Քաղաքականություն

Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Նիկոլ Փաշինյանին կից գործող, բայց ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն կոչվող մարմինը հրապարակել է 2026 թվականին Հայաստանին սպառնացող արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույց, որն ունի «Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026-ին» անունով բաժին։ Այդ բաժինը կարդալուց հետո գալիս ես մի քանի եզրակացության. 
1. Զեկույցը գրել է ավագ դպրոցի 11-12-րդ դասարանի որեւէ դպրոցական, որի ծնողները ՔՊ-ական են, եւ ինքն էլ, հանգամանքների բերումով, ՔՊ-ական քարոզչության զոհ է։
2. Զեկույցը գրվել է՝ հիմնվելով վերջին մեկ ամսում ՔՊ-ամերձ մամուլի, ՔՊ-ականների ելույթներից արված ծաղկաքաղի միջոցով։
3․ Նիկոլ Փաշինյանին կից գործող արտաքին հետախուզություն կոչվող ծառայությունը կարծում է, որ իրենց գոյության միակ սպառնալիքի աղբյուրը Ռուսաստանն է։ 
4. Ռուսաստանը սպառնում է ոչ թե Հայաստանին, այլ՝ ՔՊ իշխանությանը:

Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի արտաքին հետախուզություն կոչվող ծառայությունը, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել դեռեւս 1959 թվականին նկարահանված «Մեր մարդը՝ Հավանայում» ֆիլմը։ Այն երգիծական ժանրի ֆիլմ է, այնպես, ինչպես Հայաստանի արտաքին հետախուզության ծառայություն կոչվող հաստատությունը եւ նրա կազմած փաստաթուղթը`զեկույցը, որի հիման վրա կարելի էր լավ երգիծական ֆիլմ նկարել: Մի քանի բառով ասեմ, որ «Մեր մարդը՝ Հավանայում» ֆիլմի հերոսը փոշեկուլներ վաճառող շարքային մարդ է, որը, ունենալով ֆինանսական խնդիրներ, սկսում է համագործակցել բրիտանական արտաքին հետախուզության հետ, վերադասին ներկայացնում է, թե ինքը ստեղծում է գործակալական ցանց, որն իրականության մեջ գոյություն չունի, իր վաճառած փոշեկուլների նկարները մեծացնելով` ստեղծում է թշնամական օբյեկտների մակետներ եւ դրանք ներկայացնում որպես իր կողմից հավաքագրվող տեղեկություններ, որոնք շատ լուրջ են ընդունվում Լոնդոնում գտնվող վերադասի կողմից: Երբ ի վերջո կեղծիքը բացահայտվում է, որոշում են կեղծարարին պարգեւատրել, քանի որ, եթե պատժեին, ապա դրանով նույնքան հիմար վիճակի մեջ կհայտնվեին նաեւ նրանք, ովքեր տարիներ շարունակ նրա կողմից մատուցվող հիմարությունները լուրջ էին ընդունել: Նմանությունը մեկին մեկ է, միայն այն տարբերությամբ, որ ֆիլմում նման հիմարությամբ եւ կեղծարարությամբ էր զբաղված մի մարդ, իսկ այստեղ՝ մի ամբողջ պետական հաստատություն, թերեւս, իր բազմաթիվ աշխատակիցներով:

Զեկույցում արվում են բազմաթիվ պնդումներ, որ ինչ-որ երկիր նախատեսում է Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)։ Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններ, երիտասարդության եւ ակտիվիստական խմբերին թիրախավորող,վերջիններիս քաղաքական հայացքները,հայրենասիրական զգացմունքները շահագործող եւ մանիպուլացնող գործողություններ, հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ գաղափարական պատրաստման եւ հավաքագրման գործողություններ, տնտեսական եւ էներգետիկ ճնշումներ: Բայց․․․ ուշադրություն. չի նշվում, թե կոնկրետ որ երկրի կողմից է դա իրականացվում, որ արտաքին ուժերի, եւ ամենակարեւորը` այս բոլոր պնդումներն արվում են առանց որեւէ, նույնիսկ նվազագույն, անգամ չնչին ապացույցների: Իսկ ինչո՞ւ։ Դե, որովհետեւ երբ ասում ենք հիբրիդային պատերազմ կամ արտաքին ճնշում, բոլորը հասկանում են Ռուսաստանին, երբ զեկույցում ասվում է՝ «այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգեւոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը», բոլորը հասկանում են, չէ՞, թե որն է այդ պետությունը, պարտադիր չէ, որ զեկույցում գրվի «Ռուսաստան»: Կարող էին, չէ՞, գոնե ձեւի համար օգտագործել «պետություններ» ձեւակերպումը, բայց ի՞նչ իմաստ ունի խուսափել կոնկրետությունից, երբ բոլորի համար պարզ է, որ թշնամին մեկն է`Ռուսաստանը: 

