Քաղաքականություն

Պատերազմը շարունակվում է, ծանր տարի է սպասվում

Պատերազմը շարունակվում է, ծանր տարի է սպասվում

Ողջ աշխարհը քննարկում է Թրամփի ներկայացրած նոր պլանը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու մասին։ Այդ պլանով ԱՄՆ-ն ճանաչելու է ոչ միայն Դոնբասի ռուսական լինելը, այլեւ հարակից տարածքների, այսինքն՝  Ռուսաստանի վերահսկողության տակ է անցնելու Լյուքսեմբուրգի չափ տարածք: Քաղաքական մեկնաբաններն արդեն իսկ շտապում են այս պլանը պրոռուսական անվանել, իսկ Ուկրաինայի համար՝ կապիտուլյացիոն: Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ 28 կետով ներկայացված, այսպես կոչված, խաղաղության մակետը ենթակա է լրացման, քանի որ Թրամփն ամենօրյա ռեժիմով խոսում է նոր պահանջների, նոր պայմանների, ինչ-որ տեղ՝ նաեւ ուլտիմատային պահանջների մասին:

«Այդ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի մասին տեղեկատվությունը եղել է Զելենսկու՝ Անկարա այցի ֆոնին: Դոնալդ Թրամփն օրվա առաջին մասը նվիրում է՝ 28 կետանոց խաղաղության պայմանագրի տեքստ է գրում, որով, ըստ նրա, պատերազմը պետք է կանգ առնի, ժամեր են անցնում՝ հայտարարում է, որ Ուկրաինան անխուսափելիորեն կորցնելու է Դոնբասի մնացած հատվածը: Իրարամերժ հայտարարություններ են։ Նույն Թրամփը մեկ ժամ անց հայտարարում է՝ կարծում եմ, Ուկրաինան պետք է արագացնի խաղաղության պլանի վերաբերյալ որոշման հարցում, որովհետեւ ցուրտ ձմեռ է սպասվում, եթե Զելենսկուն դուր չի գալիս մեր խաղաղության պլանը, թող շարունակի կռվել: Ուլտիմատումային լեզու է»,- ասաց Կարապետյանը: Ըստ էության, Թրամփի համար գերխնդիր է, եւ իր պատկերացրած սցենարներով՝ վերջնարդյունքը կլինի այն, որ Դոնբասն ամբողջությամբ կռուսիֆիկացվի: Մի բան հստակ է, որ Թրամփն ուզում է իր խաղաղասիրության, կոնֆլիկտների հանգուցալուծման հարցում իր դերը պահպանել, խանդի տեսարաններ է նաեւ ցուցադրում, քանի որ խաղաղության պայմանագիրն ու խաղաղությունը հաստատվել են բացառապես պաշտոնական Վաշինգտոնի եւ իր մասնակցությամբ, ու այս ամենի ֆոնին դրանց թերահավատ է վերաբերվում Զելենսկին՝ Թուրքիա մեկնելով:

«Խանդի տեսարաններով են վերաբերվում այլ աշխարհաքաղաքական վայրում խաղաղության հաստատմանը: Հատկապես որ մի անգամ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ պաշտոնական Անկարան մի քանի անգամ, որպես հարթակ, առաջարկել է իր դերը ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման համար, բայց արի ու տես՝ դա նրանց մոտ չի ստացվել: Այսինքն, այս պարագայում նա կարծում է, որ եթե դու գնում ես այլ լիդերների դուռը, ուրեմն ինչ-որ տեղ արհամարհում ես իրեն կամ չեզոքացնում ես իր նախորդ առաջարկած տարբերակները, որովհետեւ անմիջապես դրանից հետո եղել է Դոնբասի մասով այդ ուլտիմատումային խոսույթը»,-ասաց Կարապետյանը։ Ուկրաինայում պայթած էներգետիկ ոլորտին վերաբերող կոռուպցիոն սկանդալը պատահական չեղավ, այն իրավիճակ փոխեց, եւ դա հենց այնպես չտարածվեց, որովհետեւ ստացվում է, որ Անդրեյ Գիրկաչը, որն Ուկրաինայի օրենսդիր մարմնի նախկին պատգամավոր է, ռուսական ՖՍԲ-ի աշխատակից է եւ տասնամյակներ աշխատել է ռուսական հատուկ ծառայությունների համար ու ինֆորմացիա տրամադրել հատկապես Ուկրաինայի ատոմային էներգետիկայի մասով՝ համոզված է միջազգայնագետը։ Այս սկանդալի, դրա քննարկումների ու դժգոհությունների, Թրամփի կողմից հնչեցված ուլտիմատումների ֆոնին Զելենսկին ստիպված եղավ ուղիղ տեքստով՝ մոտ տասը րոպե խոսել իր եւ Ուկրաինայի՝ բարդ ընտրության առաջ կանգնած լինելու մասին: Սակայն նա Ֆրանսիա է մեկնում պաշտոնական այցով, այնտեղ էլ այցի ընթացքում կնքվել է ինքնաթիռների, հրթիռների ու հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր: «Այս ամեն ինչը եւս մեսիջ է, որ պատերազմը շարունակվում է, անկախ բոլոր սցենարներից, անկախ բոլոր 28 կետերից, անկախ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի առաջարկած հարթակներից եւ տարբերակներից։ Ծանր տարի է սպասվում»,-ասաց Կարապետյանը։

Սակայն ռուսական կողմն էլ շեշտում է, որ պատրաստ է հակամարտության կարգավորման գործընթացին, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ Ուկրաինայում մարդիկ «ոսկե կճուճների» վրա են նստած, ու դժվար թե նրանց հուզի երկրի հետագա ճակատագիրը։ Միջազգայնագետը շեշտում է մի կարեւոր հանգամանք եւս. Ուկրաինային տրվող ռազմական օգնության գրեթե կեսը կրճատվել է, այսինքն՝ գրեթե ոչ մի երկիր, բացի Ֆրանսիայից, զենք, սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image