Հարցազրույց

«Հրապարակ». Ինչու Ադրբեջանն այդքան սուր արձագանքեց Եկատերինբուրգի միջադեպին

«Հրապարակ». Ինչու Ադրբեջանն այդքան սուր արձագանքեց Եկատերինբուրգի միջադեպին

Ադրբեջանը սուր արձագանքեց Եկատերինբուրգում ադրբեջանցիների հանցավոր խմբի լիկվիդացման ընթացքում երկու հանցագործի՝ Սաֆարով եղբայրների մահվանը: Հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ, զրուցել ենք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի հետ:

- Ադրբեջանի կողմից ոչ միանշանակ ռեակցիան ինչո՞վ է պայմանավորված։

- Մենք կարող ենք միայն գուշակել, թե ինչու է Ադրբեջանն արձագանքում այդպես: Գարնանը Եկատերինբուրգում մի շատ տհաճ պատմություն եղավ, երբ անհետացավ եւ հետո ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ պարզվեց, որ Ադրբեջանում է հայտնվել թալիշական համայնքի գործիչներից մեկը: Ընդ որում, հիմքեր կան կասկածելու, որ նրա անհետացման հետ կարող էին անմիջական կապ ունենալ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները: Ի դեպ, թալիշցի գործիչը ՌԴ-ի քաղաքացիություն ունի: Կարող է նման բան պատահել, բայց երբ որ դա կատարվում է կոնկրետ երկրի ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աչքի առաջ, նկատի ունեմ ռուսականը, բացի զայրույթից, ոչինչ չի կարող առաջացնել: Նման երեւույթները պահանջում են կոպիտ ու շտապ արձագանք: Կազմակերպված հանցավորության դեմ, հանցավոր խմբավորումների ղեկավարների դեմ քրեական գործերը միշտ ավելի շատ ժամանակ են պահանջում, եւ կարծում եմ՝ հենց դրանով էր պայմանավորված, որ միանգամից չեղավ արձագանքը՝ անհրաժեշտ էր հավաքել բավարար չափով ապացույցներ՝ այդ մարդկանց մեղսակցությունն այս կամ այն հանցանքին, իսկ դա ժամանակ է պահանջում:

- Ամեն դեպքում, Ադրբեջանի արձագանքը հարցեր է առաջացնում:

- Եթե այդ մարդիկ, ովքեր անցած ուրբաթ Եկատերինբուրգում ձերբակալվել են, կապ ունեին թալիշցի ակտիվիստի անհետացման հետ, ապա դա նշանակում է, որ նրանք սերտ կապեր են ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Ահա Ձեզ բացատրությունը, թե ինչու էր արդբեջանական կողմի արձագանքն այդքան բուռն: Որովհետեւ երբ մեր դիմաց ոչ թե պարզապես այդ համայնքի ներկայացուցիչներ են, որոնք թեկուզեւ կազմակերպված հանցավոր գործունեության հետ կապ ունեն, այլ լրտեսներ են՝ գործակալներ, դրա համար լրիվ այլ ձեւով են պատասխան պահանջում:

- Իսկ դա ՌԴ-ի անվտանգության համար խնդի՞ր չէ, որ ՌԴ քաղաքացիությամբ ադրբեջանցիներն Ադրբեջանի գործակալներ են:

- Բայց ես չեմ ուզում ասել, որ բոլոր էթնիկ ադրբեջանցիները, ովքեր ունեն ռուսական անձնագրեր, Ադրբեջանի գործակալներ են: Ես ոչ մի փաստ չունեմ, միայն ենթադրություններ կարող եմ անել, հնարավոր է, որ թալիշցի ակտիվիստի անհետացման հետ կապ են ունեցել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Եթե նրանք այդ անհետացման հետ կապ են ունեցել, նշանակում է՝ նրանք սերտ կապեր են ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Սա այն է, ինչ ասացի: Այս կոնկրետ դեպքը, իհարկե, Ռուսաստանի անվտանգության համար վտանգ է ներկայացնում: Կա՞ն էլի գործակալներ, քանի՞սն են, էթնիկ ադրբեջանցինե՞ր են, թե՞ էթնիկ ռուսներ՝ չեմ կարող ասել, սակայն վստահ եմ, որ ռուսական հատուկ ծառայությունները հետեւում են այդ ամենին:

- Հնարավո՞ր է, որ այս միջադեպն արհեստականորեն այնքան ուռճացվի, որ վերաճի միջէթնիկական կոնֆլիկտի` Ռուսաստանի ներսում: Ադրբեջանում դա անվանում են շովինիզմի ու ֆաշիզմի դրսեւորում, հակաիսլամական տրամադրություններ եւ այլն:

- Դա ասում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու բլոգերները: Իրենց տանն իրենք կարող են ասել՝ ինչ ուզում են, բացառությամբ այն դեպքերի, որոնք արգելված են Ադրբեջանի քրեական օրենսգրքով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այս կամ այն ազգային խմբերի ուղղությամբ բռնության կոչեր, ատելության խոսք անելը պատժվում է օրենքով: Եթե ինչ-որ մեկը բունտ բարձրացնի, դրա համար կա ոստիկանություն, եթե ինչ-որ մեկը սկսի նեղացնել օրինապահ ադրբեջանցիներին, դրա համար նույնպես ոստիկանություն կա՝ ահա եւ պատասխանը:

