Հարցազրույց

«Հրապարակ»․ Այդ հանդիպումն անհնար է թե՛ այսօր, թե՛ մոտ ապագայում

«Հրապարակ»․ Այդ հանդիպումն անհնար է թե՛ այսօր, թե՛ մոտ ապագայում

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է։

- Փետրվարի 18-ին Ժնեւում կայացավ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ եռակողմ բանակցությունների եւս մեկ փուլ։ Խոստովանելով, որ այն լարված է անցել, 3 երկրներից էլ դրական ազդակներ են հնչում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ կողմերը զգալի առաջընթացի են հասել, Մոսկվան եւ Կիեւը համաձայնել են շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Խաղաղությունն իրո՞ք մոտ է։

- Ես հասկանում եմ, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները մեծ ուշադրություն են գրավում ամբողջ աշխարհում, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը ժամանակակից աշխարհում ամենամեծն է։ Սակայն ապրելով Ուկրաինայում (մեր երկիրն անկախությունից ի վեր ապրել է ամենածանր ձմեռը՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի՝ ՌԴ-ից հրետակոծության եւ ուժեղ ցրտերի պատճառով)՝ ես չեմ զգում մոտալուտ խաղաղությունը։ Մարտերը շարունակվում են, այդ թվում՝ թիկունքում ուկրաինական քաղաքների հրետակոծությունը։ Դոնալդ Թրամփը չի ցանկանում խաղաղություն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ․ նա խաղաղության Նոբելյան մրցանակ է ուզում։

- Ուկրաինայի նախագահը, ամփոփելով Ժնեւի բանակցությունները, նշել է, որ քաղաքական հարցերի շուրջ դեռեւս լուրջ տարաձայնություններ կան։ Խոսքը մասնավորապես տարածքային ցավոտ հարցի՝ Դոնբասի մասին է։ Նա կրկին պնդել է, որ Կիեւը մտադիր չէ դուրս գալ տարածաշրջանից եւ օկուպացված տարածքները չի ճանաչում որպես ռուսական տարածք։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում Դոնբասին։

- Հիշեցնեմ․ Դոնբասը ներառում է ոչ միայն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, այլեւ Դնեպրոպետրովսկի մի մասը: Ռուս օկուպանտները գրավել են Լուգանսկի գրեթե ամբողջ մարզը եւ Դոնեցկի զգալի մասը՝ հսկայական կորուստների գնով: Դոնեցկի մարզն այսօր հսկայական ամրացված տարածք է: Դրանից դուրս գալը կհանգեցներ ինչպես բանակի, այնպես էլ հասարակության բարոյալքմանը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանին կտար չափազանց շահավետ դիրք՝ Ուկրաինայի խորքում հետագա հարձակման համար։

- Ի դեպ, New York Times-ը պնդում է, թե Ուկրաինան վերջին բանակցություններում չի բացառել Դոնեցկի մարզի չօկուպացված՝ ապառազմականացված հատվածում համատեղ քաղաքացիական վարչակազմ ստեղծելու հնարավորությունը Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նման սցենարն իրատեսակա՞ն է՝ հնարավոր խաղաղությունից հետո։

- New York Times-ի լրագրողների նկատմամբ ամենայն հարգանքով (ասում են, որ թերթն ամեն օր դրվում է Թրամփի սեղանին), այս տարբերակը թվում է անիրական։

- Զելենսկին նաեւ մի քանի ուշագրավ հայտարարություն է արել։ Օրինակ՝ ընդգծել է, որ ներկայիս առաջնագծի վրա կանգ առնելն արդեն իսկ էական փոխզիջում է։ Ուկրաինայի համար ուրիշ ի՞նչ ցավոտ զիջումների է պատրաստ գնալ նախագահը։

- Ես ուզում եմ հարցն այլ կերպ ձեւակերպել. ի՞նչ զիջումների է գնացել Ռուսաստանը գրեթե 4 տարվա պատերազմի ընթացքում։ Դա ագրեսորն է` եթե որեւէ մեկը մոռացել է։ Ես հասկանում եմ, որ միջազգային հակամարտությունների լուծման պրակտիկայում կա ավելի թույլ կողմի վրա ճնշում գործադրելու ավանդույթ։ Եվ Թրամփը ցանկանում է աստղանիշ տալ եւս մեկ «ավարտված պատերազմի» համար։ Բայց ես մտադիր չեմ սուրճի բաժակի մակարդակով գուշակություններ անել Ուկրաինայի կողմից հնարավոր զիջումների մասին, մինչեւ չտեսնեմ Ռուսաստանից գոնե խորհրդանշական զիջումներ։ Ուկրաինան չի սկսել այս պատերազմը։

- Տեղեկություն կա նաեւ, որ Զելենսկին հանձնարարել է կազմակերպել իր եւ Պուտինի ուղիղ հանդիպումը՝ վերջնական խաղաղության համար բարդ հարցերը քննարկելու նպատակով։ Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում կկայանա այդ պատմական հանդիպումը։

- Կարծում եմ, որ այդ հանդիպումն անհնար է թե՛ այսօր, թե՛ մոտ ապագայում։ Պատճառները պարզ են. Պուտինի համար նման բանակցությունները կնշանակեին Զելենսկու լեգիտիմության ճանաչում, որը նա անընդհատ հերքում է։ Զելենսկու համար նման բանակցությունները կսպառնան նրա հեղինակությանը։

- Բանակցությունների հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Շվեյցարիայում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից, ի՞նչ մեսիջներով կվերադառնան Կիեւի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչները։

- Առավելագույն հնարավոր արդյունքը հրադադարն է. ես չեմ տեսնում խաղաղության պայմանագրի որեւէ պայման։ Հիշեցնեմ, որ շատ վերլուծաբաններ չեն տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի՝ 2026 թվականին ավարտվելու որեւէ հեռանկար, եւ դա ինձ չի զարմացնում։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image