՞ք սա կապված է Երեւանի գլխավոր հատակագծի հետ։ Քաղաքապետարանը, իբրեւ պատասխան, նույնությամբ արտագրել է մեր հարցադրումը եւ ներկայացրել որպես պարզաբանում. «Տեղեկացնենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետի 07.06.2024թ. հ.725-Ա կարգադրությամբ, «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվել է 60.0 մլն դրամի չափով ֆինանսավորում՝ ընկերության աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու նպատակով»:

Սակայն, 60 մլն-ից բացի, Երեւանի քաղաքապետը նաեւ 50 մլն-ով է խրախուսել «Երեւաննախագծի» աշխատակիցներին։ Այսպես. Երեւանի քաղաքապետը մայիսի 3-ի հրամանով, հանձնարարել էր Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին հատկացնել հիսուն միլիոն դրամ՝ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի աշխատանքներում ներգրավված աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ակնհայտ է, որ այս հատկացումները պայմանավորված են Երեւանի գլխավոր հատակագծի վրա իրականացվող աշխատանքներով, որոնք չգիտես ինչու թափանցիկ ձեւով չեն տրվում, այլ՝ իբրեւ խրախուսանք աշխատակիցներին։ 

Ինչ վերաբերում է Երեւանի գլխավոր հատակագիծը հանրային քննարկման դնելուն, ապա օրեր առաջ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ, նկատելով, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից ս.թ. ապրիլի 9-ին հրապարակված ծանուցումը չի բավարարել Օրենքի պահանջներին, եւ չի կազմակերպվել պատշաճ իրազեկում։ Արդյունքում՝ մայիսին կազմակերպված գլխավոր հատակագծի առաջին Հանրային լսումներին մասնակցել է ընդամենը 11 անձ` քաղաքապետարանից եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից․ 

«Լսումների ժամանակ մասնակիցների մոտ հարցեր չեն առաջացել։ Հետագայում «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ այս փուլում որեւէ թուղթ չեն կարող տրամադրել, թեեւ փաթեթն արդեն տրամադրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը փորձաքննության նպատակով։ Այսպիսով, հայտարարության մեջ նշված գերատեսչություններից գլխավոր հատակագծին առնչվող որեւէ փաստաթուղթ հնարավոր չէր ստանալ։ Թերեւս արժե այս համատեքստում համեմատության համար հիշատակել, որ 2005 թ-ին Երեւանի գլխավոր հատակագիծը անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման մի քանի ամիս տեւողությամբ ինտենսիվ գործընթաց, որի շրջանակում իրականացվել է 7 հանրային ու մասնագիտական լսում/քննարկում՝ մոտ 270 մասնագետների, հասարակական գործիչների եւ շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել երկրորդ հանրային քննարկումը՝ վերնագրված. «Նոր գլխավոր հատակագծի ՌԷԳ փորձաքննություն», որն ակնհայտորեն անցել է ոչ բազմամարդ դահլիճում։ Այս ընթացքում ներկաներին տեղեկացրել են, որ քաղաքի զարգացման ռազամավարությունը տրված է 2024- 2030թթ. հեռանկարում։ Այսինքն, Երեւանի նոր գլխավոր հատակագիծը մշակվել է նախնական 5 տարվա համար, մինչդեռ թե նախորդի, եւ թե մնացած բոլոր դեպքում քաղաքի գլխավոր հատակագիծը մշակվում է 15 տարվա համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image