- Տարածվեցին ռուս ռելոկանտների՝ արյունոտված դեմքերով կադրերը, որոնց մեղադրում են թմրամիջոցների առեւտրով զբաղվելու մեջ․ շատ փափուկ չէ՞ր ՌԴ պատասխանն այդ ամենին, Ադրբեջանի հիստերիային:

- Ո՞վ եմ ես, որ գնահատեմ՝ փափուկ էր, թե՝ ոչ: Կարծում եմ՝ կհամաձայնեք, եւ այդ տեսանյութերը դիտելուց հետո կամ ՌԴ քաղաքացիների կենսագրությունը կարդալուց հետո Ձեզ մոտ բացարձակ տպավորություն չի ստեղծվում, որ այդ մարդիկ ընդհանրապես հանցավորության հետ որեւէ կապ ունեն: Դա շատ նման է մարդկանց պատանդառությանը: Պե՞տք է Ռուսաստանը նույնկերպ արձագանքի, այսինքն՝ պատանդներ վերցնի։ Պատասխանը մեկն է՝ միանշանակ, ոչ: Դա կատեգորիկ անընդունելի է, եւ Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցիների վրա նման կերպ ճնշումներ բանեցնել` առանց տարբերություն դնելու, Ռուսաստանն իրեն թույլ տալ չի կարող, քանի որ Ռուսաստանում գործում են իրավունքը, Սահմանադրությունն ու օրենքները, եւ որովհետեւ անբարոյական է նման բան անելը: Ինչ վերաբերում է պատասխանին, ես կարծում եմ, որ Ադրբեջանը կախված է Ռուսաստանից շատ ավելի, քան Ռուսաստանն է կախված Ադրբեջանից:

- Այսինքն, ամեն դեպքում, ճնշման լծակներ կգտնվեն:

- Կարծում եմ, որ կան բազմաթիվ լծակներ, որոնցից ամենափոքր մասն է գործարկված:

- Կարծիքներ կային, որ Ադրբեջանի այս ռեակցիան ուղղորդված է Արեւմուտքից, եւ նպատակը հենց Ռուսաստանի ներսում խնդիրներ առաջացնելն է, քանի որ ուկրաինական ճակատում ՌԴ-ին չի հաջողվում նեղել:

- Կարծում եմ՝ դա այդքան էլ բարդ շղթա չէ: Դա ենթադրում է, որ Ադրբեջանը սուվերեն, անկախ պետություն է, որն ունի սեփական արտաքին քաղաքականությունն ու հետաքրքրությունները, եւ այն կախված է Մեծ Բրիտանիայի ինչ-որ միջին չափի կլերկներից, պայմանականորեն՝ մեծ Բրիտանիա ասենք: Բացի այդ, եթե ռուս զբոսաշրջիկներին ծեծելն ու նրանց բանտ նետելը Ռուսաստանը ներսից քանդել է, ապա ես կարծում եմ, որ այդ մեթոդից ավելի շուտ օգտված կլինեին: Ենթադրում եմ, որ պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը դնել ինչ-որ երրորդ երկրների վրա: Նրանք՝ բոլորն էլ, հասուն մարդիկ են՝ նկատի ունեմ Բաքվում, եւ բոլորն էլ հստակ գիտակցում են, թե ինչ են անում: Եվ ասել, որ դա իրենք չեն անում, ինչ-որ չար մեկն է նրանց համոզում այդպես վարվել, կարծում եմ, որ մեզ սխալ հետքի վրա դնել է նշանակում: Չնայած, իհարկե, արեւմտյան երկրները հետաքրքրված են, որ Ռուսաստանն իր հարեւանների հետ հարաբերություններ չունենա, եւ այստեղ ոչ մի նորություն չկա:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կավարտվի այս պատմությունը, արագ կմոռացվի՞:

- Ինչպե՞ս արագ մոռանալ, Ադրբեջանի կողմից այս գիծը սկսեցին հատել անցած տարվա վերջից: Պարզ է, որ հնարավորինս արագ մոռանալ հնարավոր չէ, բացի այդ՝ 4 ամսով կալանավորվել են ՌԴ քաղաքացիներ, ընդ որում՝ ով ձեռքների տակ է ընկել՝ առանց տարբերություն դնելու: Իսկ այդ հարցը պե՞տք է ինչ-որ կերպ լուծվի. կարծում եմ՝ լուծվելու է ու այս պահին էլ լուծվում է:

- Ռուսաստանի քաղաքացիների համար հիմա Արդբեջանը վտանգավո՞ր երկիր է:

- ԱԳՆ-ն էլ է, կարծեմ, հայտարարել, որ ավելի լավ է չայցելել Ադրբեջան: Հասկանալի է, որ Ռուսաստանի անձնագրով մարդուն ավելի լավ է այնտեղ չգնալ՝ գոնե այս պահին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image