Հասարակություն

Ախտահանիչներից գեթ մեկ ապրանքանիշ մարզպետարանը չի վերադարձրել. «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊԸ

Ախտահանիչներից գեթ մեկ ապրանքանիշ մարզպետարանը չի վերադարձրել. «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊԸ

Օրեր առաջ մենք անդրադարձել էինք «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊ ընկերության հայցին` ընդդեմ Գեղարքունիքի մարզպետարանի՝ գումարի բռնագանձման պահանջով:  2020 թվականին Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգով մրցույթ է հայտարարել, եւ այն շահել է «ԲԻՈ-ՔԻՄ» ՍՊԸ-ն, ով կորոնավիրուսի հետ կապված` ախտահանիչ ապրանք է մատակարարել մարզպետարանին: Մարզպետարանն էլ իր հերթին ստացված ապրանքը բաժանել է մարզի ենթակայության տակ գտնվող դպրոցներին եւ հրաժարվել վճարել ընկերությանը: Բացի այդ, մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տվյալ ընկերության ախտահանիչ միջոցներն անորակ են եղել, եւ մարզպետարանն այն հետ է վերադարձրել:

Ընկերությունից, սակայն, հակառակն են պնդում՝ 1 ապրանքանիշ անգամ մարզպետարանը չի վերադարձրել. «Ըստ ԱՀԿ 2020թ. մայիսի 15-ի «COVID-19» որոշման համատեքստի, տարածքների և մակերեսների ախտահանումը պետք է կատարվի երեք տիպի ախտահանիչների միջոցով, որոնցից մեկի բաղադրությանը համապատասխանում է մեր կողմից մատակարարված ապրանքանիշը՝ էթանոլ  70%-ից ավելի: Հավելենք նաև, որ ախտահանիչն ունի ՀՀ ԱՆ կողմից տրված մեթոդական հրահանգ (05.10.2015թ., N2716-Ա), որն էլ եղել է մրցույթի տեխնիկական բնութագրի հիմնական պահանջը: Անհասկանալի է մարզպետարանի կողմից արված այն հայտարարությունը, որ մատակարարումից երկու ամիս անց մարզպետարանը 2-րդ տեղ զբաղեցրած մասնակցի դրդմամբ որոշել է, որ ապրանքանիշն անորակ է:    

Ի զարմանս բոլորին հայտնենք, որ մինչ այս պահը 2808 հատ 1լ-անոց ախտահանիչներից գեթ մեկ ապրանքանիշ մարզպետարանը չի վերադարձրել, ասենք ավելին, որ ապրանքի գրեթե 90%-ը օգտագործված է ըստ մարզպետարանի ֆինանսների բաժնի ներկայացուցչի հայտարարության՝ պետական գնումների խորհրդի նիստում: Պարադոքս է ստացվում՝ ինչու՞ ալերգիայի դեպքեր չեն եղել, իսկ եթե եղել են, ինչու՞ վաղօրոք չեն բարձրաձայնել և գործին ընթացք տվել: Ուստի անազնիվ ենք համարում երեխաների անվտանգության շահարկումը, որի «տողատակը» հասկանալի է բոլորիս: «ԲԻՈ-ՔԻՄ»-ը, որպես գիտա-արտադրական ընկերություն, ղեկավարվում է քիմիական գիտությունների  թեկնածուների կողմից, որոնք լիովին տիրապետում են ախտահանիչ միջոցների որակական և ռիսկային հատկանիշներին, ուստիև պատասխանատվություն են կրում մատակարարվող ախտահանիչների որակի համար: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարին հիշեցնենք, որ զրպարտությունը,  գործարար համբավի արատավորումը պատժելի արարքներ են՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի, ուստի կհորդորեինք աչալուրջ լինել»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image