Զեկույցում նշվում է տնտեսական եւ էներգետիկ ճնշումների մասին, հասկանում եք` ինչի մասին է խոսք․ Ռուսաստանը Հայաստանի տնտեսվարողների համար կփակի իր շուկան, խոչընդոտներ կստեղծի արտահանման համար, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին նման դեպքեր արձանագրվել են: «Այս գործողությունների նպատակը գործարարությամբ զբաղվող ընտրողների շրջանում կառավարության քաղաքականությունից դժգոհություն գեներացնելը եւ, հետեւաբար, նրանց ընտրությունն ուղղորդելն է։ 2025 թվականին արձանագրված այս միտումը, մեծ հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին»,- շատ խորաթափանց կանխատեսում է անում Արտաքին հետախուզության ծառայությունը: Այս ծառայությունը կանխատեսում է նաեւ էներգետիկ ճնշումներ, միգրացիոն կանոնների փոփոխություններ, որոնց «ընտրողաբար կիրառումը հավանական է, որ Հայաստանի քաղաքացի միգրանտների նկատմամբ հիբրիդային գործիքակազմի մաս կկազմի»։ Սա էլ այն մասին է, որ Ռուսաստանը կարող է ճնշումներ կիրառել այդ երկրում ապրող եւ աշխատող ՀՀ քաղաքացիների նկատմամբ, երեւի նրա համար, որ հանդուրժում են Փաշինյանի իշխանությունը կամ Ռուսաստանից չեն գնում Հայաստան՝ իշխանափոխություն կազմակերպելու համար:
Բացի այս ճնշումները, հնարավոր են այլ ճնշումներ եւս. «Հայաստանի Հանրապետության կառավարության ու օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների թիրախավորումը, նրանց դեմ զրպարտչական նոր արշավների ձեռնարկումը»։ Այսուհետ ՀՀ իշխանության ներկայացուցիչների մասին որեւէ ոչ նպաստավոր տեղեկություն, խոսք կամ միտք դիտարկվելու է որպես Ռուսաստանի կողմից կազմակերպված եւ իրականացվող միջոցառում: 

Ի՞նչ կարող ենք ասել. իսկապես Հայաստանը շատ հզոր եւ խորաթափանց Արտաքին հետախուզության ծառայություն ունի, եւ այդ ծառայությունն իր գործակալական ցանցով ուղղակի ողողել է Ռուսաստանի բոլոր պետական եւ նույնիսկ ոչ պետական հաստատությունները, այդ գործակալներն ամեն օր եւ ամեն ժամ մատակարարում են հույժ գաղտնի տեղեկություններ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մտադրությունների մասին: Ոչ մի թշնամական գործողություն եւ անգամ մտադրություն աննկատ չի մնում Քրիստինե Գրիգորյանի եւ նրա ղեկավարած հիմնարկի ուշադրությունից, եւ հաստատ նա եւս պարգեւավճարներ ստացողների ցուցակում է: Մնում է միայն մի հարց պարզել. այս զեկույցը գրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում, թե՞ մեկը գրել է, մյուսը՝ խմբագրել: Կամ եթե թշնամին այդքան բացահայտ է, իսկ նրա մտադրությունները՝ այդքան տեսանելի, ինչի՞ համար է մի ամբողջ ծառայությունը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image