Այլ

Թրամփը Զելենսկուն ցույց տվեց ելքի դուռը, ե՞րբ կթակի Փաշինյանի դուռը

Թրամփը Զելենսկուն ցույց տվեց ելքի դուռը, ե՞րբ կթակի Փաշինյանի դուռը

Շուրջ երկու շաբաթ առաջ Սպիտակ տուն վերադարձած Թրամփը պատկերավոր արտահայտություն արեց հեռացած գործընկերոջ՝ Ջո Բայդենի հասցեին․ «Ջո, դու ազատված ես»։ Եվ Թրամփը նրան զրկեց գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից՝ այդ մասին գրելով․ «Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը, եւ մենք անհապաղ չեղարկում ենք դեմոկրատի այդ հնարավորությունը»։ Թրամփը նաեւ հիշեցրել էր, որ իր հետ նույնկերպ է վարվել Բայդենը՝ հանձնարարելով այլեւս չտրամադրել գաղտնի տվյալներ ազգային անվտանգության վերաբերյալ: Ռուս-ամերիկյան դիվանագիտական եւ քաղաքական շփումներին, Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների ռեսթարթին զուգահեռ, հետզհետե խորանում են նաեւ Թրամփի վարչակազմի ու Զելենսկու միջեւ տարաձայնությունները:

Թրամփ-Զելենսկի՝ առաջին հայացքից էմոցիոնալ «քաղաքական փոխհրաձգությունն» արդեն ուշագրավ է: Ռուս-ամերիկյան վերականգնվող հարաբերություններից դժգոհ Զելենսկին հայտարարել է, թե Թրամփի վարչակազմն ասում է բաներ, որոնք հաճելի են Պուտինին, Սպիտակ տունը սկսել է հաճոյանալ Ռուսաստանի նախագահին: Թրամփի արձագանքը չուշացավ՝ նա իրեն բնորոշ ուղղամտությամբ ասաց. «Զելենսկին բռնապետ է՝ առանց ընտրությունների»: Պնդեց, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն՝ այդպիսով կասկածի տակ դնելով Զելենսկու լեգիտիմությունը: Եվ ոչ միայն: Ասաց՝ երիտասարդ առաջնորդի վարկանիշն անփառունակ կերպով գահավիժել է, ինչը նրան ընտրություններում վերընտրվելու հնարավորություն դժվար թե տա: Կասկածի տակ դրեց նաեւ նրա վարչակազմի կողմից ամերիկյան ֆինանսական օգնության օգտագործման արդյունավետությունն ու հաշվետվություն պահանջեց՝ սպառնալով ետ պահանջել գումարները, ինչպես ՀՀ վարչապետն է ասում՝ հատիկ առ հատիկ:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ շարունակեց Վաշինգտոնի այս կոշտ «հռետորաբանությունը»՝ Զելենսկին ստում է, իսկ նրա պահվածքից Թրամփը չափազանց դժգոհ է: Ամերիկյան լրատվամիջոցներն իրենց հերթին պնդում են, թե Թրամփի վարչակազմը մտադիր է իշխանազրկել Զելենսկուն, թեպետ դեռ նրան փոխարինողի մասին նախնական պատկերացումներ եւ նախապատվություններ չունի, միաժամանակ հորդորելով երկիրն արյունահեղության մեջ ներքաշած, հարյուր հազարավոր մարդկանց զոհած, միլիոնավոր քաղաքացիների փախստական դարձրած, երկրի ահռելի մասը կորցրած, քաղաքներն ու բնակավայրերն ավերած Զելենսկուն՝ անհապաղ լքել երկիրը: Կարճ ասած, Զելենսկու գլխին «սեւ ամպեր են կուտակվել», որոնք գալիս են Սպիտակ տնից:

Ավելի պատկերավոր՝ «Զելենսկի, դու ազատված ես»-ի տրամաբանությունն է այլեւս գործում ամերիկա-ուկրաինական հարաբերություններում: Իսկ հիմա, ինչպես ասում են, «դառնանք մեր ոչխարներին»: Ժողովրդավարության մասին անընդհատ խոսող եւ երկիրն ու Արցախը Զելենսկուց ոչ պակաս վարի տված Փաշինյանը, ըստ ամենայնի, կարող է դառնալ Թրամփի հաջորդ թիրախը: Օրերս, կասկածելի նպատակով, կասկածելի կազմով եւ կասկածելի հանդիպման մասնակցած Փաշինյանը, որն ամերիկյան վոյաժի արանքում մի կերպ հաջողել էր ոտքի վրա հանդիպել եւ համատեղ լուսանկար «կորզել» ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեւիդ Վենսից, որը նաեւ եվրատլանտյան, արեւմտամետ քաղաքական կուրս է հռչակել Հայաստանի համար, ակնհայտ է՝ ոչ մի դրական ազդակ չի ստացել Սպիտակ տնից: Թրամփը, որքան էլ բացասական, հակասական եւ հաճախ անհասկանալի, այդուհանդերձ՝ շիտակ գործիչ է: Ինչպես Բայդենի եւ Զելենսկու պարագայում, Ուկրաինայի պատերազմի հետ «հաշիվները» փակելուց հետո նա կարող է ավելի ակտիվ զբաղվել մեր տարածաշրջանով եւ օրերից մի օր էլ ասել՝ «Փաշինյան, դու ազատվա՛ծ ես»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image