Հասարակություն

Դիմում գրի գնա. Մեղրաձոր համայնքի ղեկավարը ազատման դիմում է գրել

Դիմում գրի գնա. Մեղրաձոր համայնքի ղեկավարը ազատման դիմում է գրել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արշավանքը Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների դեմ շարունակվում է: Օրեր առաջ Կոտայքի մարզի  Մեղրաձոր համայնքի արդեն նախկին համայնքապետ Կառլեն Հովհաննիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել   Նարեկ Հարությունյանը:  
Նշենք, որ Կառլեն Հովհաննիսյանը  15  տարի ղեկավարել է Մեղրաձոր համայնքը:   2017թվ.-ին համայնքների խոշորացումից հետո նա կրկին վերընտրվել  էր: 

Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետն է Կառլեն Հովհաննիսյանին ասել, որ ազատման դիմում գրի եւ հեռանա: Մեր հեռախոսազանգերը Կառլեն Հովհաննիսյանին մնացին անպատասխան:

Համայնքապետի ժ/պ Նարեկ Հարությունյանին հարցրինք՝ Կառլեն Հովհաննիսյանը ազատման դիմում գրել է մարզպետի հրահանգո՞վ. «Չէ,  աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն». 

-Պարո՛ն Հարությունյան, Ձեզ պաշտոնում նշանակումը  մարզպետի որոշո՞ւմն է եղել.  

-Բնականաբար:

-ՔՊ-ի անդամ ե՞ք:

-Ո՛չ,  ես անկուսակցական եմ:

 -Սատարել ե՞ք ՔՊ-ին, կամ քայլել հեղափոխության օրերին: 

Չէ, ես ոչ մի բան էլ չեմ արել, քաղաքական պրոցեսներին աշխատել եմ չխառնվել:

 Նշենք, որ Նարեկ Հարությունյանը 2017թվ-ին զբաղեցրել է  համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նրա հայրը՝ Ռուբեն Հարությունյանը  ավագանու անդամ է: 

Կոտայքի մարզի Ակունք, Քարաշամբ, Արգել,  Ողջաբերդ, Եղվարդ, Նոր Երզնկա, Բալահովիտ, Գեղադիր, Գետամեջ,  Քասախ, Պտղնի,  Ջրվեժ համայնքների  ղեկավարները   20 տարուց ավելի է պաշտոնավարում են: Չի բացառվում, որ Կոտայքի մարզպետը հերթով կազատվի մարզի  երկարամյա ղեկավարներից: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image